Մե՛նք ենք հայրենիքը

Այսօր՝ մարտի 6-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Էնրիկո Ապրիամովը, ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, կին զինծառայողներ, Հայրենական պատերազմի մասնակից կին վետերաններ, Արցախյան ազատամարտի մասնակից կանայք, զոհվածների այրիներ, զինվորներ, որոնց մայրերը նույնպես ներկա էին: Միջոցառումը նպատակ ուներ ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու այն կանանց, որոնք ծառայում են ՀՀ Զինված ուժերում, մասնակցել են Արցախյան ազատամարտին, ովքեր իրենց որդիներին ուղարկել են հայրենիքի սահմանները պաշտպանելու… այլև մեծարելու կնոջը, որը, կրելով Տիրամոր շնորհը, կարողանում է սիրել, կյանք պարգևել, դառնալ իր օջախի սյունը, պաշտպանել իր տունը, մասնակցել իր հայրենիքի կառուցմանը…

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատրաստած տեսանյութը. այն համառոտ ներկայացրեց, թե ինչպես 1653 թ.՝ համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ, Մեծ Բրիտանիայում կանայք՝ որպես բուժծառայողներ, անդամագրվեցին զինվորական գործին, և տարիների ընթացքում ոչ միայն չնահանջեցին զինվորականի՝ դժվարություններով, փորձություններով լի ճանապարհից, այլև ապացուցեցին, որ «թույլ սեռը» իր տեղն ու դերն ունի «ուժային մասնագիտության մեջ», կարող է ծառայել նույն արժանապատվությամբ, նույն քաջությամբ, չզիջել, լինել օրինակ: Ֆիլմը ներակայացրեց նաև հայոց բանակի կին սպաներին և այն երիտասարդ, դեռևս ուսանող աղջիկներին, որոնք ընտրել են զինվորականի մասնագիտությունը: Նրանցից յուրաքանչյուրը համոզված է. «Հայրենիքի պաշտպանությունը ոչ սեռ է ճանաչում, ոչ տարիք : Աստված մի արասցե, եթե նորից պատերազմ սկսվի, աղջիկներն էլ պիտի դառնան զինվոր ու պաշպանեն մեր երկիրը»:

Ողջույնի, շնորհավորանքի խոսքեր ասացին զինվորական ակադեմիայի առաջին կուրսի կուրսանտ Մարիամ Վարդանյանը, «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Անահիտ Հովնանյանը, Արմենուհի Ղարիբյանը, որի երեք որդիները նույնպես այսօր ծառայում են բանակում:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ողջունեց ներկաներին, շնորհավորեց կանանց տոնի առթիվ: «Ընտանիքը հասարակության ամենափոքր բջիջն է, և կինն է ընտանիքի ոգին ու պահապանը: Հայ մայրերին է ուղղված իմ առաջին մեծարումը: Նրանք  Արցախյան ազատամարտի տարիներին հերոսացան. գիտակցելով իրենց կոչման վեհությունը՝ ընդունեցին, որ եկել է այն պահը, երբ իրենց որդիներին պիտի նվիրաբերեն հայրենին ազատագրելուհամար»:  Նախարարը շնորհավորեց այն մայրերին, որոնց որդիները ծառայել են, ծառայում են Հայաստանի Հանրապետության բանակում. նրանցից յուրաքանչյուրը հպարտություն է ապրում և մեր բանակի, և խաղաղության համար, որովհետև գիտակցում ու գնահատում է անչափ կարևոր և օգտակար ներդրումը, որ ինքն է կատարել հայրենիքի պաշտպանության գործում, նրանք հպարտ են, որովհետև իրենց որդիներն են կանգնած առաջնագծում, և իրենց որդիներն են կերտում հայրենիքի փառքի և արժանապատվության պատմությունը… «Այսօր էլ պաշտպանության բանակում բազմաթիվ կանայք են ծառայում, պետք է հարգանքի տուրք մատուցել նրանց: Մեծ է նրանց դերակատարումը պաշտպանական համակարգում. իրենց ներկայությամբ ազդում են տղամարդկանց վրա, ստիպում ավելի զգաստ լինել, ավելի շրջահայաց… Եվ ապացուցում են, որ նույնքան վարպետորեն տիրապետում են մարտական մասնագիտություններին»: Եվս մեկ անգամ շնորհավորելով կանանց գարնանային գեղեցիկ տոնի առթիվ՝ նախարարը նշեց, որ սերը նրանցից յուրաքանչյուրի հանդեպ արտահայտվում է մի հասարակ, բայց տարողունակ նախադասությամբ՝ շնորհակալություն, սիրելի կանայք: Այնուհետև տեղի ունեցավ պարգևատրման արարողություն:Պաշտպանության նախարարի հրամանով՝ Հայրենական պատերազմի մասնակից կին վետերանները, Արցախյան ազատամարտի մասնակից կանայք, զոհվածների այրիները, զինվորների մայրերը, տատիկները, զինծառայող կանայք պարգևատրվեցին պատվոգրերով, գերատեսչական մեդալներով: Միջոցառման հանդիսավոր մասին հաջորդեց տոնական համերգը:Սիրված երգիչները իրենց գեղեցիկ կատարումներով բարձր տրամադրություն, ջերմություն փոխանցեցին ներկաներին, շնորհավորեցին կանանց: Տոնակատարության ավարտին ելույթ ունեցավ պաշտպանության նախարարության «Զորական» երգի համույթը, իսկ երբ հնչեց «Իմ անունն է հայկական բանակ» երգը, ներկաները հոտնկայս ծափահարեցին մինչև երգի վերջին հնչյունը… ևս մեկ անգամ ապացուցելով, որ մե՛նք ենք հայրենիքը, և մե՛ր անունն է հայկական բանակ…

Էդիտա Մելքոնյան

  • 19
  • 25
  • 13
  • 21
  • 17
  • 14
  • 9
  • 5
  • 3
  • 1.1
  • 4
  • 36
  • 30