Մեկ ընդհանուր նպատակով, մի ընտանիքի պես…

 

Զրույց Զանգեզուրի կայազորային հոսպիտալի անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Գարիկ Այվազյանի հետ:

 

Ծնվել է 1972 թվականին Վանաձորում: Ուսանել է նախ Վանաձորի պետական բժշկական ուսումնարանում, ապա ընդունվել Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ: 5-րդ կուրսից տեղափոխվել է ռազմաբժշկական ֆակուլտետ:

Վանաձորի հոսպիտալում մեկ տարի ինտերնատուրայից հետո ծառայության է անցել Դիլիջանի, ապա Վանաձորի զորամասերում որպես բուժծառայության պետ:

2003-2006 թվականներին կլինիկական օրդինատուրա է անցել Էրեբունի բժշկական կենտրոնում` անեսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա մասնագիտությամբ:

2006-ից նշանակվել է սահմանամերձ զինվորական հոսպիտալում որպես վիրահատավերակենդանացման բաժանմունքի պետ:

2009-ի հունվարից ծառայության է անցել Զանգեզուրի կայազորային հոսպիտալում որպես անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի ավագ օրդինատոր, իսկ 2010-ի փետրվարից նշանակվել է բաժանմունքի պետի պաշտոնում:

 

– Անզգայացման և վերակենդանացման բաժանմունքը ցանկացած բուժհիմնարկում առանցքային նշանակություն ունի. սա այն օղակն է, որի թերացումը կարող է սպառնալ անմիջապես հիվանդի կյանքին…

 

-Իմ կարծիքով կարևոր և երկրորդական մասնագիտություններ չկան, պարզապես յուրաքանչյուրն իր գործին պիտի նվիրվի, աշխատի պատասխանատվության զգացումով և ձգտի արհեստավարժության…

Ինչ վերաբերում է մեր բաժանմունքին, հայտնի է, որ յուրաքանչյուր վիրահատության ժամանակ անզգայացումը խիստ պարտադիր է, որպեսզի հնարավոր լինի փրկել հիվանդին…

Բացի դրանից` այն ազատում է ցավային, տրավմատիկ շոկից. երբ ծանր հիվանդը հրազենային վիրավորումով կամ այլ վնասվածքներով տեղափոխվում է հոսպիտալ, առաջին գործողություններից մեկը ցավազրկումն է, ապա հակաշոկային այլ միջոցառումները: Սրանով ընդգծվում է բաժանմունքի կարևորությունը` որպես անզգայացման բաժանմունք: Իսկ ռեանիմատոլոգն այն մասնագետն է, ով պայքարում է, որպեսզի հիվանդը ողջ մնա…

Ռեանիմատոլոգիան պահանջում է և՛ տեսական, և՛ գործնական լուրջ գիտելիքներ…

Ես առանց ավելորդ ձևականության կասեմ, որ մեզ հաջողվում է պատշաճ կերպով իրականացնել մեր ծառայությունը: Այստեղից գոհ են հեռանում և՛ զինվորականները, և՛ քաղաքացիները…

– Պարոն, մայոր, նախքան Ձեզ հետ զրույցը հասցրեցի շրջել բաժանմունքում… ամեն ինչ մաքուր էր, նոր, խնամքով հարդարված… վերջե՞րս է վերանորոգվել:

 

Հիմնովին վերանորոգվել է 2009-ին, սակայն պարբերաբար ընթացիկ վերանորոգում է իրականացվել:

-Հիվանդներն ընդհանրապես ավելի զգայուն են… անգամ միջավայրը, շրջապատող իրերը կարող են ազդել նրանց տրամադրության վրա: Օրինակ` կարևոր է, որպեսզի մահճակալը հարմարավետ լինի, պահարանները նորոգ լինեն…. Հետաքրքիր է` բաժանմունքն ապահովվա՞ծ է անհրաժեշտ գույքով:

 

