Հրամանը կատարված էր

Ուղղաթիռի վթարից անցել են տարիներ, սակայն ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում այսօր էլ հիշում են Տիգրան Հովեսյանին, գործընկերները պատմում են նրա մասին, և հասկանում ես, որ «պատմությունը աаվարտվում է» այն ժամանակ, երբ մարդկանց չեն ուզում հիշել… կամ չեն հիշում… Տիգրանի մասին հիշողությունները անթիվ են…

Այս հանդիպմանը սպասում էի վաղուց… Ուզում էի տեսնել այն «հաղթանակներին», որոնք մայիսի 9-ին՝ ողբերգական վթարից ամիսներ անց, լույս աշխարհ եկան՝ ասելու, որ կյանքը շարունակվում է… Անդառնալի կորուստից հետո միակ մխիթարությունը նրանք էին՝ Ժաննան, Տիգրանը, Լիլիթը, որոնց շուրջ հավաքվեցին Տիգրանի հարազատները, ընկերները, նրանցով ուրախացան ու հաղթեցին ցավին…

Տիգրանի կրտսեր դստերը՝ Լիլիթին, բակում հանդիպեցի, շտապում էր պարապմունքի, ուզում է բժշկական համալսարան ընդունվել, սրտաբան դառնալ: Տիգրանի եղբայրը՝ Հրանտը, բակում մեզ տեսնելով, հեռվից բարևեց: Աննան՝ Տիգրանի կինը, պատմեց նրա մասին.

-Երբ տղաներին հողին հանձնեցինք, մարդիկ քայլեցին դեպի մեքենաները, Հրանտը դեռ կանգնած էր եղբոր շիրիմի մոտ… Նրանից հեռու չէի… Լսեցի՝ ինչպես շնջաց՝ այսուհետև երեխաներիդ համար եմ ապրելու… Չի ամուսնացել… Նա էլ Արցախյան պատերազմի մասնակից է, ծանր բեկորային վիրավորումից հրաշքով են փրկել, այսօր էլ 16 բեկոր կա նրա կրծքավանդակի մեջ…

Միասին տուն բարձրացանք… Երբ մտանք հյուրասենյակ, Աննան ասաց.

-Ծանոթացեք, Տիգրանի մայրն է՝ «անուղղելի» հայրենասեր: Ուսումնական գծով իմ տեղակալն է, իմ անփոխարինելի օգնականը: Հինգ տարեկանից երեխաներս դպրոց են գնացել տատիկի ձեռքը բռնած. ավագ դստերս ուսուցչուհին է եղել, զույգերիս՝ դասղեկը… Հայոց լեզվի և հայ գրականության մասնագետ է, երկար տարիներ աշխատել է Գայի, Սիլվա Կապուտիկյանի անվան դպրոցներում, Ֆրանսիական համալսարանում է դասավանդել, բազմաթիվ պատվոգրերի, կոչումների արժանացել ՝ տարվա լավագույն ուսուցչուհի, ՀՀ վաստակավոր ուսուցչուհի… Իսկ Տիգրանի հայրը… երկու ամիս առաջ է մահացել. ճարտարապետ էր՝ ազնիվ, համեստ մտավորական, հիսուն տարի աշխատել է Մերգելյանի անվան գիտահետազոտական ինստիտուտում:

Ննջասենյակից դուրս եկավ Տիգրանի որդին՝ Տիգրանը, հետո ավագ դուստրը՝ Ժաննան… Կյանքը շարունակվում է… Տիգրանի կյանքը շարունակվում է նրանց մեջ: Մոտեցան, գրկեցին ինձ, կարծես վաղուց իրար գիտեինք… Ժաննան ուսանող է, գերազանց առաջադիմությամբ սովորում է ԵՊՀ-ի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի մագիստրատուրայում: Տիգրանը պարում է «Էլենը և երեխաները» համույթում, սովորում է ավագ դպրոցում:

-Աղջիկները որդուս նման նպատակասլաց են, գրքասեր, Տիգրանը նրա աչքերն ու ժպիտն ունի, հոր նման զգայուն է, բարի,- թոռնիկների մասին պատմում է տիկին Ժաննան:

-Բայց ոչ մեկը չի կարող Տիգրանի տեղը լրացնել,-ասում է Աննան,- ես նրան ինձանից շատ եմ սիրել ու սիրում եմ ու կսիրեմ…

