Հասկանում եմ հիվանդի հոգու ցավը

Զրույց ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Տիգրան Թունյանի հետ

Ավարտել է ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը, հետբուհական կրթությունը շարունակել՝ ինտերնատուրայում (1996-1997 թթ.), ապա օրդինատուրայում` (1999-2001 թթ.): Ծառայել է՝

1987-1989թթ.-ԽՍՀՄ զինված ուժերում

1996-1999 թթ.-ՀՀ ԶՈՒ զորամասային օղակում որպես բուժկետի, ապա բուժծառալության պետ

1999-2001 թթ.-Նորքի հոգեբուժական կլինիկայում որպես հոգեբույժ

2001-2007 թթ. -ՀՀ ՊՆ ԿՊ-ում որպես բժիշկ-հոգեբույժ (միաժամանակ՝ կենտրոնական հավաքակայանի հոգեբույժ-փորձագետ)

2007-2013 թթ.- ՊՆ ԵԿՀ հատուկ դեպքերի բաժանմունքի պետ

2013 թ.դեկտեմբերից մինչ օրս- ՊՆ ԵԿՀ հոգեբուժական բաժանմունքի պետ

Լինելով Զինված ուժերի միակ հոգեբուժական բաժանմունքը՝ Հայաստանի և Արցախի բոլոր զորամասերից, զինծառայության բոլոր օղակներից ՀՀ ՊՆ ԵԿՀ-ի հոգեբուժական բաժանմունք են բերում բոլոր այն ժամկետային և պայմանագրային զինծառայողներին, սպաներին, որոնք ծառայության ընթացքում դրսևորել են հոգեկան կամ վարքային՝ այս կամ այն խանգարումներ: Բերում են մասնագիտական խորհրդատվության և բուժման: Բաժանմունքի բուժանձնակազմը ստացիոնար պայմաններում դիտարկում է հիվանդին, հետազոտում կլինիկորեն, անհրաժեշտության դեպքում օգտագործում նաև գործիքային հետազոտության մեթոդները, բուժում, այնուհետև ներկայացնում ԿՌԲՀ փորձաքննության, որից հետո միայն վերջինիս կողմից տրվում է եզրակացություն զինծառայողի հետագա ծառայությանը պիտանելիության հարցի վերաբերյալ:

-Բարդ չէ՞ ախտորոշել այս կամ այն հոգեկան հիվանդությունը, դրա բարդության աստիճանը. չէ՞ որ չկան այնպիսի սարքավորումներ, որոնք կօգնեն հոգեբույժին հիվանդության ախտորոշումը կատարելիս:

Ձեր մտահոգությունը տեղին է, քանի որ մարդու հոգեկան աշխարհը անքննելի է ու անհասկանալի… Սակայն գոյություն ունեն աշխարհում ընդունված «Հոգեկան և վարքային խանգարումների կլինիկական նկարագրության և ախտորոշման միջազգային դասակարգման» համընդհանուր չափանիշներ, որով առաջնորդվում ենք նաև մենք:

-Ինչպե՞ս եք տարբերում կեղծ գանգատները հիվանդության նշաններից:

Դա նույնն է, եթե ասեք՝ ինչպես է երաժիշտը տարբերում կեղծ նոտան ճիշտ հնչողությունից: Կարծում եմ մասնագիտական գիտելիքները և բազմամյա փորձը այդ վստահությունը մեզ տալիս են: Դրա արդյունքում ավելի շատ հավատում ենք հիվանդի գանգատներին, քան կասկածում կամ սիմուլյանտի տեղ դնում: Կան մասնագիտական հիմնավոր մոտեցումներ, որոնք իրավունք չեն տալիս հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց նայել միայն քննիչի, կամ ոստիկանի աչքերով… այլ ամենից առաջ այն մարդու աչքերով, ով իսկապես փորձում է հասկանալ ու օգնել՝ ճիշտ գնահատելով իրավիճակը: Ճիշտ չէ պիտակավորել զինվորին՝ որպես սիմուլյանտի, խաբեբայի՝ չհասկանալով, որ միանգամից ավելի են խորացնում հակադրությունը զինվորի հոգեկան աշխարհում՝ ծառայության, անձնակազմի, կյանքի հանդեպ:

Քիչ հետո կտեսնեք հիվանդներիս, յուրահատուկ տղաներ են. ամեն մեկն իր վիրավոր ներաշխարհով, երբեմն՝ շատերի համար չընդունվող, չհասկացված խնդիրներով, սակայն նրանք այնպիսին են, ինչպիսին կան:

Ո՞ր հոգեկան բարդությունները, հիվանդություններն են ավելի հաճախ հանդիպում մեր զինվորների շրջանում, ինչի՞ հետևանք են դրանք:

Վիճակագրությունը ցույց է տվել, որզորակոչին հաջորդող օրերի, շաբաթների ընթացքում, կամ երբ փոխվում է ծառայության վայրը, որոշ զինծառայողների մոտ ի հայտ են գալիս հարմարվողականության և վարքի խանգարումներ: Հենց միայն անձի սոցիալական ստատուսի փոփոխությունը՝ տվյալ դեպքում քաղաքացիական կյանքից զինվորական կյանքի անցումը, կարող է տեղիք տալ մի շարք հոգեկան վիճակների, որոնք բնութագրվում են ինտենսիվ բացասական հույզերով՝ տագնապայնությամբ, նյարդահոգեբանական ճնշվածությամբ, տրամադրության անկմամբ և տատանմամբ, որն էլ կարող է հանգեցնել դեպրեսիվ վիճակից մինչև վարքային տարբեր խանգարումների: Նման դեպքերում զորամասերի հրամանատարական կազմը հիմնավորված բնութագրումով հիվանդին բերում է մեզ մոտ, պարտավոր ենք ընդունել ու պարզել՝ ինչ կարելի է անել այդ վիճակից նրան դուրս բերելու համար: Մի դեպքում նշանակում ենք դեղորայքային բուժում, մի դեպքում՝ հոգեթերապիա, մեկ այլ դեպքում էլ խորհուրդ ենք տալիս փոխել միջավայրը (ստորաբաժանումը). երբեմն այդ եղանակով հնարավոր է լինում կարգավորել տվյալ զինծառայողի մոտ ձևավորված հոգեկան խնդիրը:

Հանդիպում են նաև անձի խանգարումներ, դեպրեսիաներ, պսիխոզներ և էլի մի շարք հիվանդություններ, որոնք շատ դժվար են հայտնաբերվում, և հնարավոր է՝ չհայտնաբերվեին զորակոչից առաջ կամ էլ դրսևորվեին ծառայության ընթացքում:

Իսկ ժառանգական գործո՞նը:

-Ժառանգական գործոնը հոգեկան հիվանդություների ժամանակ իրոք մեծ դեր ունի, բայց ո՛չ վերջնականը և ոչ միակ որոշիչը:

-Որքան գիտեմ, զորակոչին նախորդող տարիների ընթացքում «Հայրենյաց պաշտպան» գրքույկում համապատասխան մարմինների կողմից յուրաքանչյուր երիտասարդի վերաբերյալ անհրաժեշտ գրառումներ են արվում… Օգնո՞ւմ են ձեզ այդ գրառումները և ինչո՞վ:

-Օգնում է, գաղափարը լավն է, սակայն այդ գրքույկում կատարվող գրառումները ոչ միշտ են կատարված լինում ըստ էության և օբեկտիվ: Հաճախ կրում են շաբլոն կամ մակերեսային բնույթ, լրացված չեն լինում տվյալ անձի վարքի, բնավորության առանձնահատկությունների մասին վկայող շատ էական հանգամանքներ:

-Եվ եթե այդ առանձնահատկությունները, կրելով հոգեկան կամ վարքային խանգարումների բնույթ, ի հայտ են գալիս ծառայության ընթացքում, զինծառայողը հայտնվում է Ձեզ մոտ:

Այո, այլ կերպ չի կարող լինել… Եղել են հիվանդներ, որոնց հետազոտելիս ենթադրվել է, որ խնդիրը օրգանական է, ուղարկվել է ՄՌՏ հետազոտության, և պարզվել է, որ գլխուղեղում ուռուցք կա…