-Նախ ասեմ, որ մեր հոսպիտալը հիմնադրվել է 1995-ին` դանիական հիվանդանոցի բազայի վրա: Գույքի որոշակի մասը մնացել է այդ ժամանակից, օրինակ` մահճակալները: Սակայն կարելի է ասել, որ այսօր գույքի պակաս մենք չունենք: Դրանք բարվոք վիճակում են: Բաժանմունքի անձնակազմն ուշադիր և հետևողական է, որպեսզի այն շարքից դուրս չգա և երկար ծառայի…

 

– Ես եղա նաև վիրահարատարններում… եթե մաքրությունը անմիջապես կարող էի նկատել, ապա սարքավորումների մասին ճիշտ պատկերացում կազմել չեմ կարող, քանի որ ինքս մասնագետ չեմ: Այսօր բժշկությունը մեծ արագությամբ է զարգանում, և որքան էլ մասնագետները բարձրակարգ լինեն, շատ դեպքերում շատ բան կախված է սարքավորումներից: Ե՞րբ է վերջին անգամ բաժանմունքը համալրվել նոր սարքավորումներով: Արդյո՞ք դրանք համապատասխանում են միջազգային չափանիշներին:

-Սարքավորումներով բաժանմունքը բավարար չափով հագեցված է: Նախորդ տարի ձեռք ենք բերել արհեստական շնչառության և նարկոզի մեկական ապարատ: Արհեստական շնչառության ապարատը (Chirana) կիրառվում է գանգուղեղային տրավմաների, ինսուլտների, սրտամկանի ծանր ինֆարկտների, թոքի այտուցի և այլ դեպքերում, իսկ նարկոզի ապարատը` (Drager fabius plus) անեսթեզիաների: Երկուսն էլ համապատասխանում են միջազգային չափանիշներին և լավագույններից են…

– Ո՞րն է նոր ձեռք բերված սարքավորումների առավելությունը:

 

– Հիմնականում ավելի բազմաֆունկցիոնալ են և բազմառեժիմ…

Ձեռք ենք բերել նաև ախտահանման ժամանակակից սարք, որը մանրակրկիտ ախտահանում է բոլոր իրերի մակերեսները: Ավելի արագ և ավելի արդյունավետ է աշխատում: Ախտահանիչ նյութ քիչ է ծախսում: Պարզ են նաև գործածման եղանակները:

– Նոր սարքավորումների գործածման եղանակներին անձնակազմն ինչպե՞ս է ծանոթանում:

 

-Սարքավորումները տրամադրող ընկերության աշխատակիցներն անպայման ներկայանում են և բացատրում շահագործման եղանակները:

-Բժիշկ, կա՞ն արդյոք հին սարքավորումներ, որոնց արդյունավետությունը բավարար չէ… Առաջիկայում համալրում սպասվու՞մ է:

-Այս պահին նոր սարքավորումների անհրաժեշտություն մենք չունենք, միայն որոշակի դետալներ են պակասում, որոնց առկայության դեպքում առավել արդյուավետ կլինի աշխատանքը:

– Հասարակության շրջանում տարածված կարծիք կա, որ անզգայացումից հետո ի հայտ եկող կողմնակի երևույթները` հալուցինացիաներ, հիշողության կորուստ և այլն, պայմանավորված են անզգայացնող դեղերի որակով… Արդյո՞ք այդպես է…

 

-Նոր դեղամիջոցների դեպքում կողմնակի ազդեցությունները, միանշանակ, ավելի քիչ են: Որպեսզի ավելի պարզ լինի, բացատրեմ օրինակով: Եթե համեմատենք հալոտան և իզոֆլյուրան անզգայացնող դեղամիջոցները, ապա առաջինն ազդում է հեմոդինամիկայի վրա: Այն ավելի դանդաղ է քայքայվում և դրանով պայմանավորված` հիվանդը կարող է ավելի ուշ է արթնանալ: Այսինքն` դեղամիջոցը կարող է ազդել հիվանդի արթնանալու ժամանակի վրա: Իսկ ընդհանրապես անզգայացման վերջնական ազդեցությունը դեռևս լիովին բացահայտված չէ:

