Հիգիենայի հետ կապված մաշկավեներական հիվանդություններ բանակում չկան

Զրույց ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի մաշկավեներական բաժանմունքի պետ, բուժծառայության փոխգնդապետ Արսեն Բակունցի հետ

Արսեն Բակունցը ուսանել է ԵՊԲՀ-ի բուժական, ապա ռազմաբժշկական ֆակուլտետներում: Ավարտելով բուհը՝ անցել զինվորական ծառայության.

1997-2005 թթ.- Քարվաճառի գնդի բուժծառայության պետ,

2005-2006 թթ.- Վարդենիսի հոսպիտալի հրամանատարի բուժգծով տեղակալ,

2008-2011 թթ.- Քանաքեռի զորամասի կապի գնդի բուժծառայության պետ,

2011-2014 թթ.- Մեխակավանի հոսպիտալի պետ,

2014 թ. մինչ օրս- Երևանի կայազորային հոսպիտալի մաշկավեներական բաժանմունքի պետն է: Հետբուհական կրթությունը շարունակել է 2006-2008 թթ. Գերմանիայում՝ ստանալով մաշկաբան-վեներոլոգի որակավորում:

– Ձեր կենսագրությունը թերթելիս նկատեցի, որ բուհն ավարտելուց անմիջապես հետո 8 տարի ծառայել եք Քարվաճառում որպես գնդի բուժծառայության պետ: Գուցե սխալվում եմ, բայց միշտ մտածել եմ, որ Օմարի լեռնանցքում մեր ամենածանր հենակետային դիրքերն են… ինչպե՞ս էին տղաները դիմանում ցրտին, սառնամանիքին… Դուք էլ պատասխանատու էիք նրանց առողջության, կյանքի համար, ի՞նչ էիք անում, որ նրանք չցրտահարվեն…

-Ձեր հարցը թանկ հիշողություններ արթնացրեց… Ես այսօր էլ ակնածանքով ու երախտագիտությամբ եմ հիշում այն տղաներին, որոնք պահում էին Օմարի լեռնանցքը. մարտական ծանր հենակետեր էին, ամեն բարձրացող լավ գիտեր՝ ինչ է սպասվում իրեն… Կային դիրքեր, որտեղ ծառայողները բարձրանում էին պարաններով՝ սննդամթերքով, վառելափայտով լցված պայուսակը ուսերին… Վառելափայտը տաքանալու միակ միջոցն էր, սակայն դա էլ չէր օգնում: Ցրտահարության դեպքեր հաճախ էին լինում, և երբեմն հիվանդին փրկելու միակ ճանապարհը, ցավոք, ցրտահարված վերջույթների ամպուտացիան էր… Ես տեսնում էի՝ ինչպես են մարդիկ ծառայում՝ կորցնելով ամենաթանկը՝ իրենց առողջությունը… Դա էլ պատերազմ էր, և ոչ պակաս անողոք…

Հասկանում էինք, որ հիվանդությունների դեմ պայքարը պետք է սկսել հենակետային դիրքերից: Բարձրանում էինք մարտական հենակետեր, մի դիրքից մյուսը գնում, տեղում բուժզննում իրականացնում, բացահայտում հիվանդության օջախները, հիվանդներին, ցրտահարվածներին բուժկետ կամ հոսպիտալ տեղափոխում… Ոտքերի ցրտահարությունը կանխելու համար զինծառայողների կոշիկների մեջ հատուկ տակդիրներ դրվեցին, որոնք որոշ չափով օգնում էին, բայց ամբողջովին կանխել ցրտահարվելու վտանգը հնարավոր չէր:

Դրանք բանակաշինության ամենածանր տարիներն էին. ճաշում էինք վրաններում, բուժում էինք վրաններում, մասսայական բռնկումների ժամանակ լրացուցիչ վրաններ էինք բացում, մինչև «երկաթե վիրահատարան» ունենալը վրաններում էինք կատարում վիրահատությունները: –Ասացիք՝ «երկաթե վիրահատարան», ինչպիսի՞ն էր այն:

-Երկաթե «պատեր» էին՝ պարաններով իրար միացված, պարանները ձգելով՝ դրանք կանգնեցնում էինք, պարանները կապում, վերևում բաց էր: Վիրահատությունները ավարտելուց հետո նույն եղանակով հավաքում էինք վիրահատարանը, անհրաժեշտության դեպքում՝ տեղաշարժում: Ծանր հիվանդներին, վիրավորներին չէինք կարող տեղափոխել: Մինչև մոտակա հոսպիտալներից կամ Երևանից նեղ մասնագիտացում ունեցող վիրաբույժների գալը, մեր բժիշկները սկսում էին վիրահատությունը. անզգայացում կատարում, վիրահատական դաշտը մշակում, սավաններով ծածկում, բացազատում հյուսվածքները, արյունահոսող անոթների վրա արյունականգ սեղմիչներ դնում… Ե՛վ ժամանակ էինք շահում, և՛ կանխում էինք կյանքին սպառնացող վտանգը:

Ես պատմում եմ այս ամենը, որ մեր հասարակությունը իմանա՝ ինչպիսի տքնանքով կառուցվեց և ինչ զոհողությունների գնով կայացավ մեր բանակը, ինչ դժվարությամբ պահպանվեցին պատերազմական նվաճումները…

Հետագայում բուժկետերը ուժեղացվեցին, վերանորոգվեցին զորանոցները, ճաշարանները: Կառուցվեցին քարե շինություններ՝ հիվանդ զինծառայողների համար նախատեսված հիվանդասենյակներով, զինծառայողների ընտանիքների համար բնակելի շենքեր: Բլինդաժները քարապատվեցին, սալիկապատվեցին: Բարեկարգվեցին ճանապարհները, հատկապես մեծ ձեռքբերում էր Զոդի՝ ոսկու հանքերից Չոփուռլու տանող ճանապարհի բարեկարգումը…

– Ինչո՞վ էր պայմանավորված հետագայում մաշկավեներական հիվանդություններն ուսումնասիրելու, այդ ուղղությամբ վերապատրաստվելու Ձեր որոշումը:

-Մաշկավեներական հիվանդությունները իրականում միշտ էլ հետաքրքրել են ինձ. և Քարվաճառում, և Վարդենիսի հոսպիտալում հատուկ ուշադրություն էի դարձնում այդ հիվանդությունների ժամանակ ի հայտ եկող գանգատներին, դրսևորումներին, բուժման հնարավոր և կիրառվող եղանակներին: Նեղ մասնագիտական, հիմնավոր գիտելիքներ էին պետք: Մեկնեցի Գերմանիա: Առաջին կանգառը Նաունբուրգ քաղաքն էր, որտեղ մնացի ինը ամիս. այդ ընթացքում միայն գերմաներեն էի սովորում: Ապա տեղափոխվեցի Ուլն քաղաք և 14 ամիս որպես մաշկաբան-վեներոլոգ սովորեցի, աշխատեցի տեղի զինվորական հոսպիտալում: Գերմանիան հզոր առողջապահական համակարգ ունի, բազմաթիվ առավելություններ, որոնք, ինչու ոչ, հնարավոր է նաև մեզ մոտ կիրառել. նրանց բոլոր հոսպիտալներում, քաղաքացիական բուժհաստատություններում վաղուց համակարգչային գրագրություն է իրականացվում, մեզ մոտ դեռևս թղթաբանություն է…

– Այսօր Դուք ղեկավարում եք ՀՀ Զինված ուժերի հոսպիտալների միակ մաշկավեներական բաժանմուքը, և ես կցանկանայի անմիջապես Ձեզանից լսել այս ոլորտի խնդիրների, դժվարությունների, դրանց լուծման եղանակների մասին: Բանակում ծառայող զինվորները հաճա՞խ են հիվանդանում մաշկային,վեներական հիվանդություններով:

– Այդ հիվանդությունները հասարակության բոլոր օղակներում են, բանակը նույնպես չի կարող դրանցից ապահովագրված լինել: Այսօր բանակում ծառայող բազմաթիվ զինվորներ ունեն մաշկավեներական տարբեր հիվանդություններ, մի մասը՝ արդեն խրոնիկական բնույթ կրող: Վերջիններիս լիովին բուժել թերևս հնարավոր չէ,մենք պարզապես ամեն ինչ անում ենք, որ հիվանդությունը նահանջի, գոնե մի քանի տարի հիվանդը չունենա գանգատներ:

-Ինչպե՞ս են առաջանում այդ հիվանդությունները:

-Մաշկային հիվանդությունների առաջացմանը նպաստում են և արտաքին,և ներքին գործոնները:Արտաքին գործոններից են այն վնասվածքները, որոնք առաջացնում են մաշկի ծածկույթի ամբողջականության խանգարում, ինչի հետևանքով զանազան հիվանդությունների հարուցիչներ ներթափանցում են օրգանիզմ: Բարձր կամ ցածր ջերմաստիճանի ազդեցությամբ մանավանդ հենակետերում հերթապահություն իրականացնող զինծառայողների մոտ կարող են առաջանալ այրվածքներ, ցրտահարություն, արևահարություն:Մաշկային հիվանդությունների հարուցիչներ են կենդանի պարազիտները, սնկիկները, բակտերիաները, վիրուսները:Ներքին գործոններից են տարբեր օրգան-համակարգերի ֆունկցիաների խանգարումները, դրանցից բխող հիվանդագին փոփոխությունների դրսևորումները մաշկի վրա:

-Իսկ անձնական հիգիենա՞ն:

-Վստահ կարող եմ ասել, որ բանակում այսօր անձնական հիգիենայի չպահպանման հետևանքով առաջացող մաշկավեներական հիվանդություններ չունենք:

-Մաշկավեներական բնույթի գանգատների դեպքում զորամասերի բուժկետերը ունե՞ն մինիմալ հետազոտություններ իրականացնելու, բուժում նշանակելու հնարավորություն, թե բոլոր գանգատվողներին պարտադիր ուղարկում են հոսպիտալ:

-Զորամասի բուժկետում հնարավոր չէ կատարել մաշկավեներական հիվանդություններ բացահայտող հետազոտությունները, բայց մաշկային հիվանդությունների կլինիկական բնորոշ պատկերը տեսնելով՝ բժիշկը կարող է 90 % դեպքերում ճիշտ ախտորոշել հիվանդությունը: Լինում են նաև հեռախոսային խորհրդատվություններ, հատկապես հեռավոր զորամասերից զանգահարում են, գանգատների բնույթից ելնելով՝ անհրաժեշտ նախնական նշանակումներ են արվում, և եթե եռօրյա բուժումը արդյունք չի տալիս, հիվանդին տեղափոխում են հոսպիտալ:

-Ձեր բաժանմունքում ինչպե՞ս են կատարվում հետազոտությունները, ինչպե՞ս է կազմակերպվում մաշկային և վեներական հիվանդների բուժումը:

-Հետազոտությունները կատարվում են լաբորատոր և գործիքային եղանակներով, մենք ունենք բոլոր հնարավորությունները մաշկավեներական տարբեր հիվանդություններ ախտորոշելու և բուժելու համար: Բաժանմունքի ներսում մաշկային և վեներական հիվանդները առանձնացվում են տարբեր հիվանդասենյակներում, յուրաքանչյուր խումբ բուժման, խնամքի իր առանձնահատկություններն ունի: Սահմանված հաճախականությամբ ախտահանվում են ոչ միայն նրանց սպիտակեղենը, հագուստը, այլև քլորամինով, քլորակիրով,կվարցային լամպով ախտահանվում են բոլոր հիվանդասենյակները, վիրակապարանը:

-Դուք աշխատել եք և Գերմանիայի, և Հայաստանի զինվորական հոսպիտալների մաշկավեներական բաժանմունքներում, համեմատության մեջ կներկայացնե՞ք նրանց և մեր կողմից կիրառվող դեղորայքը, կիրառվող դեղերի ցանկը մեզ մոտ պարբերաբար նորացվո՞ւմ է:

– Գաղտնիք չէ, որ Գերմանիայում բուժում են բրենդային թանկարժեք դեղերով, մենք արդյունավետ կիրառում ենք այն ամենը, ինչ հատկացվում է մեզ, ճիշտ է, դրանք ջեներիկներ չեն, բայց օգնում են, բուժում են հիվանդությունը: Ուզում եմ նշել, որ թե հայկական, թե արտասահմանյան արտադրության դեղամիջոցների ազդող նյութը հիմնականում նույնն է: Դեղորայքի ցանկը մինչև 2015 թ. չի փոխվել, սակայն այս տարի մենք ենք կազմել դեղորայքի հայտը, որի հիման վրա կստանանք հատուկ բուժամիջոցներ, փոփոխություններ կլինեն:

-Ինչպես նկատեցի, հոսպիտալի ամբողջական վերանորոգումը դեռևս չի ավարտվել, Ձեր բաժանմունքը վերանորոգվելո՞ւ է:

– Մեր հոսպիտալի վերանորոգման աշխատանքները սկսվել են դեռևս անցյալ տարի, դրանք ընթանում են փուլ առ փուլ՝ հարկերով, որպեսզի հնարավորինս չխաթարվի բուժանձնակազմի աշխատանքային առօրյան: Իհարկե, մեր բաժանմունքն էլ մոտակա ժամանակահատվածում վերանորոգվելու է:

-Շնորհակալ եմ հարցազրույցի համար: Երբ բաժանմունքի վերանորոգումն ավարտվի, մենք կրկին կայցելենք Ձեզ. վերանորոգված բաժանմունքի լուսանկարային ռեպորտաժը անշուշտ կհետաքրքրի մեր ընթերցողին:

Էդիտա Մելքոնյան