«Անոթազարկ»

«Թող հայ զինվորի անոթազարկը միշտ լինի կայուն, չընդհատվող, հզորությամբ լեցուն…»

Զանգեզուրի կայազորային հոսպիտալի տաքուկ հարկի ներքո յուրօրինակ նախաձեռնությունների պակաս երբեք չի զգացվում: 2014 թվականի օգոստոսից հոսպիտալը հրատարակում է «Անոթազարկ» պաշտոնաթերթը, որն իր էջերում պատմում է բուժանձնակազմի կողմից ժամանակ առ ժամանակ կազմակերպվող գեղեցիկ միջոցառումների, բաժանմունքների աշխատանքի, հետաքրքիր իրադարձությունների մասին` այսպիսով նաև դառնալով հոսպիտալի պատմության մասը:

Թերթի խմբագիրը ինֆեկցիոն բաժանմունքի օրդինատոր, բուժծառայության կապիտան Արմինե Մամիկոնյանն է:

««Թող հայ զինվորի անոթազարկը միշտ լինի կայուն, չընդհատվող, հզորությամբ լեցուն…» այս խոսքերն ընտրել ենք որպես խորագիր: «Անոթազարկ» թերթն

առողջ մարդու զարկերակի նման միշտ պիտի լինի կայուն, չընդհատվող… տեղին, ժամանակին արձագանքի, ներկայացնի, պարզաբանի մեր մտքերը»,- ասում է թերթի խմբագիրը և հավելում.

«Մեր թերթը նաև հայտնաբերում է ստեղծագործող մարդկանց: Վերջին շրջանում զինվորներից մեկը, իմանալով, որ թերթ է հրատարակվում, հարցրեց` կարո՞ղ է արդյոք բանաստեղծություն գրել և մի հարաշալի բանաստեղծություն բերեց: Ունենք ստեղծագործող զինվորներ, որոնց գործերը ևս սիրով տպագրում ենք: Թերթն իր էջերից «շնորհավորում է» բոլոր հոբելյարներին, ներկայացնում հոսպիտալի բաժանմունքները, անձնակազմի անձնվեր աշխատանքը: Ոչ ոք չպիտի մնա ստվերում, քանի որ այստեղ յուրաքանչյուրը` թե´ բժիշկները, թե´ բուժքույրերը, թե´ մայրապետերը հսկայական ներդրում ունեն: Բոլորի աշխատանքը չափազանց կարևոր է: Լուսաբանվում են հոսպիտալում կազմակերպվող բոլոր միջոցառումները. Գեղեցիկի կողքով անտարբեր չենք անցնում, և բոլոր նախաձեռնություններն արձագանք են գտնում մեր էջերում: Թերթն ունի «Հավերժ հիշատակ» խորագիրը, որի ներքո ներկայացվում են Արցախյան ազատամարտի հերոսները»:

«Անոթազարկ»-ի հրատարակման աշխատանքներն իրականացվում են անձնակազմի ուժերով: Փոքրիկ, բայց կուռ և համերաշխ թիմ է ձևավորվել: Համակարգչային ձևավորումն իրականացնում են Կադրերի և շարային մասի պետ, ենթասպա Հասմիկ Բաբաջանյանը, շարքային Արամ Ավետիսյանը, ովքեր նաև հոդվածների հեղինակ են, ենթասպա Նառա Մարկոսյանը:

Թերթը հրաշալի հարթակ է ստեղծագործողների համար:

Անզգայացման-վերակենդանացման բաժանմունքի քույր-անեսթեզիստ Հասմիկ Ղուկասյանի բանաստեղծություններից մեկը տեղ է գտել «Անոթազարկ»-ի էջերում:

Ծնունդով Սիսիանից է: Եղբայրը մասնակցել է Արցախյան ազատամարտին:

Պատերազմի տարիներին` 1993-ից, Հասմիկ Ղուկասյանն աշխատել է Սիսիանի հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում, մարտի դաշտից բերված վիրավորներին օգնություն ցուցաբերել: 2005 թվականից ծառայության է անցել Զանգեզուրի կայազորային հոսպիտալում, 2008-ից` անզգայացման-վերակենդանացման բաժանմունքում:

Ստեղծագործել սկսել է դեռ դպրոցական տարիներից, սակայն թաքցրել է.

«Բանաստեղծություններս ծնվում են հուզմունքից, ներշնչանքից: Ինքս շատ տպավորվող եմ: Ինձ համար ներշնչանքի աղբյուր կարող են լինել անգամ մեր հիվանդները…»,-պատմում է Հասմիկ Ղուկասյանը:

Ստեղծագործում է սիրային, հայրենասիրական թեմաներով, ունի նաև բանաստեղծություններ` նվիրված հոսպիտալին:

Հասմիկ Ղուկասյանի երկու որդիներից մեկը ծառայում է ազգային բանակում.

«Վստահ եմ, որ որդիս բարեխիղճ զինվոր կլինի և հպարտությամբ կծառայի:

Ցանկանում եմ, որ բոլոր զինվորներն առողջ լինեն, միայն այդ դեպքում մեր հայրենիքը պաշտպանված կլինի»:

Ժամկետային զինծառայող, շարքային Արամ Ավետիսյանը ևս փորձում է իր կարողությունները ներդնել թերթի հրատարակման աշխատանքներում:

Արամն 8 տարեկանից խաղացել է Չարենցավանի շրջիկ թատրոնում: Ինչպես ինքն է պատմում, նախ ներկայացումներին գնում էր որպես հանդիսատես, սակայն թատրոնն այնքան էր հետաքրքրում, որ սկսեց ներկա լինել անգամ փորձերին: Որոշ ժամանակ անց նաև ինքը սկսեց կերպարներ մարմնավորել: Ապա հետաքրքությունն աճեց հեռուստատեսության նկատմամբ, ուժերը փորձեց նաև այդ ասպարեզում. եղել է «կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ադմինիստրատորը: Արամը օգնում է թե՛ համակարգչային ձևավորման հարցում, թե´ հոդվածներ է գրում:

Զրույցի ժամանակ պարզեցի, որ հենց առաջին պահին հոսպիտալում ուշադրությունս գրաված յուրահատուկ պատի թերթի հեղինակը ևս Արամն է: Այն կոչվում է մոխրաման, ներկայացնում է ծխելու վնասակար ազդեցությունն օրգանիզմի համար…

Ի դեպ պարզվեց, որ շատերի ուշադրությունն է գրավել յուրօրինակ լուծումներով պատի թերթը.

«Հոսպիտալ այցելած ոստիկանը հետաքրքրվել էր, թե ով է պատրաստել մոխրամանը: Ինձ կանչեցին, պատմեցի, թե ինչպես եմ աշխատել: Հարցրեց, թե այսքան երկար աշխատելու ընթացքում որքա՞ն եմ ծխել: Հիշեցի, որ երեք ժամ աշխատել էի, գրել ծխելու վնասակարության մասին, իսկ վերջում նկատել, որ մոխրամանս լցվել է (Ծիծաղում է) ,- ինքնաքննադատաբար պատմեց Արամը` խոստանալով չծխել:

Նախքան Ժամկետային զինծառայող, շարքային Վահե Հակոբյանին հանդիպելը, կարդացել էի նրա հեղինակած գեղեցիկ բանաստեղծությունը, տպավորվել…

Վահեն սկսել է ստեղծագործել 15 տարեկանից:

«Բանաստեղծություններիցս մեկը գրել եմ հենց հոսպիտալում: Հիմնականում սիրային են, ունեմ նաև հայրենասիրական, բանակին նվիրված գործեր, բայց բոլորի մեջ սեր կա…»: (ժպտում է)

-Սիրու՞մ ես…,– անմիջապես հետաքրքրվում եմ:

-Չէ, սիրահարված եմ,- ուղղում է զինվորը: ((Չբացատրելով սիրելու և սիրահարված լինելու տարբերությունը)

Ժպտում ենք…

Սիրով ներկայացնում ենք շարքային Վահե Հակոբյանի` հոսպիտալում գրած բանաստեղծությունը.

Բարև, սիրունս, կարոտել եմ քեզ,

Ուզում եմ հասնել, գրկել խենթի պես,

Չեմ տեսել արդեն մեկ տարի ես քեզ,

Որքան դեռ պիտի դիմանամ այսպես:

Ես դեռ հույս ունեմ, որ կհանդիպենք,

Որ կգրկես ինձ առանց սպասելու,

Այդժամ մենք նորից ուրախ կլինենք,

Եվ սիրո խոսքեր կասենք մեկմեկու:

Զինվորդ հիմա պարտք է կատարում,

Իր հայրենիքի սահմանն է պահում,

Անհագ կարոտով ու սիրով լեցուն,

Միշտ իր հրաշքի համար աղոթում:

Ես ունեմ մի կյանք ու մի հայրնեիք,

Մի մեծ սրբություն, մի սուրբ ընտանիք,

Կծառայեմ ես փառքով ու պատվով,

Որ լինեք հպարտ միշտ ձեր զինվորով:

Շարքային Վահե Հակոբյան

Հասմիկ Գյոզալյան

  • 2
  • 3
  • 1
  • glxavor