Բայց ամենացավալին այն է, որ այդ ընթացքում հաճախ լրացուցիչ խնդիրներ են առաջանում: Պարզվում է, որ հետազոտվողը ծնողազուրկ է, իսկ քույրը մահացել է օրեր առաջ, կամ պապը սպանել է հորը, երբ ինքը ծառայության մեջ էր, կամ եկել է կարճաժամկետ արձակուրդ և պարզել, որ ծնողները վաճառել են տունը և ամուսնալուծվել… կամ ընկերոջն է կորցրել դիվերսիայի ժամանակ… Ծանր դեպքեր են, դեռևս երիտասարդ, բայց կյանքի ծանր հարվածները խաթարում են նրանց հոգեբանությունը, ամբողջ կյանքն են խաթարում: Լինելով հոգեբույժ՝ ես հասկանում եմ՝ ինչ հոգու ցավ են ապրում նրանք… և պարտավոր եմ հաշվի առնել նաև դա…

Իմ հիվանդներից ամեն մեկը իր պատմությունն ունի՝ մեկը մյուսից ծանր: Տղան ծառայում է բանակում, զանգում են, ասում, որ հայրը հիվանդանոցում է, այնինչ հասնում է տուն… և ինչ տեսնում… ծնողներն արդեն չկան, ավտովթարից երկուսն էլ մահացել են… Ինչքա՞ն ամուր պիտի լիներ, որ ոչինչ չփոխվեր նրա ներսում… Եվ օրեր անց նա պիտի վերադառնա ծառայության. չի կարող, չի լինում: Նա առնվազն մի քանի ամիս չի կարող պիտանի լինել բանակի համար: Հիմա մեզ մոտ է, նրա մոտ վշտի սուր հակազդման ռեակցիա է:

Իսկ քույր կամ եղբայր ունի՞…

Դպրոցական քույր ունի, ամեն վայրկյան քրոջ մասին է մտածում… ո՞ւմ մոտ մնաց. ո՞վ կպահի նրան, մինչև ինքը վերադառնա…

Ի՞նչ է սպասվում այդ տղային:

Երկկողմանի ծնողազուրկ լինելու փաստը դեռ չի ազատում ծառայությունից, բայց մենք, իհարկե, բժշկական ցուցումներից ելնելով չենք կարող թույլ տալ, որ այս վիճակում նա վերադառնա զորամաս:

-Ձեր հիվանդներից ովքե՞ր են ազատվում ծառայությունից, ովքե՞ր են վերադառնում ծառայության:

Դա միայն մենք չենք որոշում: Յուրաքանչյուր հիվանդի վերաբերյալ ներակայացվում է կարծիք, ԿՌԲՀ-ն փորձաքննություն է անցկացնում, հետո միայն հաստատում կամ հերքում է նախնական եզրակացությունը: ԿՌԲՀ նիստերին նախարարությունից, վարչակազմից, քաղաքացիական բուժհաստատություններից, զինկոմիսարիատից, զորամասերից հրավիրվում են դիտորդներ՝ յուրաքանչյուր դեպքի քննարկմանը մասնակցելու համար: Հաշվի են առնվում անամնեստիկ տվյալները, ժառանգականությունը, կլինիկական դիտարկումների և բուժման արդյուքները, զորամասից ներկայացված բնութագրերը, անձնական գործում առկա նախորդ բուժհետազոտությունների տվյալները, «Հայրենյաց պաշտպան» գրքույկի գրառումները, և այս ցանկը դեռ շարունակելի է: Մինչև համալիր քննարկումները, նրանցից շատերը, հնարավոր է, այլ կարծիք ունենային, սակայն հիվանդի հետ անմիջական շփումից և լիարժեք դիտարկումից հետո մարդիկ հեռանում են՝ հիմնականում մեր տեսակետը ընդունելով: Ողջ համակարգում, այդ թվում նաև մեր բաժանմունքում շատ բարեփոխումներ են եղել. հիվանդների ծնողները սկսել են վստահել մեզ, համոզված են , որ իրենց որդիները հուսալի ձեռքերում են, հիվանդները գիտեն, որ մեզ մոտ իրենք ապահով են: Դրսում փոքրիկ հողատարածք ունենք, սանիտարների հսկողությամբ հիվանդները դուրս են գալիս, ջրում ծառերը, թփերը, հետո իրենց կամքով նորից բաժանմունք վերադառնում: Հավատացեք, հիվանդներիս վստահությունն է ինձ պահում բանակում:

Ասում են՝ հիվանդի վստահությունը շահելու միակ ճանապարհը նրան բուժելն է… Ինչպե՞ս եք բուժում նրանց:

Ցավոք, կյանքը վկայում է, որ հոգեկան որոշ հիվանդություններ, այնուամենայնիվ, անբուժելի են: Սակայն անգամ նման դեպքերում, ժամանակակից հոգեմետ դեղորայքի և հետևողական ու համառ ջանքերի շնորհիվ , հնարավոր է լինում հասնել ցանկալի արդյունքի: Բացի հոգեկան հիվանդություններից, այլ առողջական խնդիրներ ունենալու դեպքում կայազորային հոսպիտալի հագեցվածությունը թույլ է տալիս հոսպիտալի ներսում նաև սոմատիկ խնդիրներ բուժել, անգամ՝ վիրահատել նրանց:

Ես եղել եմ ՆԱՏՕ-ի անդամ տարբեր երկրների հոգեբուժական հաստատություններում, և հավատացեք, բացի շենքային պայմաններից՝ նրանք ոչ մի առավելություն չունեն. դեղորայքը գրեթե նույնն է, ցանկը ոչնչով չի տարբերվում, ասեմ ավելին, մեր բժիշկները ավելի ճկուն են, շատ արագ և ճիշտ են կողմնորոշվում, դեղորայքի չափաբաժինները շատ ավելի համարժեք են ընտրվում:

– Իսկ հոգեթերապիա՞ն…

-Իհարկե, հոգեթերապիան արդյունավետ միջոց է, բայց կան հիվանդություններ, որոնց դեպքում միայն հոգեթերապիան անզոր է. օրինակ, շիզոֆրենիան, պսիխոզները, այդ հիվանդությունների ժամանակ հոգեթերապիան կիրառվում է դեղորայքին զուգահեռ, իսկ նևրոզների ժամանակ հոգեթերապիան ավելի ազդեցիկ կարող է լինել, միևնույն ժամանակ կարևոր է: Ցանկացած հոգեկան հիվանդություն բուժելու համար հոգեթերապիան անհրաժեշտ է, տարբերությունը այն է, թե որ հիվանդության դեպքում որ փուլում է այն նպատակահարմար կիրառել:

-Ձեր բաժանմունքում կա՞ն հոգեթերապևտներ:

-Բաժանմունքում առանձին հոգեթերապևտի հաստիք չունենք, բայց այդ ուղղությամբ հատուկ մասնագիտական վերապատրաստումները, երկարատև աշխատանքային փորձը մեզ թույլ են տալիս նաև հոգեթերապևտիկ մոտեցումներ ցուցաբերել: Եվ արդյունքը լինում է այն, որ մեր հիվանդները իրենց ծանր ապրումների մեջ անգամ ապահովություն են զգում, երբ բաժանմունքում են:

-Քանի՞ բժիշկ է ծառայում բաժանմունքում:

Երեք՝ ես և իմ երկու գործընկերները: Նրանցից մեկը կին է, փորձառու մասնագետ. շուտով կգնա ֆիզարձակուրդ… բաժանմունքում երկուսով կմնանք՝ երկու հոգեբույժ երկու պետությունների բանակին: Ասեմ ավելին, երկրորդ բժշկի տարիքային սահմանը թույլ է տալիս, որ նա այսօր էլ գրի դիմումը և դուրս գա համակարգից, ցանկություն ունի, իրավունք էլ ունի… Բայց նման պատրաստված ու բազմափորձ զինվորական հոգեբույժից զրկվելը ցավոտ կլինի շատերի համար… նրան ասել եմ՝ դա կհամարեմ դավաճանություն… պիտի մնա, այլ ելք չունի, բանակին տրվողը մինչև վերջ է տրվում…

-Երեք բժիշկ՝ մեկ բաժանմունքում: Ամսվա մեջ փաստորեն 10 օր նաև հերթապահում եք:

Ոչ այդ հաճախականությամբ, բայց հերթապահում ենք: Բաժանմունքի պատասխանատուն գիշերային ժամերին հերթապահ բուժքույրերի և հսկող անձնակազմի հետ մեկտեղ հոսպիտալի հերթապահ բժիշկն է, բայց նա ոչ միշտ է կարող հոգեբուժական բաժանմունքի հիվանդի համար որոշում կայացնել:

-Իսկ եթե գիշերը որևէ հիվանդի մոտ նոպա սկսվի՞:

