Երբ հոգատարությունը մասնագիտական պարտք է…

 

Զրույց Զանգեզուրի կայազորային հոսպիտալի ինֆեկցիոն բաժանմունքի օրդինատոր, բուժծառայության կապիտան Արմինե Մամիկոնյանի հետ:

 

-Բժշկուհի, Ձեր ամուսինը ևս բժիշկ է, զավակները նույնպես ընտրել են ծնողների ճանապարհը… Ինչպիսի՞ն է այն ընտանքիը, որտեղ բոլորը բժիշկներ են: Հետաքրքիր է` երեկոյան թեյի սեղանի շուրջ ի՞նչ թեմաներով եք զրուցում…

 

-Այո, ամուսինս բժիշկ է, մասնակցել է Արցախյան ազատամարտին: Ես ծնվել եմ Սիսիանում, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Երևանի պետական բժշկական ինստիտուտ: Այդ տարիներին էլ ծանոթացել եմ ապագա ամուսնուս հետ. միասին էինք սովորում: Ամուսնությունից հետո Երևանում մեկ տարի աշխատել ենք, ապա 1990-ականներին, երբ արդեն Արցախյան շարժումն սկսվել էր, գործուղվել սահամանամերձ շրջան` Սիսիան: Ես աշխատել եմ որպես մանկաբույժ-սոնոգրաֆիստ, ամուսինս` մանկակական բաժնի վարիչ: Զուգահեռ դասավանդել եմ նաև քոլեջում: 2001 թվականից ծառայության եմ անցել Զանգեզուրի կայազորային հոսպիտալում:

Տանն ամենից շատ զրուցում ենք բժշկական թեմաներով… հաճախ այս կամ այն հարցի շուրջ բանավիճում ենք, միասին մասնագիտական գրքեր ենք փորփրում, համացանցում հետաքրքիր տեղակատվություն փնտրում, քննարկում բժշկությանն առնչվող ուշագրավ դեպքերը…

– Ինչու՞ Ձեր երեխաները ևս ընտրեցին բժշկի մասնագիտությունը: Ինչո՞ վ գրավեց ծնողների ընտրած ճանապարհը: Արդյո՞ ք Ձեր խորհրդով, թե՞ իրենց ցանկությունն էր:

 

– Դեռ փոքր տարիքից երեխաներս լսում էին ծնողների ամենօրյա քննարկումները, զրույցները, բանավեճերը… Դեռ այդ տարիքից նրանք գիտեին, որ եթե հարևանը կամ հարազատն օգնության կարիք ունի, անմիջապես պետք է հասնել և օգնություն ցուցաբերել… երեխաներս այդ մթնոլորտում էին մեծանում … Կարծում եմ` նախևառաջ մարդուն օգտակար լինելու. հասնելու, բուժելու ձգտումը նրանց մեջ ցանկություն առաջացրեց ընտրելու բժշկի մասնագիտությունը: Անընդհատ` թե՛ տանը, թե՛ աշխատավայրում տեսնելով ծնողների աշխատանքը` նրանց մեջ հետաքրքրություն ձևավորվեց բժշկի մասնագիտության նկատմամբ: Իհարկե, կա նաև գենետիկ տրամադրվածություն: Ես որպես մայր իրենց միշտ հիշեցրել եմ, որ եթե ցանկանում են բժիշկ դառնալ, պիտի գիտակցեն բոլոր դժվարություններն ու հսկայական պատասխանատվությունը, պատրաստ լինեն միշտ ձգտել ավելիին, գիտելիքները կատարելագործել, հավատարիմ լինել Հիպոկրատի երդմանը. թեպետ դա պետք է ի վերուստ լինի մարդու էության մեջ…

Աղջիկս FLEX ծրագրով սովորել է ԱՄՆ-ում: Վերադառնալուց հետո սկզբում ցանկանում էր պլաստիկ վիրաբույժ դառնալ: Սակայն ընտրեց գինեկոլոգի մասնագիտությունը: ԵՊԲՀ-ն ավարտելուց հետո այժմ արդեն կլինիկական օրդինատուրա է անցնում` գինեկոլոգիա մասնագիտությամբ, զուգահեռ սովորում է նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանի հանրային առողջապահություն-կառավարում ֆակուլտետում:

