Վստահում եմ զինվորական բժիշկներին

Զանգեզուրի կայազորային հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքում շրջելուց հետո հերթական անգամ ծեծում եմ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Գագիկ Մեսրոպյանի աշխատասենյակի դուռը:

Ապագա սանհրահանգիչները լսում են բժշկի խորհուրդները: Քննության են նախապատրաստվում:

Զրուցում եմ բժշկի հարցերին պատասխանելիս իր ակտիվությամբ աչքի ընկած զինծառայողի հետ:

Շարքային Անդրանիկ Ալեքսանյանը ծառայում է մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում: Սովորել է Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ-ում, երրորդ կուրսից զորակոչվել ազգային բանակ:

«Սանհրահանգիչի աշխատանքը կարևոր է այնքանով, որ կարող եմ օգնել ինձ նման զինվորներին: Նաև պատասխանատու աշխատանք է: Մենք հիմնականում օգնելու ենք բժշկին` թե զորամասում, թե մարտական հենակետերում»,-պատմում է զրուցակիցս:

Հարցիս, թե պատրաստ է արդյոք նման պատասխանատու աշխատանք կատարել, զինվորը պատասխանեց, որ պատասխանատվության չափը գիտակցել է այն պահից, երբ որոշել է ընտրել բժշկի մասագիտությունը:

Շարքային Անդրանիկ Ալեքսանյանը մի քանի անգամ մարտական հերթապահություն է անցկացրել և նշում է, որ մարտական հենակետում ավելի գիտակցված է ծառայութունը:

***

Բաժանմունք այցելության ժամանակ հանդիպեցի ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գոռ Ամիրյանին և Խաչիկ Շահինյանին: Տղաները մի քանի օր առաջ էին վիրահատվել և արդեն ապաքինման փուլում էին: Երկուսն էլ ծառայում են նույն զորամասում և գրեթե միաժամանակ են զորակոչվել:

Գոռը պատմում է, որ պոչուկի կիստա է ունեցել: Երբ սկսել է անհագստացնել, դիմել է զորամասի բժիշկներին, ապա տեղափոխվել է հոսպիտալ:

«Վիրահատությունից հետո արդեն մի քանի օր է անցել, Կարողանում եմ քայլել: Տրամադրությունս բարձր է` նաև բժիշկների վերաբերմունքի շնորհիվ: Ուզում եմ շեշտել, որ թե մեր զորամասի, թե հոսպիտալի բժիշկները մարդկային են և հարազատի նման են վերաբերվել ինձ… »:

Խաչիկը ձախակողմյան վարիկոցելեի վիրահատության է ենթարկվել: Իր առողջական խնդրի մասին իմացել է նախազորակոչային տարիքում, երբ առաջին անգամ բուժզննում է անցել:

«Ժամանակ առ ժամանակ անհանգստանցնում էր: Դիմեցի բուժկետ: Առաջին անգամ երբ եկա հոսպիտալ, նաև թոքաբորբ ունեի, մեկ ամիս բուժվեցի, ապա վերադարձա զորամաս: Երկու ամիս անց կրկին դիմեցի բուժկետ և տեղափոխվեցի հոսպիտալ` արդեն վիրահատվելու համար: Այժմ լավ եմ զգում, արդեն քայլում եմ»:

***

Բաժանմունքում վիրահատված քաղաքացիներից զրուցեցի Սիսիանի բնակիչ 62 ամյա Վասյա Խաչատրյանի հետ.

Զրուցակիացս սիրով անկեղծացավ, թե ինչու է նախընտրել զինվորական հոսպիտալը.

«Ինձ համար շատ կարևոր է կարգապահությունը: Այս առումով՝ զինվորական հոսպիտալը չի կարելի համեմատել քաղաքացիական հիվանդանոցների հետ: Ավելի շատ վստահում եմ հենց զինվորական բժիշկներին, քանի որ ավելի հմուտ են: Այստեղ ընդգծված մարդկային վերաբերմունքի եմ արժանացել: Լեղապարկս են վիրահատել: Մի քանի օր է` գալիս եմ, վիրակապը փոխում են: Ամեն օր ինձ սիրով դիմավորում և ճանապարհում են»:

***

Բուժանձնակազմի աշխատանքի լավագույն գնահատանքը, թերևս, զինվորականների և քաղաքացիների երախտագիտության ջերմ խոսքերն են, զորացրված զինվորների հաճախակի այցելությունները հոսպիտալ…

Հասմիկ Գյոզալյան

  • 1
  • 2
  • 3