Սրտացավ վերաբերմունքը` կարևոր սկզբունք

Երեք անգամ անընդմեջ ՀՀ Զինված ուժերում լավագույնի կոչմանն արժանացած Զանգեզուրի կայազորային հոսպիտալում առաջինը հյուրընկալվեցինք վիրաբուժական բաժանմունքում:
Բուժհաստատության ամենակարևոր ու առանցքային բաժանմունքներից մեկը համարվող վիրաբուժական բաժանմունքն արդեն 20-ամյա պատմություն ունի և կայացման լուրջ ճանապարհ է անցել:
Մասնագիտական բարձր որակի, գիտելիքների շնորհիվ բուժանձնակազմն արժանիորեն վաստակել է ոչ միայն զինվորականների, այլև քաղաքացիական բնակչության վստահությունն ու հավատը:
Այստեղ անմիջապես աչքի է զարնվում բացառիկ կարգապահությունը, խստությունը, մաքրությունը…

Բաժանմունքի հիմնադիր-պետը Արցախյան ազատամարտի մասնակից, փորձառու բժիշկ, բուժծառայության մայոր Գագիկ Մեսրոպյանն է, ում կողմից սկիզբ դրված ավանդույթներին հավատարիմ` արդեն 2 տասնամյակ ծառայում է բաժանմունքի անձնակազմը: Հիվանդի նկատմամբ սրտացավ վերաբերմունքն այստեղ ամենակարևոր սկզբունքներից է:
1995-ի փետրվարի 15-ից, երբ Զանգեզուրի կայազորային հոսպիտալը սկսեց ընդունել առաջին հիվանդներին, բաժանմունքները դեռևս ձևավորված ու հստակ տարանջատված չէին: Պատերազմի բովով անցած բժշկին բաժանմունքի ձևավորման հարցում ամենքից շատ օգնեց… մայրը: Նա երկար տարիներ աշխատել էր Սիսիանի հիվանդանոցում որպես բուժքույր և հարուստ փորձ ուներ :
Ժամանակի ընթացքում բաժանմունքը սկսեց համալրվել նոր մասնագետներով: Զորակոչվում էին երկտարեցի բժիշկներ, մայրաքաղաքից մասնագետներ էին հրավիրվում:
1997 թվականից այս բաժանմունքում է իր ծառայությունը սկսել հոսպիտալի ներկայիս պետ, բ/ծ փոխգնդապետ Դանիել Մկրտչյանը:

«Մեր հոսպիտալին սպասարկման մեծ տարածք է կցված, և դրա հետ կապված ծանրաբեռնվածությունը շատ է: Եթե նախկինում որոշ պաթոլոգիաների դեպքում հիվանդները ուղեգրվում էին կենտրոնական հոսպիտալ, որոնց բուժման համար նեղ մասնագետներ էին անհրաժեշտ, ապա հիմա դրա կարիքը շատ քիչ է զգացվում, քանի որ ներկայումս գրեթե համալրվել ենք բժիշկ-մասնագետներով: Իհարկե որոշ մասնագետների կարիք դեռ զգացվում է… »,- պատմում է Գագիկ Մեսրոպյանը:

Բաժանմունքի ավագ օրդինատորն է բ/ծ կապիտան Արամ Սահակյանը, օրդինատորներ` բ/ծ մայոր Գարիկ Սարգսյանը և բ/ծ կապիտան Կարեն Գրիգորյանը:

Խոսելով հիվանդությունների մասին` Գագիկ Մեսրոպյանը նշում է, որ վնասվածքները զգալիորեն նվազել են: Աչքի հիվանդությունները՝ նույնպես: Համեմատաբար շատ են քիթ-կոկորդ-ականջի բորբոքային հիվանդությունները:

Բժիշկը նկատում է, որ այսօրվա երիտասարդությունը ֆիզիկապես թույլ է և անմիջապես նշում նաև պատճառները.

« Այսօրվա երիտասարդների մեծ մասը ֆիզիկապես պասիվ կյանք է վարում. ֆիզկուլտուրա առարկան չեն սիրում, սպորտային պարապմունքների քիչ են հաճախում: Կարևոր են նաև սնվելու ռեժիմը, սննդի որակը: … քնին ևս պատշաճ ուշադրություն չեն դարձնում: Ինտերնետ, հեռախոս…. կարող են ամբողջ օրը անշարժ նստել, ծխախոտով ու սուրճով իրենց խաբել: Այսինքն` ամեն ինչ անում են, որ օրգանիզմը հիվանդանա: Ծառայության անցնելուց հետո կտրուկ իրավիճակային փոփոխութուններով պայմանավորված (ջերմաստիճանի տատանում, ֆիզիկական, հոգեբանական փոփոխություններ)` օրգանիզմը չի դիմանում, և հիվանդություններն սկսում են գլուխ բարձրացնել»:

Հասմիկ Գյոզալյան

  • 1
  • 2
  • 3