«Կարոտում եմ» պատերազմը… ինձ տղերքը կհասկանան

Երբ մտնում էի Զանգեզուրի կայազորային հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Գագիկ Աղվանի Մեսրոպյանի աշխատասենյակ, արդեն հասցրել էի տեղեկանալ, որ վաստակաշատ բժիշկն Արցախյան ազատամարտի մասնակից է…

Պատերազմը մոլեգնում էր: Բժիշկների կարիք կար.:

Գագիկ Մեսրոպյանն այն բժիշկներից է, ովքեր զինվորագրվեցին Արցախի ազատագրության պայքարին, շատ կյանքեր փրկեցին

Առաջնագծին մոտ տեղակայված բուժկետում ժամեր շարունակ առանց հանգստի բժիշկը ծանր վիրահատություններ էր կատարում… Վիրաբույժի ձեռքերը հրաշքներ էին գործում:

Զանգեզուրի կայազորային հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի հիմնադիրը՝ Գագիկ Մեսրոպյանը, այսօր էլ շարքում է:

Այսօր էլ շարունակում է կյանքեր փրկել, առողջություն պարգևել ու շարք վերադարձնել ազգային բանակի զինվորներին` միաժամանակ իր հարուստ փորձը փոխանցելով երիտասարդ բժիշկներին:

 

-Բժիշկ, ես նախքան մեր զրույցը շփվել եմ հիվանդների հետ, նրանք հիացմունքով էին պատմում հոսպիտալի ներքին կարգապահության մասին…Զինվորական բուժհիմնարկում որքանո՞վ է կարևոր կարգապահությունը…

– Զանգեզուրի կայազորային հոսպիտալի հիմնադիր – պետը բ/ծ գնդապետ Եփրեմ Գրիգորի Առուստամյանն էր, ով աֆղանական պատերազմ անցած, փորձառու զինվորական էր: Պահանջկոտ էր ու խիստ: Կարգապահությունը հոսպիտալի հիմնադրման առաջին իսկ օրվանից դարձավ աշխատաոճ: Նրա ուշադրության կենտրոնում էին հատկապես բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունները: Ժամանակի ընթացքում հիվանդներն էլ իրենց հերթին սկսեցին գիտակցել կարգապահության կարևորությունը… Հոպիտալը զորամաս է, պետք է ուղղորդվես զինվորական օրենքներով, կարգ ու կանոնով: Զինվորականների և քաղաքացիների հետ աշխատանքն իր առանձնահատկություններն ունի: Առաջինների նկատմամբ պահանջները, բնականաբար, ավելի մեծ են: նրանք զինվորական են և պիտի հավատարիմ մնան կանոնագրքի կանոններին: Երբեմն լինում են դեպքեր, երբ զինվորները, զորամասից գալով, հոսպիտալում իրենց ավելի ազատ են զգում, կամակորություններ են անում: Եթե աչք փակես փոքրիկ բացթողումների վրա, դրանք կարող են կուտակվել և մեծ խնդիր դառնալ: Այսինքն` մենք պատասխանատու ենք զինվորի ոչ միայն առողջության, այլև պահվածքի համար` որպես հրամանատար, ծնող և ավագ ընկեր: Շատ հաճախ ծնողներն իրենց գոհունակությունն են հայտնում այստեղ տիրող կարգապահության վերաբերյալ: Վստահեցնում են, որ հանգիստ են, քանի որ իրենց որդիները հուսալի ձեռքերում են:

-Ձեր բաժանմունքում և ընդհանրապես ամբողջ հոսպիտալում զինվորականներից բացի նաև քաղաքացիներ են բուժվում: Ի՞նչն է նախընտրության հիմքում:

 

– Հիմնական պատճառներից են մաքրությունը, մարդկային փոխհարաբերությունները, մասնագիտական կարողությունները: Մարդկանց հաճելի է բուժանձնակազմի բարյացակամությունը և հոգատարությունը: Հիվանդը զգում է և հավատում, որ անպայման կապաքինվի…