Աշխատանքային ժամ, հանգստի ժամ հասկացողությունը մեր բաժանմունքում գոյություն չունի… անհրաժեշտության դեպքում բաժանմունքի պետը կամ բուժող բժիշկը կարճ ժամանակում օգնության են հասնում:

Սա լուրջ խնդիր է, ունենք զինվորական հոգեբույժների պակաս: Նախարարին ենք դիմել, և միայն նրա անմիջական, խիստ հետևողական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ լուծել այս հարցը. այս պահին մի երիտասարդ հոգեբույժ հատուկ վերապատրաստում է անցնում մեր բաժանմունքում ծառայելու համար, իսկ երկու նորավարտ բժիշկներ այս տարի ընդունվել են ռազմաբժշկական օրդինատուրա և երկու տարի անց կունենանք նոր համալրում: Ընդհանուր առմամբ հոգեբույժները քիչ են Հայաստանում, եղածն էլ տարիքով մեծ են, և հիմնականում՝ կանայք: Մեզ մոտ չենթարկվող, կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծող հիվանդները շատ են…հատկապես նոր ընդունված օրերին:

-Բաժանմունքի միջին և կրտսեր բուժանձնակազմը մե՞ծ է:

-Յուրաքանչյուր հերթափոխում երկու բուժքույր ունենք, երեք սանիտար, քույր տնտեսուհի, բուֆետապան, մայրապետ:

-Օրվա ընթացքում ինչո՞վ են զբաղվում հիվանդները:

-Օրվա մեծ մասը անցկացնում են հիվանդասենյակներում, բուժանձնակազմը շրջում է, զրուցում նրանց հետ, հիվանդներըստանում են իրենց նշանակումները: Հեռուստացույց, տեսաերիզներ ունենք, ֆիլմեր են դիտում, շախմատ, շաշկի խաղում:

Իհարկե, լավ կլիներ, եթե բաժանմունքի տարածքը ավելի ընդարձակ լիներ, հնարավոր լիներ աշխատանքային թերապիա կազմակերպել, տարբերակված մոտեցման կարիք ունեցող հիվանդներին բուժել և դիտարկել առանձնացված պայմաններում: Սակայն այդ դեպքում էլ լրացուցիչ ներդրումներ և հաստիքներ կպահանջվեն…

Այսօրվա մեր բանակին հարիր է ունենալ տիպային հոգեբուժական մասնաշենք: Վերջերս ընդունել ենք հոգեկան լուրջ խանգարում ունեցող մի զինվորի, որը միաժամանակ հիվանդ էր ջրծաղիկով, փաստացի ես իրավունք չունեի նրան այս բաժանմունքում պահելու, սակայն ինֆեկցիոն հիվանդանոցում վերջինիս պահելը իր և շրջապատի համար շատ ավելի վտանգավոր էր. նրա մոտ ախտորոշվել էր սուր պսիխոզ: Ազատել ենք աշխատասենյակներից մեկը, մեկուսացված հիվանդասենյակ դարձրել նրա համար: Մահճակալային ամբողջ ֆոնդը զբաղված է: Սակայն երբ բերում են հիվանդ զինվորին, չենք կարող չընդունել ՝ սա բանակի միակ հոգեբուժական բաժանմունքն է: Լինելով հոգեբույժ՝ մենք պատկերացնում ենք հոգու այն ցավը, ծանր ապրումները, որ տանջում են հիվանդին, ու չօգնել նրան պարզապես մարդկայնորեն չենք կարող:

Ես զրուցել եմ նաև «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանի հետ, ներկայացրել եմ բաժանմունքի հիմնախնդիրները և խնդրել, եթե հնարավոր է, այս մասնաշենքի հարևանությամբ տիպային հոգեբուժարան կառուցելու հարցը բարձրաձայնել. լինեն առանձնացված բաժիններ, հիվանդասենյակներ, մեկուսարաններ, տեսաձայնագրող համակարգ…

Հոգեբուժական բաժանմունքը բանակի ֆիլտրն է, հոգեբուժարանի ճիշտ աշխատանքը կանխում է բանակում առաջացող բազմաթիվ հիմնախնդիրներ, իսկ ճիշտ աշխատելու համար համապատասխան պայմաններ են պետք:

Էդիտա Մելքոնյան