Նայում էի Տիգրանի նկարին ու փորձում յուրաքանչյուրի մեջ Տիգրանից մի մասնիկ գտնել…

-Տիգրանը ապրիլի 7-ին ծնվեց, այդ օրը Զատիկ էր… Իր հասակակիցներից շատ էր տարբերվում, խելացի աչքեր ուներ, զուսպ էր, համեստ: Հինգ տարեկանից որդուս դպրոց տարա, բարձր դասարաններում նրա ուսուցչուհին եմ եղել, նա ինձ համար աշակերտ էր ոչ միայն դպրոցում, տանն էլ ամեն վայրկյան սովորեցնում էի…,-պատմում է մայրը: -Տիգրանը դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է բժշկական ինստիտուտ. 1987-ին, դեռևս ուսանող, մեկնում պարտադիր զինվորական ծառայության՝ նախ Մոսկվա, ապա Մոլդովայի Կատովսկ քաղաք: Զորամասում նրան նշանակում են որպես բուժակի սանհրահանգիչ, գերազանց ծառայության համար պարգևատրում՝ ընդունելով կոմունիստական կուսակցության շարքերը: Արցախյան պատերազմը արդեն սկսվել էր: Գնում էի բոլոր թերթերը, ուղարկում Տիգրանին, որպեսզի որդիս կարդար, հասկանար՝ ինչ է Հայաստանում կատարվում: 1989-ին որդիս, կուսակցական դարձած, վերադարձավ ծառայությունից և ժամանակ չկորցնելով՝ հանձնեց կուսակցականի քարտը ու ընկերոջ հետ մեկնեց Երասխավան… Նա մարտի դաշտից դուրս էր բերում վիրավորներին, առաջին բուժօգնություն ցույց տալիս նրանց: Երբ ամուսինս գնացել էր Երասխավան, տեսել էր որդուն՝ վիրավորների տարհանման ծանր պայուսակը ուսին գցած… Վերադարձել էր տուն, ինձ էր փորձում հանգստացնել, բայց ես հասկանում էի՝ ինչ էր նրա սրտում կատարվում, ու լռում էի… Երկուսս էլ գիտակցում էինք, որ պատերազմ է, ու մեր որդիները պիտի կռվեն… Միայն այդպես կհաղթեինք թշնամուն…

1991-ին Տիգրանը ընկերների հետ մեկնում է Ստեփանակերտ, հասնում են ուշ երեկոյան՝ պարեկային ժամին, նրանց ձերբակալում են: Եղբայրս ՝ Ռազմիկը Պետրոսյանը, կարողանում է ազատել տղաներին, բայց մի պայմանով՝ երիտասարդները պիտի վերադառնային Երևան… «Կվերադառնան, բայց ոչ հիմա»,- պատասխանում է Ռազմիկը ու նրանց տանում Մարտունու շրջան՝ Կաղարծի գյուղ, տեղի հիվանդանոցում բուժծառայողներ էին պետք… Ադրբեջանական Ղարադաղլու գյուղի կողմից Կաղարծին պարբերաբար գնդակոծվում էր: Եղբայրս տղաներին զգուշացնում է՝ ջահել եք, տաքգլուխ բաներ չանեք, զինվորականներ կան, նրանք գիտեն՝ երբ ու ինչպես հակառակորդին կլռեցնեն…

Տիգրանի համար երկու եղբայրներս՝ Ռազմիկը և Վալերին, ավագ ընկեր են եղել: Ռազմիկ Պետրոսյանը Գերագույն խորհրդի պատգամավոր էր, Արցախյան պատերազմի ղեկավարներից,1990-ին բանտարկվել էր ԽՍՀՄ-ի ամենադաժան բանտերից մեկում, ամիսներ անց արդարացվել, վերադարձել Արցախ ու իր ջոկատով մասնակցել մարտական գործողություններին: Մյուս եղբայրս՝Վալերի Պետրոսյանը, Գալինա Ստարովոյտովայի օգնականն էր, «ПроАрмения» հանդեսի աշխատակազմի անդամներից. նա մասնակցում էր տեղեկատվական պատերազմին, որը այդ օրերին նույնպես կարևոր էր: Այն ժամանակ էլ հաջողությունների չհասնելով մարտի դաշտում՝ հակառակորդը մեզ համար քստմնելի պայքար էր սկսում տեղեկատվության ոլորտում. ադրբեջանցիները գնդակոծում էին Կաղարծին, բայց Գերագույն խորհրդի նիստում նրանց պատգամավորը, ի լուր աշխարհի, հայտարարում էր, որ հայերն են իրենց խաղաղ գյուղերը գնդակոծում…

Տիգրանը երեք ամիս մնում է այդ գյուղում, հետո վերադառնում Երևան, հանձնում ավարտական քննությունները, ընդունվում ԵՊԲԻ ինտերնատուրա և 1993 թ. օգոստոսի 3-ին նորից մեկնում Ստեփանակերտ՝ կենտրոնական հիվանդանոց, որտեղ աշխատում է անզգայացման բաժանմունքում որպես օրդինատոր: Նրան և մի քանի բժիշկների գործուղում են Հադրութ, ապա Ջաբրաիլ:

Ես հիշեցի՝ ինչպես էր տիկին Զինան՝ ՊՆ ԿԿԶՀ հոսպիտալի վնասվածքաբանության բաժանմունքի ավագ բուժքույրը, պատմում Տիգրանի մասին. նա էլ այդ օրերին Հադրութի հոսպիտալում էր եղել. «Մի օր ասացին՝ Ստեփանակերտից անզգայաբան-վերակենդանացնող են ուղարկել: Հետաքրքրվեցի, թե ով է. պարզվեց՝ երիտասարդ, ինստիտուտը նորավարտ տղա է… Երևանից… Վախեցա, մտածեցի, տեր Աստված, կկարողանա՞ աշխատել… Առաջին օրը վիրաբույժների հետ լուռ ու մունջ մտավ վիրահատարան, ամեն ինչ այնքան կազմակերպված ու հանգիստ արեց, որ ամբողջ բուժանձնակազմը սիրեց, վստահեց նրան… Ես հպարտ էի, որ Երևանից եկած երիտասարդը այդքան բանիմաց էր ու կայացած տղամարդու նման զուսպ, համեստ»:

Աննան, կարծես վերապրելով այդ տարիները, շարունակեց.