– Գիտեմ, որ պատերազմի մասին դժվար է խոսել… բայց նաև շրջանցել չեմ կարող:

– 1992 թվականն էր: Ես աշխատում էի Սիսիանի հիվանդանոցում. մանկական վիրաբույժ էի: Հիվանդանոցում ժողով էր հրավիրվել. առաջնագծում բժիշկների կարիք կար: Անկեղծ պիտի լինեմ` կային մարդիկ, ովքեր տատանվում էին, բայց ես արդեն որոշել էի: Վերջում էի նստած: Ձեռք բարձրացրեցի և ասացի` ես գնացի, ու դուրս եկա դահլիճից: Մի ժամից տղերքը պիտի մեկնեին: Քայլերս արագ ուղղեցի դեպի տուն, որ հնարավորինս շուտ իրերս հավաքեմ: Պետք է ասեմ, որ այդ ընթացքում հաճախ էի գնում Գորիս` վիրավորներին տեղափոխելու: Մորս հարցին, թե ուր եմ գնում, պատասխանեցի, որ կրկին գնում եմ Գորիս և օրվա վերջում կվերադառնամ: Շատ արագ ասացի ու դուրս եկա…

-Պատերազամը նաև դաս է, պատգամ, ծանր փորձառություն…

-… Հիշում եմ`1994 թվականն էր, մի քանի ժամով տուն էի եկել: Թերթերից մեկի թղթակիցը հյուր եկավ մեզ: Հարցրեց, թե ինչպես կռիվ գնալու որոշում կայացրեցի , արդյո՞ք հանուն հայրենիքի… Անկեղծ ասած` այդ պահին ավելի շատ մտածում էի ընկերներիս մասին: Եթե նրանք այնտեղ են, ես էլ պիտի այնտեղ լինեմ: Միասին լինենք, միասին կռվենք, միասին հաղթենք…

Գիտես, պատերազմի ընթացքում, երբ թեկուզ մի քանի օրով գալիս ես թիկունք, տեղդ չես գտնում: Փշերի վրա ես… Ես հիմա մի բան կասեմ, միգուցե ճիշտ չընկալվի. «Կարոտում եմ» պատերազմը … ինձ տղերքը կհասկանան: Տղերքով երբ հավաքվում ենք, զրուցում ենք անցած-գնացած օրերից, հիշում, պատմում, տխրում նաև ծիծաղում , բայց ուրիշների մոտ պատերազմի մասին չենք խոսում…: Ճիշտ է, պատերազմը դաս է, փորձություն, սակայն այդ ամենի համար շատ թանկ վճարեցինք:

-Ես հասկանում եմ..հիմա ժամանակները փոխվել են, դուք հին օրերի սերն ու մաքրությունն եք փնտրում…

 

-Մաքրություն կար… պատրաստ էիր քո կյանքը տալ ընկերոջդ կյանքի փոխարեն: Մարտի դաշտում հանդիպեցի ընկերոջս` ՊՆ կենտրոնական հոսպիտալի նախկին պետ Միքայել Միքայելյանին: Միասին էինք սովորել: Մեր հանդիպումը ֆիլմի էր նման: Ընդառաջ եկավ` զինվորական հագուստով, մորուքով: Ինքնաձիգն ու սանիտարական պայուսակը նետեց աջ ու ձախ, ողջագուրվեցինք: Զայրացավ` ի՞նչ գործ ունես այստեղ, և պատասխանիս չսպասելով` վարորդին հրահանգեց, թե բժշկին տար Գորիս: Սկսեցի հակաճառել, ասացի, որ եկել եմ գործ անելու… Ասաց` այստեղ մեռնում են, երկուսս էլ չընկնենք մարտում: Դու գնա, եթե ինձ հետ ինչ-որ բան լինի, հաստատ համոզված եմ` մեր տան դուռը կբացես: Իհարկե, զայրացա: Ասացի` եկել եմ, որ դժվարությունները կիսենք երկուսով: Բազմաթիվ էին դեպքերը, երբ մեկս մյուսի փոխարեն առաջինն էինք նետվում սանիտարական մեքենայի մեջ` խրամատից վիրավոր կամ դիակ դուրս բերելու, խնայելով միմյանց կյանքը:

