ՀՀ ՊՆ Ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյան

Սիրելի կանայք, գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ ուզում եմ շնորհավորել ձեզանից յուրաքանչյուրին և հավատացնել, որ ձեր նկատմամբ մեր սերն ու ակնածանքը չի կարող սահմանափակվել և չի սահմանափակվում այս միամսյակով միայն: Ճիշտ է, ամեն օր չենք բարձրաձայնում մեր երախտագիտության, մեր գնահատանքի մասին, բայց ամեն վայրկյան գիտակցում ենք ձեր ներկայության կարևորությունը մեր կողքին, դուք եք մեր օջախների լույսն ու ջերմությունը: Դուք աղոթում եք, որ խաղաղ անցնի մեր ծառայությունը, դուք մեր թիկունքն ամուր եք պահում, դուք որդիներ եք պարգևում հայրենիքին՝ զինվորներ, իսկ մենք փորձում ենք անել ամեն ինչ, որ ձեր կյանքը լինի անհոգ, ապահով, խաղաղ:

Առանց խաղաղության տոնական օրը չի կարող լինել իսկապես տոնական: Եվ ես ուզում եմ հատուկ շնորհավորել այն զինծառայող կանանց, որոնք Արցախյան պատերազմի տարիներին հակառակորդի համար նախանձելի արիությամբ և ինքնամոռաց նվիրումով կանգնեցին հայ զինվորի կողքին ու կերտեցին մեր հաղթանակը, փառքի և արժանապատվության պատմությունը և այսօր էլ նույն տոկունությամբ շարունակում են իրենց հայրենանվեր գործունեությունը՝ հանուն հայրենիքի բարօրության և խաղաղ ապագայի: Մաղթում եմ ձեզ խաղաղ, միայն հաղթանակներով նշանավոր ծառայություն:

Շնորհավորում եմ նաև զինվորական բուժծառայության կին նվիրյալներին՝ բժշկուհիներին և բուժքույրերին: Նրանք մեր բանակի մարտունակության, մեր զինվորի առողջության և կյանքի երաշխավորն են: Պատվով կրում են զինվորականի համազգեստը՝ ցուցաբերելով առավելագույն զգոնություն և կարգապահություն, դառնում օրինակ երիտասարդ աղջիկների համար: Իսկ երբ բժշկական սպիտակ համազգեստով են, նուրբ են ու հոգատար, որովհետև նրանց առջև նստած է հայ զինվորը՝ այն հզոր ուժը, որ այսօր պարտադրում է մեր հակառակորդին իր չափը իմանալ…

Սիրելի կանայք, ձեզանից յուրաքանչյուրին մաղթում եմ երջանկության, երազանքների իրականացման բերկրանքը զգալ, սիրել ու լինել սիրված, շրջապատված լինել ուշադրութամբ ու ջերմությամբ, լինել առողջ, լինել ամուր: