Հատվածներ «Ես վիրաբույժ եմ» վիպակից

 «Արմենիա» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժության բաժանմունքի վարիչ, բժշկագիտության թեկնածու, դոցենտ, Արցախյան ազատամարտի մասնակից-վիրաբույժ

Դավիթ Պատրիկյան

Տեղ հասան: Մեքենան կանգնեց հոսպիտալի բակում: Այնտեղ տիրող իրարանցումը մեկ անգամից թույլ չտվեց ճշտորեն գնահատել իրավիճակը: Հատկապես, որ նրանց մոտեցավ հոսպիտալի պետը, տեղում արագ ծանոթացավ համալրած սպաներին:

-Քիչ են, շատ քիչ: Ես խնդրել էի տասը բժիշկ, այն էլ միայն վիրաբույժներ, իսկ նրանք ուղարկել են երկու վիրաբույժ եւ երկու թերապեւտ: Ի՛նչ պիտի անենք:

-Չկա՛ն, ընկե՛ր փոխգնդապետ, չկա՛ն. ասացին՝ հետո էլի կուղարկենք,- ավելացրեց մայորը:

Հոսպիտալում տեղ չկար, բոլոր սենյակները զբաղված էին, նույնիսկ բժիշկները գրագրությունը կատարում էին միջանցքում դրված սեղանների վրա, կամ ծնկներին դրված տախտակների վրա: Դաշտային խոհանոցում ճաշեցին ու եկան հոսպիտալ:

-Լեյտենա՛նտ Ադամյան, արագ վիրասրահ,- հենց ոտք դրեց հոսպիտալ, լսվեց հրամանատարի հրամանը:

Արագ քայլերով վազեց վիրասրահ:

-Մայրի՛կ ջան, հրաշալի անձ, վսեմ, գեղեցիկ, անզուգական, այդ ինչպես ես կանխատեսել ու ճամպրուկում բոլոր իրերի հետ տեղավորել քո իսկ ձեռքերով կարված վիրաբուժական արտահագուստներս, որոնք այնքան ուժ պիտի ներարկեին ինձ` մշտապես զգալ տալու համար քո անմիջական մոտիկությունը, քո աղոթքը, քո հովանին, քո սերը, քո ջերմությունը:

Թևի տակ պահած վիրաբուժական արտահագուստը՝ ներխուժեց վիրասրահ:

-Արագ մոտեցե՛ք երկրորդ վիրասեղանին եւ վիրահատե’ք հիվանդին: Պերիտոնիտ, հրազենային վիրավորման հետեւանքով: Մեկ օր առաջ վիրահատել են, սակայն հիմա վիճակը ծանր է, եւ կրկնակի վիրահատության անհրաժեշտություն կա: Հայտնի չէ, կարերի անկայունություն է, թե ներքին օրգանների ինչ- որ վնասվածք, որը չի վերացված: Նախավիրահատարանում կարող ես փոխվել:

Վիրասրահում ընթանում էր մի քանի վիրահատություն: Ամենքը զբաղված էին: Քչերն ուշադրություն դարձրին, թե ով ներս մտավ, ով դուրս եկավ: Նախավիրահատարանի սենյակներից մեկում արագ հանվեց: Պատուհանի մոտ երկու կանայք ագահորեն ծխում էին, անգամ ուշադրություն չդարձրին իր վրա: Նրանցից մեկը վեր բարձրացրեց փեշը եւ երկար գուլպայի արանքից՝ ազդրի մոտ, հանեց մի շիշ ու ընկերուհու հետ ագահորեն խմեցին, դատարկեցին դրա պարունակությունը: Զարմացած աչքերով նայեց նրանց, բայց ինչ գործ ունի… Արագ փոխվեց ու վիրասրահ: Մշակեց ձեռքերն ու մտավ ներս: Հագավ խալաթը, ձեռնոցները: Մոտեցավ հիվանդին: Արդեն վիրահատված է, այսինքն կա նախնական հետվիրահատական վերք: Ներքին հրահանգները հուշում էին նրան՝ պետք է սկսել վիրահատական դաշտը մշակելով, սավաններով այն ծածկելով: Աչքերն ընկան բուժքրոջ վրա, նրանց հայացքները հանդիպեցին: Կարդաց .«Ինչ երիտասարդ է, գլուխ կհա՞նի»: Ինքը կարդաց. «Չի վստահում, բայց ես պիտի հաղթեմ, եթե պարտվեմ, ուրեմն կլինի վերջ»: Մշակեց, ծածկեց, մկրատ ու անատոմիական պինցետ խնդրեց: Ձայնը վստահ էր, սակայն կերկերուն: Հատիկ- հատիկ հանեց նախապես դրված կարերը, զգուշորեն բացազատեց հյուսվածքները: Մի քանի տեղից նկատվող արյունահոսող անոթների վրա արյունականգ սեղմիչներ դրեց: Հանեց նաեւ ջլոնն ու մկանային շերտերը միացնող կարերը: Հասավ որովայնամզին ու բացեց որովայնի խոռոչը: Փքված ու բորբոքված աղիներն ու մեծ ճարպոնը «ընդառաջ» եկան: Աստիճանաբար ավելանում էր վստահությունը, ինքն անընդհատ մտքում կրկնում ու կանխորոշում էր իր հաջորդ քայլը, կշռադատում ու հետո կատարում: Մեկ առ մեկ առանձնացնում էր աղիները, կատարում բոլոր հատվածների մանրազնին հետազոտություն: Ահա, բարակ աղու այն տեղամասը, որը հավանաբար չի նկատվել առաջին վիրահատության ժամանակ, կամ մակերեսային վնասվածքը հետագայում ավելի խորացել է: Նա հանգիստ վերցրեց տվյալ հատվածը, մասնահատեց այն, ու շատ հանգիստ բերանակցեց աղիների ծայրերը` դրանց վրա երկշերտ ամուր կարեր դնելով: Այնուհետեւ մաքրեց որովայնի խոռոչի մնացած մասերում կուտակված թարախը նույնպես, դրենավորեց այն ու առանց շտապելու վերականգնեց հյուսվածքների ամբողջականությունը: Վիրահատության ամբողջ ընթացքին հետեւող քույրը հիացական ժպիտով պարգեւատրեց նրա նորամուտը: Վիրակապը դնելուց հետո ուզում էր դուրս գալ.

-Լեյտենատ Ադամյա’ն, երկրորդ վիրասրահ…

Եվ այսպես շարունակ: Մեկ վիրահատությունից հետո մյուսը, որովայնահատումից հետո, վերքի առաջնային վիրաբուժական մշակում, թորակոտոմիայից հետո անդամահատում, գիպսակապեր, տարբեր տեսակի վիրակապություններ: Աշխատանք՝ անընդհատ, անվերջանալի…

