Բժշկական ծառայության հայ երախտավորները Խորհրդային բանակի գլխավոր նյարդախտաբանը

Ս. Կարճիկյանի ծննդյան 125-ամյակին

Զինվորական բժշկագիտության երախտաշատ մեծերից էր բուժծառայության գեներալ-մայոր Ստեփան Հովհաննեսի Կարճիկյանը: Սկսած 1948 թվականից՝ նա երկար տարիներ Խորհրդային բանակի գլխավոր նյարդախտաբանն էր (նևրոպաթոլոգը):

Ստեփան Կարճիկյանը ծնվել է 1890 թ. Էջմիածնում: Տասներկու տարեկան հասակում տեղափոխվել է Պետերբուրգ: 1914 թ. ավարտել է գիմնազիան, 1915 թ.՝ ռազմաբժշկական ակադեմիան: 1915-1918 թթ. ռազմաբժշկական տարբեր հաստատություններում աշխատել է որպես նյարդահոգեբույժ, 1918 թվականից Լենինգրադի ռազմաբժշկական ակադեմիայի նյարդային հիվանդությունների ամբիոնում՝ օրդինատորից հասնելով ամբիոնի պետի պաշտոնին:

1922 թ. պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան՝ «Մկանների մեխանիկական գրգռվածությունը, նրա էությունն ու կլինիկական նշանակությունը» թեմայով, նրան շնորհվել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 1938 թ. նրան շնորվելէ բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան՝ «Դեմքի սուբկորտիկալ ռեֆլեքսները, նրանց կենսաբանական էությունը և կլինիկական նշանակությունը» թեմայով դիսերտացիայի համար: 1939 թ. նա արժանացել է նաև պրոֆեսորի կոչման:

Ստեփան Կարճիկյանը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, սպիտակ ֆինների դեմ մղված կռիվներին և Հայրենական մեծ պատերազմին:

Առաջին աշխարհամարտի ժամանակ նա բուժող բժիշկ էր, իսկ սպիտակ ֆինների դեմ մղված կռիվներում՝ ռազմաճակատի 50-րդ էվակուացիոն կայանի գլխավոր նյարդախտաբանն էր և միաժամանակ գլխավորում էր ռազմաճակատի բուժսպասարկման գործը:

Անուրանալի, անգնահատելի են հատկապես Հայրենական մեծ պատերազմի տարիներին նրա մատուցած ծառայությունները:

…1941 թ. ահասարսուռ օրերին նշանակվելով Լենինգրադի գլխավոր նյարդախտաբան՝ նա հմտորեն կազմակերպեց վիրավորներին և հատկապես նյարդային համակարգը խախտված մարտիկներին բուժօգնություն ցուցաբերելու գործը:

… 1948 թ. Կարճիկյանը նշանակվում է Խորհրդային բանակի գլխավոր նյարդախտաբան, և դա պատահական չէր: Դեռևս ռազմաբժշկական ակադեմիայում ուսանելու ժամանակ նա աշակերտել էր աշխարհահռչակ նյարդախտաբան, հոգեբույժ Վ. Բեխտերևին, աշխատել նրա ղեկավարությամբ՝ դառնալով նրա արժանի հետևորդներից մեկը:

Ստեփան Կարճիկյանը ոչ միայն հայտնի գիտագործնական բժիշկ էր և ռազմաբժշկական աշխատանքի հմուտ կազմակերպիչ, այլև մտավոր մեծ ներուժ ունեցող գիտնական: Նա հեղինակ էր ավելի քան 60 աշխատությունների, որոնց մեծ մասը նոր խոսք էր բժշկագիտության, հատկապես ռազմաբժշկագիտության մեջ:

Հայրենական մեծ պատերազմից առաջ բժիշկ-գիտնականի գրած աշխատությունների մեջ զգալի տեղ են գրավում նյարդային հիվանդությունների բուժմանը առնչվող աշխատությունները: Դրանցից առաջնային են ռազմական նյարդախտաբանությանը, հատկապես կենտրոնական ու ծայրամասային նյարդային համակարգի վնասվածքների հարցերին վերաբերող աշխատությունները, «Նյարդախտաբանական օգնության կազմակերպման հիմնական հարցերը» խորագրով ուսումնասիրությունները:

Պրոֆեսոր Կարճիկյանը մանրակրկիտ մշակել է ռազմական բժշկության համար կարևորագույն՝ գլխուղեղի վնասվածքների բուժման հիմնահարցերը, առաջադրել դրանց դասակարգումը, որը ընդունվել էր Խորհրդային բանակի բուժական հաստատություններում:

Նա մեծ ուշադրություն է դարձրել նաև նյարդային բազմաթիվ խանգարումների խնդիրներին և Ի. Պավլովի ուսմունքի հիման վրա տվել դրանց նպատակահարմար տարբերակումը:

Հետպատերազմական շրջանում Ստեփան Կարճիկյանը ձեռնամուխ է լինում արյունատար անոթներին առնչվող հիվանդությունների ուսումնասիրմանը:

Նա կլինիցիստ-նյարդախտաբանի մեծ փորձ ուներ, նյարդային համակարգի խանգարումների, նևրոզների, էպիլեպսիայի և նմանտիպ այլ հիվանդությունների բուժման խոշոր մասնագետ էր: Ավելին, նա ոչ միայն կլինիցիստ-գիտնական էր, այլև ռազմաբժշկական ակադեմիայի հիանալի դասախոս, որը կարողանում էր ամենաբարդ հարցերը մատուցել պարզ և մատչելի եղանակով: Նրա մշակած մի շարք մեթոդական ձեռնարկներ, աշխատություններ, ինչպես նաև Վ. Տյան-Շանսկայայի հետ համահեղինակած «Նյարդային համակարգի անատոմիական-ֆիզիոլոգիական տեսությունը և տիպիկ դիագնոստիկայի հիմունքները» դասագիրքը լայնորեն օգտագործվել և օգտագործվում են ռազմաբժշկական ակադեմիայի ունկնդիրների և զինվորական բժիշկների կողմից:

Պրոֆեսոր Ստեփան Կարճիկյանի գրչին են պատկանում նաև «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում խորհրդային բժշկության փորձը» 26-հատորյակի շատ բաժիններ:

Խորհրդային կառավարությունը բարձր է գնահատել նրա ծառայությունները բանակում: 1948 թ. նրան շնորհվել է բժշկական ծառայության գեներալ-մայորի կոչում: Նա պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի երկու շքանշաններով և այլ մեդալներով:

Ստեփան Հովհաննեսի Կարճիկյանը վախճանվել է 1965 թվականին:

Պատրաստեց Վ. Ալավերդյանը