Որդիս դպրոցի ավարտական դասարանում շարադրություն էր գրել` «Եթե ոչ ես, ապա ով» թեմայով և ՀՀ նախագահի կողմից պարգևի էր արժանացել: Շարադրությունից մի նախադասություն է տպավորվել. «Ես ուզում եմ դառնալ հանրապետության լավագույն մասնագետներից մեկը, որպեսզի կարողանամ լավագույնս ծառայել իմ ժողովրդին, իմ ապագա խնդիրն է բուժել մարդկանց, երբեմն անհնարինը հնարավոր դարձնել, երկարացնել հիվանդի կյանքը, նրան ազատել տառապանքներից և արժանապատիվ կյանքի վերադարձնել»: Սա 4 տարի առաջ էր: Որդիս արդեն հպարտությամբ ծառայել է ՊԲ-ում, մեդալներ ու շնորհակալագրեր է ստացել, այժմ էլ ուսումը շարունակում է ԵՊԲՀ ստոմատոլոգիայի ֆակուլտետի երրորդ կուրսում:

– Իսկ հիմա անցնենք ավելի գործնական զրույցի: Երբ մտա բաժանմունք, որպես լրագրող զննեցի շուրջս և նկատեցի, որ այն վերանորոգման կարիք ունի…

– Այո, մեր բաժանմունքը խիստ վերանորոգման անհրաժեշտություն ունի: Պաշտպանության նախարարն անձամբ է այցելել և ծանոթացել իրավիճակին: Լավ նորություններ ունենք. գարնանը կսկսվեն վերանորոգման աշխատանքները: Անհրաժեշտությունն, իսկապես մեծ է, քանի որ զինվորն ինքն էլ ցանկանում է ավելի կոկիկ պայմաններում բուժվել: Հաշվի առնելով, որ պայմանները տրամադրող չեն, մենք փորձել ենք անել առավելագույնը, որ մեր հիվանդներն իրենց լավ զգան և շրջապատված լինեն հոգատարությամբ ու ջերմությամբ:

– Հետաքրքիր է` ինֆեկցիոն ի՞նչ հիվանդություններով են ամենից հաճախ հոսպիտալացվում ժամկետային զինծառայողները:

 

– Մեր բաժանմունքում հոսպիտալացվում են հիմնականում սուր շնչառական հիվանդություններով, իսկ ամառային սեզոնին` երբեմն աղիքային ինֆեկցիաներով հիվանդ զինվորները:

-Տարիների ընթացքում ի՞նչ է փոխվել:

-Զինվորական բժշկությունը մեր հանրապետությունում հսկայական առաջընթաց ունի` նաև բանակում հիվանդությունների նվազման առումով: Հատկապես համաբանակային ֆլյուրոգրաֆիկ հետազոտությունների և կանխարգելիչ պատվաստումների արդյունքում ինֆեկցիոն հիվանդությունները նվազել են: Այսօր ամենատարածվածը սուր շնչառական վարակներն են, որոնցից երբեմն հնարավոր չէ խուսափել: Այնուամենայնիվ, ամեն ինչ արվում է, որպեսզի մեծ բռնկումներ չլինեն:

-Հիվանդությունների ո՞ր փուլում են զինվորները տեղափոխում հոսպիտալային օղակ:

-Քաղաքացիական կյանքում շատ հաճախ գրիպը բուժվում է տնային պայմաններում: Եթե իհարկե ծանր կամ միջին ծանրության չէ: Տարիներ առաջ այս հիվանդությունները բուժվում էին բուժկետում: Վերջին տարիներին, սակայն, սուր շնչառական վարակների նկատմամբ ուշադրությունը չափազանց մեծ է: Ջերմող հիվանդները տեղափոխվում են հոսպիտալ, որտեղ կատարվում են բոլոր անհրաժեշտ հետոզոտությունները, կարիքի դեպքում` շտապ հոսպիտալացվում են:

– Ե՞րբ եք վերջին անգամ վերապատրաստվել: Խոսենք դրա անհրաժեշտության մասին:

-Վերջին անգամ վերապատրաստվել եմ 2010 թվականին: Վերապատրաստման կարևորությունը չափազանց մեծ է: 4-5 տարին բավական երկար ժամանակահատված է. բժշկությունը մեծ արագությամբ է զարգանում և փոփոխությունները շատ են: Հոկտեմբերին կայացած «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով գիտաժողովը արդյունավետ էր այս առումով: Կարևորում եմ նաև «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ գործունեությունը: Մենք` զինվորական բժիշկներս, վերջապես կկարողանանք մեր խնդիրները լսելի դարձնել, քննարկել բարձր մակարդակով: Կարևորում եմ հետաքրքիր քննարկումները, փորձի փոխանակումը: Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր բժիշկ սիրով բոլորի հետ կկիսվի իր փորձով: Որևէ կոնկրետ հիվանդության օրինակով կարելի է եզրակացություններ անել, բուժման նոր մեթոդներ որոնել, որոնք ավելի արդիական են: Միգուցե ինչ-որ դեղամիջոց, ինչ-որ մեթոդ որևէ հոսպիտալում հաջողություն է ունեցել, այդ դեպքում մյուսներն էլ կկիրառեն, կամ եթե արդյունավետ չի եղել, ամեն դեպքում կիմանան արդյունքների մասին: Կարծում եմ` նաև փոխհամագործակցությունը կամրապնդվի զորամասերի հետ: Կցանկանայի, որ գիտաժողովները, հանդիպումները շարունակական լինեն:

-Բժշկուհի, երբ ես բարձր ջերմություն եմ ունենում, մայրիկի ներկայությունը, ընտանեկան մթնոլորտը թեթևացնում են ցավը: Վստահ եմ` զինվորի համար էլ դժվար է, երբ ջերմում է, և մայրն իր մոտ չէ… Ո՞վ է մոր փոխարեն համոզում, որ նա դեղը խմի… ինչպե՞ ս է հաջողվում լրացնել մայրական ջերմության պակասը:

 

– Ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում հիվանդները ջերմում են, դողում, մրսում… հաճախ տխրում են, մայրական ջերմության կարիք են զգում… Շատ դեպքերում պիտի համոզենք, որ տաք ապուրը ուտեն, պատրաստ լինեն թեկուզ տարրական լաբորատոր հետազոտություններին: Մեր բաժանմունքը վաղուց հաստատված ավանդույթ ունի. մոր և քրոջ նման ենք վերաբերվում զինվորներին, որովհետև դա մեր մասնագիտական պարտքն է: Թե՛ բժիշկները, թե՛ բուժքույրերը, թե՛ մայրապետերը հոգատար են, սրտացավ, որպեսզի բարձր ջերմության պայմաններում մեր զինվորները հոգատարությամբ շրջապատված լինեն և հնարավորինս քիչ զգան ընտանեկան ջերմության պակասը:

Քաղաքացիական կյանքում հիվանդն իր գանգատներն ամբողջությամբ ներկայացնում է: Դա շատ կարևոր է` բուժման առումով: Իսկ զինվորը մասնակի է ներկայացնում` տարբեր պատճառներով: Օրինակ` մտածում է, որ ինքը տղամարդ է, ինչու պիտի խոսի խնդիրների մասին: Ուզում են մեծ երևալ, ավելի տղամարդկային երևալ. չէ որ զինվոր են: Ես դա, իհարկե հասկանում եմ: Լինում են նաև դեպքեր, երբ ամաչում են և շատ բան թաքցնում:

Զինվորական բժշկության մեջ շատ կարևոր է բժշկի` նաև որպես հոգեբանի դերը… : Զինվորը նոր, անծանոթ միջավայրում հայտնվելով, ավելի խոցելի է դառնում: Երբեմն չգիտի իրեն ինչպես պահել: Զինվորի համար միանգամայն նոր իրավիճակ է, և պետք է շահես նրա վստահությունը, որպեսզի առանց կաշկանդվելու պատմի իր գանգատների մասին: Այդ դեպքում բուժումն առավել արդյունավետ կլինի: Եթե հիվանդը ցանկանում է բուժվել, ավելի արագ է ապաքինվում: Իսկ դրա համար պետք է հավատա իր բժշկին, վստահի այն բուժհիմնարկին, որտեղ բուժվում է:

Հասմիկ Գյոզալյան