………………

Կես քուն, կես արթուն՝ ձայներ լսեց: Ու զսպանակի նման վեր թռավ: Վեր թռավ ու կարծես մեկ անգամից հայտնվեց բաժանմունքի վիրակապարանում: Սեղանի վրա պառկած վիրավորը տնքում էր, գալարվում որովայնի շրջանի ցավերից: Զննեց ու նկատեց այն միջանցիկ վերքը, որն անցնում էր որովայնի աջ կեսով ու դուրս եկել հարողնաշարային շրջանում: Պետք էր արագ վիրահատություն: Առանց վարանելու քույրերի հետ վիրավորին տեղափոխեց վիրասրահ՝ ճանապարհին հրահանգելով, որ արթնացնեն նաեւ անեսթեզիոլոգին: Քիչ հետո սկսվեց վիրահատությունը: Նշտարի անզուգական խաղը սկսվեց, այն փայլում ու պար էր գալիս վիրաբույժի ձեռքին: Նշտարին միանում էր մկրատը, պինցետով զգուշորեն անջատում էր հյուսվածքները, արյունականգ սեղմիչներով խնամքով դադարեցնում յուրաքանչյուր արյունահոսություն: Ձեռքի գեղեցիկ շարժումով կապ էր դնում հյուսվածքներից առանձնացված արյունահոսող անոթների վրա, աղիների պատի վրա հայտնաբերված յուրաքանչյուր թերույթ վերացնում էր ասեղնագործ կարվածքով ու խնամքով բոլոր գալարները տեղավորում իրենց բնականոն դիրքում: Ձեռքի տակ ընկած ամեն փոփոխության վրա ուշի-ուշով հետեւում էր, վերացնում դավաճան գնդակի առաջացրած ախտը: Այնպես էր վիրահատում, այնպես էր ղեկավարում ամբողջ անսամբլը, ինչպես հրաշալի դիրիժորը հսկայական օրկեստրը: Հնչյուններն արձակվում էին համահունչ, անզուգական, տեղին, նպատակադրված: Ոչ մի շարժում չէր արվում հենց այնպես, յուրաքանչյուրն էլ հաշվարկված էր, անզուգական: Բոլոր խոցերը վերացվեցին, բոլոր հյուսվածքներն ստացան իրենց նախնական տեսքն ու ընդունեցին բնականոն դիրքը: Ահա եւ չարագործ փամփուշտը. այն նույնպես հեռացվեց: Վիրահատությունն ավարտվեց: Բոլորի ճակատից հոսում էր առատ, քաղցրավուն քրտինք, իրենց ծանր աշխատանքն ամբողջացնող քաղցր, առատ քրտինք…

-Թեյ կխմե՞ս, բժիշկ,- մատների վրա դանդաղ քայլերով մոտեցավ ու հարցրեց սանիտարուհին:

-Կխմեմ, անպայման կխմեմ,- ու մինչեւ սանիտարուհին կմոտենար, ծանրացած կոպերը հպվեցին իրար, ու նա քնեց…

Առավոտյան վեր թռավ տեղից ու անհամբեր վազեց դեպի վիրահատված հիվանդը, դեպի վիրահատված հիվանդները: Ջերմությունն իջել է, որովայնի պատը լարված չէ, պուլսը հանդարտ է, լեցունությունը՝ պահպանված, շնչառությունը համաչափ է, դրենաժներից եկող արտադրությունը պակասել է… Դե փառք Աստծո, հազար փառք…

………….

-Կանչում են վիրասրահ, բժի’շկ,- տագնապահար ձայն էր տալիս բուժքույրը:

Դուրս եկավ…

-Բժիշկ հասիր…զինվորը…

-Զինվորը, ի՞նչ…

Վազեվազ հասավ… Ընդհատվող շնչառություն: Ծայրամասում պուլսը թելանման, զարկերակային ճնշումը չի որոշվում: Կանգ մի առ ժամանակ… Նրան էլ ՄԱՅՐ է սպասում… Արհեստական շնչառություն, սրտի արհեստական մերսում…

-Արագ ադրենալին, արագ ադրենալին հավաքեք… սրտի մեջ…

Արհեստական մերսում:

-Պուլս չկա, բժի’շկ, զարկերակային արյան ճնշումը չի որոշվում: Բժի’շկ…

Բուժքրոջ տագնապալի աչքերը սառեցին բժշկի հայացքի վրա՝ որսալու համար գոնե հուսադրող ինչ- որ մի բան: Պաղատանք հայցող այդ հայացքը հետ փախավ՝ կործանվելով բժշկի անհուն վիշտ պարունակող անդնդախոր հոգու խորության մեջ: Այս ի՞նչ կատարվեց: Մի՞թե կյանքն այդքան կարճ է:

-Այդպես չի լինում, այդպես չպետք է լինի…,- բղավում էր հոգին: Ինքը նամակ չի գրի: Այստեղ կյանքը մեկ պատահական փամփուշտից է կախված: Իսկ դրանք շատ-շատ են…