– Բայց մենք արդեն գտել էինք իրար… 1992 թվականն էր, գերազանց առաջադիմությամբ ավարտել էի բժշկական ուսումնարանը, և քանի որ այդ տարի չկարողացա մեկնել Լենինգրադ՝ ուսումս շարունակելու, որպես բուժքույր ընդունվեցի Երևանի 3-րդ՝ Պռոշյանի շտապօգնության հիվանդանոց: Կիրակի էր, երբ առաջին անգամ Տիգրանը եկավ մեզ մոտ, ամբողջ գիշեր նույն բաժանմունքում հերթապահեցինք: Առավոտյան նա շուտ պիտի գնար, ինստիտուտում դասեր ուներ: Եկավ բուժքույրերի սենյակ, զուսպ հարգանքով հրաժեշտ տվեց ու փակեց դուռը… Ինձ թվաց, որ գնացել է… Րոպե չէր անցել, դուռը նորից բացվեց, Տիգրանն էր, նայեց ինձ ու ասաց՝ կկարոտեմ Ձեզ… Այդ հայացքը, անկեղծությունը գերեցին ինձ… 1994-ի օգոստոսին ամուսնացանք և միասին մեկնեցինք Ստեփանակերտ: Զինադադարը արդեն կնքվել էր. ծանր հետպատերազմական շրջան էր, բայց դրանք մեր կյանքի ամենաջերմ տարիներն էին: Ես տեսնում էի Տիգրանի մարդասիրությունը, հայրենապաշտությունը… Քայլող բարություն էր: Միջին բուժանձնակազմի հետ շփվում էր ինչպես հավասարը հավասարի հետ, սովորեցնում էր, օգնում… Ինձ էլ էր սովորեցնում, բայց այնքան նրբանկատորեն, որ հանկարծ չզգամ, որ սովորեցնում է… Երբ ազատ ժամանակ էր ունենում, կարդում էր: Միասին խաչբառ էինք լուծում: Բացիկների, ձայնասկավառակների հավաքածու ուներ. այդ ամենը՝ որպես մասունք, մինչև օրս պահում ենք…

1995-ին ծնվեց մեր առաջնեկը, Տիգրանը վերադարձավ Երևան (ես Ստեփանակերտից մինչև աղջկաս ծնվելն էի տեղափոխվել): Կարճ ժամանակ աշխատեց Մալաթիա բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, հետո իր կամքով տեղափոխվեց ՊՆ կենտրոնական կայազորային հոսպիտալ և ծառայեց որպես անզգայացման բաժանմունքի օրդինատոր: Նա սիրում էր իր մասնագիտությունը և հպարտությամբ ասում էր՝ թերապևտը չի կարող որպես անզգայաբան-վերակենդանացնող աշխատել, բայց մենք նրանց գործը կարող ենք անել:

– Դա ինքնանվիրումի ճանապարհ էր,- ասաց տիկին Ժաննան:- Վթարի օրը՝ հունվարի 19-ին, նա հերթապահության էր. գիշերը երեք ծանր վիրահատություն էր ունեցել: Առավոտյան, երբ ավարտել են երրորդ վիրահատությունը, ուժ չի ունեցել տուն գալու, գնացել է իր սենյակ, նստել բազմոցին ու քնել… Նրան արթնացրել են՝ վեր կաց, Իվանիչի հետ Ստեփանակերտ եք գնում, ուղղաթիռի մեջ կքնես… Ոչ մի խոսք չի ասել, լուռ հագնվել է ու բաժանմունքից դուրս եկել… Օդանավակայանից զանգեց, ասաց, որ գնում են ու շուտ վերադառնան… Մենք սպասում էինք նրան, ինչպես ամեն անգամ, երբ գնում էր գործուղման… Ուղղաթիռի օդաչուն՝ Խաչատուրովը, որ հայտնի էր որպես Дед авиации, իր գործին անթերի էր տիրապետում, թռիչքից առաջ զգուշացնում է, որ նման եղանակային պայմաններում օդ բարձրանալ նշանակում է գիտակցելով մահվան գնալ… Բայց թռիչքի հրաման կար…

Ուղղաթիռի մեջ երեք զինվորական բժիշկներ էին՝ Սերգեյ Հարությունյանը, Կարո Հեբոյանը, Տիգրան Հովեսյանը, և ուղղաթիռի անձնակազմը՝ օդաչուներ Բորիս Խաչատուրովը, Գուրգեն Կիրակոսյանը, Արթուր Հայրապետյանը… Ուղղաթիռը օդ բարձրացավ… Հրամանը կատարված էր…

Էդիտա Մելքոնյան