-Ի՞նչ հետաքրքիր դեպք կհիշեք պատերազմի տարիներից…

-Կինս չգիտեր, որ ես մարտի դաշտում եմ: Հղի էր. թաքցրել էի…Այդ ժամանակ նա Ստեփանակերտում էր, մենք էլ Հորադիզի դիրքերում էինք, թեժ մարտեր էին ընթանում: Լրագրողներ էին եկել` մեր առօրյան նկարահանելու: Բնականաբար, տեսախցիկից խուսափեցի, որ հանկարծ կինս չտեսնի: Գնացի մեկուսի տեղ, մինչև նկարահանումները վերջացնեն: Որոշ ժամանակ անցավ, պատահաբար շրջվեցի՝ օպերատորը նկարահանում էր: Վազեցի հետևից… բացատրեցի, որ չեմ կարող կադրում երևալ: Նա անդրդվելի էր. ասաց` սա հոյակապ կադր էր, չեմ կարող «զոհել»: Մեքենան նստեցին, որ գնան… հիշեցի, որ հաջորդ օրը տղայիս ծննդյան օրն է և ես, հորադիզյան թեժ ռազմաճակատից շնորհավորեցի նրան:

… կինս պատմում էր, թե ինչպես են զանգահարել ու ասել, որ հեռուստացույցը միացնի: Լրանում էր տղայիս երկու տարին: Տեսնելով ինձ, կինս կանչել է երեխային, ցույց տվել՝ասելով հայրիկն է: Մինչև կողմնորոշվել է, թե որտեղ է հայրիկը և մատը պարզած վազել դեպի հեռուստացույցի էկրանը, կադրը արդեն փոխվել է (Ժպտում է):

-Բժիշկ, հավանաբար ծանր դեպքերը ևս շատ էին… թեև հասկանում եմ, որ դժվար է հիշել…

-Բնականաբար, այդպիսի դեպքերը շատ էին: Փետրվարի վերջն էր, Հորադիզում էինք: Սիսիանցի տղաներից 10-ից ավելի վիրավոր ունեինք և միաժամանակ բոլորին բերել էին բուժկետ: Տարբեր աստիճանի վիրավորումներ էին: Բացի վիրավորներից, որոնք ցավից գոռում էին և ամեն մեկը իր հերթին կանչում էր ինձ իր մոտ, թե փրկիր բժիշկ, այնտեղ էին նաև նրանց տեղափոխողները, ինչը խանգարող հանգամանք էր: Բուժկետը միանգամից մարդաշատ էր դարձել: Անասելի աղմուկ էր, քաշքշոց:. Ես էի և բուժքույրը` Նեկտարը: Նայեցի շուրջս, բոլորը ինձ են կանչում: Կանգնել էի այլայլված: Փորձում էի կողմնորոշվել, թե ում պետք է մոտենամ առաջինը: Չափազանց դժվար և պատասխանատու պահ էր: Յուրաքանչյուր վայրկյանը թանկ էր: Եթե սխալ որոշում կայացնեի, հետևանքները կարող էին անդառնալի լինել: 10-11 վիրավոր: Հանկարծ նկատեցի մեր հրամանատարներից Ալբերտ Քարամյանին: Պառկած էր` աչքերը բաց: Չէր կանչում, չէր գանգատվում ցավից: Շոկ. վայրկյանի արագությամբ անցավ մտքովս և շտապ մոտեցա նրան: Ցավազրկողներ, հակաշոկային, սրտային պրեպարատներ… Շոկից դուրս եկավ, ճնշումը կարգավորվեց: Ապա հերթով մոտեցա բոլոր հիվանդներին: Փառք Աստծո, ոչ մեկին չկորցրինք:

-Անչափ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, ես ամբողջ օրը Ձեզ կլսեի…

-Ես էլ եմ շնորհակալ…

Հասմիկ Գյոզալյան