– Հոսպիտալի բոլոր բաժանմունքներում նկատեցի, որ բացի զինվորականներից նաև քաղաքացիներ են բուժում ստանում: Ձեր բաժանմունքում ևս հանդիպեցի քաղաքացի հիվանդների և զրուցեցի նրանց հետ: Ի՞նչն է նրանց այստեղ բերում… ո՞րն է զինվորական հոսպիտալին նախապատվություն տալու պատճառը:

 

-Կարծում եմ` վստահությունը մեր բուժհիմնարկի և բուժանձնակազմի հանդեպ, հոսպիտալի ներքին կարգապահությունը, բժիշկների բերաբերմունքը հիվանդների նկատմամբ:

Քաղաքային հիվանդանոցը բավական երկար ժամանակ անեսթեզիոլոգ չունի: Անհրաժեշտության դեպքում ինձ են կանչում: Երբ խոսքը վերաբերում է մասնագիտական օգնությանը, երբեք թույլ չեմ տվել, որ հիվանդը տուժի: Անմիջապես հասել եմ հիվանդանոց… Եթե այստեղ հիվանդ ենք ունեցել, քաղաքացուն են տեղափոխել հոսպիտալ: Փորձել եմ խղճիս առաջ մաքուր լինել…

-Բժիշկ, ես գիտեմ, որ հեռավոր շրջանների որոշ հիվանդանոցներում անեսթեզիոլոգ չկա… Իմ տպավորությամբ` անեսթեզիոլոգները փոքր թիվ են կազմում: Ինչու՞:

 

-Ես զրույցից առաջ գնացել էի Գորիսի քաղաքային հիվանդանոցի անեսթեզիոլոգին անզգայացնելու: Պարտքս հետ տվեցի, իմ վիրահատության ժամանակ ինքն էր ինձ անզգայացրել (ժպտում է): Այո, անեսթեզիոլոգները քիչ են… Որոշ պետություններ, օրինակ` Գերմանիան, Ավստրիան, մեծ սիրով ընդունում են անեսթեզիոլոգներին(լեզվական խոչընդոտը հաղթահարելուց հետ) և վճարում են մի քանի անգամ ավելի բարձր, քան Հայաստանում: Ուստի շատերը նախընտրում են աշխատել արտասահմանում:

– Որևէ բան կցանկանայի՞ք ավելացնել..

– Կցանկանայի հավելել, որ մեր հոսպիտալի հաջողության գրավականը տարբեր մասնագետների լիակատար, ճիշտ փոխհամագործակցությունն է, միասնական, թիմային գործունեությունը, որտեղ վերջնական և ամենակարևոր արդյունքը հիվանդին առողջացնելն է:

Բժիշկը պետք է ապրի գաղափարներով (հայրենասիրական, մարդասիրական) ոգեշնչված, ամենամեծ բավականությունն ստանա շրջապատի մարդկանց առողջություն պարգևելուց, և դա անպայման կվերադառնա և իրեն, և իր հարազատներին:

Օգտվելով առիթից` կցանկանայի խոսել նաև մի մտահոգության մասին: Մեր ժողովուրդը և ղեկավարները (քանի որ նրանք պետք է օրինակ ծառայեն) Հայաստանի համար կարևոր այս ժամանակահատվածում պետք է հիշեն, որ մենք աշխարհի հնագույն և զտարյուն ազգերից ենք` Աստծո կողմից ընտրյալ, պետք է դասեր քաղենք պատմությունից, գոնե այժմ թույլ չտանք նախկին սխալները: Ապրենք հային վայել գաղափարներով ու վարքով, ծառայենք մեր խղճին և մեր հայրենիքի, ազգի բարօրությունը վեր դասենք անձնական շահից… երկու հակադիր նպատակների չես կարող ծառայել … ուրեմն միավորվենք, ապրենք մեկ ընդհանուր նպատակով, մեկ ընտանիքի պես…

Հասմիկ Գյոզալյան