Ճեպազրույց վիրահատությունից առաջ…

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի բժիշկ, անոթային վիրաբույժ, բ/ծ կապիտան Արման Հակոբյան

Արման Հակոբյանը ծնվել է 1981 թվականին: 1999-2005 թվականներին սովորել է ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետում: 2005-2008 թվականներին կլինիկական օրդինատուրան անցել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում` անոթային վիրաբուժության բաժանմունքում, որից հետո ծառայել է հատուկ նշանակության զորքերում որպես բուժկետի պետ, ապա ծառայության անցել ՀՀ ՊՆ Կենտորնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքում: Որպես անոթային վիրաբույժ` Արման Հակոբյանը միակն է ` ՀՀ ԶՈւ-ում: Երբ որևէ հրատապ դեպք է լինում և անհապաղ վիրահատության անհրաժեշտություն, շտապ տեղափոխվում է դեպքի վայրին մոտ տեղակայված հոսպիտալ և տեղում կատարում վիրահատությունները:

Մեր զրույցը կարճ տևեց, քանի որ բժիշկը շտապում էր հերթական վիրահատությանը:

-Հիվանդը ունի ուժեղ արտահայտված երակային անբավարարության պատկեր (վարիկոզ). խրոնիկական տրոմբոֆլեբիտ` տրոֆիկ վերքով: Վիրահատությունից հետո պետք է վերքը ապաքինվի, արյան շրջանառությունը կարգավորվի և հնարավոր բարդություններից խուսափենք: Բարդ վիրահատական միջամտություն է, բայց հաջող կանցնի:

-Վերջին շրջանում ծանր դեպքեր եղ՞ել են…

– Օգոստոսյան լարված օրերին գործուղվել էի Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ: Այդ ընթացքում եղել են հրազենային վիրավորումներ:

-Որո՞նք են ամենից հաճախ հանդիպող հիվանդությունները…

-Ամենից հաճախ հանդիպող հիվանդություններից կառանձնացնեի վարիկոզը (երակների լայնացում) և անգեոտրոֆոննևրոզը (Ռեինոյի համախտանիշ):

– Խնդրում եմ պատմել նշված հիվանդությունների մասին: Ինչո՞վ է պայմանավորված hենց այս հիվանդությունների տարածված լինելը:

-Վարիկոզի պատճառը փականային անբավարարությունն է, երակների պատերի թուլությունը… իսկ ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ պայմանավորված` հիվանդությունը կարող է խորանալ: Ստորին վերջույթների երակների լայնացումը բերում է վերջույթների երակային անբավարարության և պատճառ է դառնում հետագա բարդությունների` տրոմբոֆլեբիտ, երակային տրոֆիկ խոցերի առաջացում, ցանավորում, ձևավորվում է ալերգիկ ֆոն, էկզեմա…

Իսկ Ռեինոյի համախտանիշը ժառանգական բնույթ ունի: Սովորաբար առողջ մարդկանց դեպքում արտաքին ազդակներից` ցրտից, անոթը կծկվում է, ապա արագ լուսանցքը լայնանում է, իսկ հիվանդության առկայության դեպքում այս գործընթացն ավելի երկար է տևում: Ցրտահարվելու հակումն ավելի մեծ է: Ի դեպ` հիվանդությունը ծխելու հետևանքով ավելի է խորանում:

-Այդ հիվանդությունները լիովին բուժել հնարավո՞ր է:

-Վարիկոզը սկզբնական շրջանում կարելի է բուժել դեղորայքային եղանակով: Իսկ երբ հիվանդությունը խորանում է, վերջնական բուժումը լինում է վիրահատական միջամտությամբ:

Իսկ Ռեինոյի համախտանիշը վերջնական բուժում չունի: Դեղորայքային բուժման արդյունքում որոշ ժամանակ վիճակը լավանում է, սակայն արտաքին ազդակների, կամ ծխելու պատճառով հիվանդությունը կարող է կրկին զարգանալ:

Հասմիկ Գյոզալյան