Արագ կողմնորոշվելը արհեստավարժության չափանիշ է զիվորական բժշկի համար

Զրույց Լուսակերտի ուսումնական զորամասի բուժծառայության պետ, մայոր Նաիրա Քերոբյանի հետ

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, աշխատել է Աբովյանի կենտրոնական հիվանդանոցում որպես անզգայացման-վերակենդանացման բաժանմունքի պետ, ՀՀ ՊՆ ԿԿԶՀ –ում որպես անզգայաբան-վերակենդանացնող: Շուրջ տասը տարի ծառայում է Լուսակերտի ուսումնական զորամասում:

-Այս մասնաշենք վեց տարի առաջ ենք տեղափոխվել, մինչ այդ դիմացի մասնաշենքի կիսանկուղային հարկում էր բուժկետը: Այստեղ հիմնովին վերանորոգեցին, կահավորեցին, տեղափոխվեցինք այստեղ:Բոլոր սենյակներն ունեն ախտահանման կվարցային համակարգեր, ունենք երկու վիրակապարան, հիվանդասենյակները շատ են: Տեսնում եք, մեզ մոտ ամեն ինչ բարեկարգ է ու մաքուր:

-Վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ զորամասերում ենք եղել. բոլոր տեղերում է այսպես՝ վերանորոգված, կահավորված…

– Ճիշտ եք, վերջին տարիների ընթացքում բարեփոխումներ իրականացրել են բոլոր զորամասերում, զորամասային բուժծառայության օղակը նույնպես ուշադրության կենտրոնում է: Բայց մեր զորամասում մոխրագույն տեսա՞ք, չեք տեսնի… ,- ասաց տիկին Քերոբյանը՝ երևի, այնուամենայնիվ, փորձելով համոզել, որ իրենցն ուրիշ է….-Պատերը ներկելու համար պայծառ գույներ եմ ընտրում: Երկու տարի առաջ մի զինվոր ունեինք, պառկած էր մեկուսարանում, իր հիվանդասենյակի պատին հիանալի տեսարան էր նկարել: Ճիշտ է, տարին երկու անգամ բուժկետը վերանորոգվում է, բայց այդ նկարը մինչև այսօր պահպանել ենք… Ինքներդ կտեսնեք…

-Կարելի՞ է զորամասի պատերին նկարել:

-Իսկ ո՞վ ասաց, որ չի կարելի: Ո՞վ ասաց, որ բանակում ամեն ինչ գորշ պիտի լինի՝ նկարներ, պայծառ գույներ պիտի չլինեն: Միջանցքում տեսա՞ք՝ ինչ գեղեցիկ ծաղիկներ ունեմ, սենյակներում էլ կան, թռչուններ ունենք: Փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի հիվանդ զինծառայողի համար բուժկետը հաճելի միջավայր լինի, ինչու ոչ, նաև մեզ համար… Մենք բուժկետում ավելի շատ ենք լինում, քան մեր տանը. ամսվա ընթացքում տասը հերթապահություն ունենք, շաբաթվա վեց օրը մեզ համար աշխատանքային է, աշխատանքը ավարտում ենք երեկոյան՝ 19.00, մինչև հասնում ենք տուն (Երևանում ենք ապրում), պատկերացնո՞ւմ եք՝ ժամը քանիսն է լինում… Իսկ մենք կին ենք և տանն էլ պարտականություններ ունենք… Տանն էլ մեզ սպասում են…

Մարինա Քերոբյանի աշխատասենյակի առջև նստած էին երկու հիվանդ զինծառայողներ… Զորամասային օղակի բուժծառայությունը առանձնահատուկ է. զինվորին ամենամոտ կանգնած բժշկական օղակն է և մեծ դեր ունի հիվանդության արագ բացահայտման, բուժման, զինվորի առողջության պահպանման հարցում:

Ձե՞զ են սպասում:

-Նրանց կենտրոնական հոսպիտալ պիտի տանենք՝ բուժզննում պիտի անցնեն: Լրացուցիչ հետազոտություններ են պետք: Զորամասի բուժկետում ռենտգեն և ուլտրաձայնային հետազոտություն կատարող սարքավորումներ չունենք: Մեր բուժկետում ունենք սրտի ԷՍԳ, ատամնաբուժական ծառայություններ իրականացնելու համար ռենտգեն ապարատ, APEX լոկատոր՝ ատամի արմատի երկարությունը չափելու համար, ատամի լուսային լիցք կատարելու սարք: Ատամնաբուժական ծառայության իրականացումը կարևոր է զորամասային օղակում. սարքերը տրամադրված են, անհրաժեշտ դեղամիջոցներ ստանում ենք, ատամնաբույժ ունենք: Լաբորատոր հետազոտություններ մեր բուժկետում նույնպես չեն արվում. երբեմն բժշկական թեստերիզներ ենք օգտագործում՝ հիմնականում արյան մեջ ինսուլինի պարունակության չափը որոշելու համար, և պիտի ասեմ, որ տարիներ առաջ հենց այս թեստերիզների շնորհիվ մի զինծառայողի մոտ շաքարային դիաբետ հայտնաբերեցինք… Բայց ես ուզում եմ հատուկ նշել, որ եթե զորամասային օղակը արագ չարձագանքի զինվորի գանգատներին, որոշ հիվանդություններ կարող են անդառնալի հետևանք ունենալ: Մեր՝ զորամասային բուժծառայության մեջ առաջնայինը արագ կողմնորոշվելու ընդունակությունն է. արագ կողմնորոշվելը, արագ բուժօգնություն կազմակերպելը արհետավարժության չափանիշ է զիվորական բժշկի համար:

-Ի՞նչ այլ առանձնահատկություններ ունի զորամասային բուժծառայությունը:

-…Կեղծ հիվանդներին իսկական հիվանդներից տարբերելը…

-Հաճա՞խ են «խորամանկում»:

-Լինում են դեպքեր… Հիմնականում զորակոչին հաջորդող օրերի ընթացքում… երբ նոր միջավայրին դեռևս չեն ընտելացել, նոր կանոններին չեն հարմարվել, փորձում են խուսափելու տարբերակներ գտնել… Շատ կարևոր է հասկանալ, թե ում ինչպես պիտի մոտենաս, ում հետ ինչպես պիտի խոսես:

Մեր զորամասը ուսումնական է, մեզ մոտ բերում են այն զինծառայողներին, որոնք հետագայում հրամանատար պիտի դառնան:

– Հրամանատար դառնալու համար բարձրագույն կրթությունը նախապայմա՞ն է…

-Նախկինում՝ այո, բայց այսօր՝ ոչ. ուսանողներն են շատ, առաջին, երկրորդ կուրսից զորակոչվում են բանակ: Զորակոչված երիտասարդները մեզ մոտ ուսումնառության հատուկ ծրագիր են անցնում, մեր զորամասում զինծառայողները ամբողջ օրը զբաղված են: Հատուկ ուշադրության կենտրոնում է մաթեմատիկան, առանց մաթեմատիկական հաշվարկների հրետանու գործողությունները կազմակերպել անհնար է : Շախմատի, մարզական, իրավագիտական, նկարչական խմբակներ ունենք, Ուրախների և հնարամիտների ակումբ… Տոնական օրերին նրանք են կազմակերպում միջոցառումները. երգում են, պարում…. Մեր զորամասի հրամանատական կազմը ամեն ինչ անում է զինվորի զբաղվածությունը ապահովելու, նրան հիմնավոր գիտելիքներ տալու համար համար: Գիտեք՝ ինչու եմ պատմում այս ամենը…որովհետը մարդու ֆիզիկական առողջությունը կապված է նրա հոգեկան վիճակի հետ: Լիարյուն կյանքով ապրող, գործունյա, ինպես նաև իր ազատ ժամանակը ճիշտ և լիարժեք օգտագործող զինվորը ավելի բարձր իմունիտետ ունի և ավելի ուշ է հիվանդանում….

Էդիտա Մելքոնյան