Ամենալավ զենքը բոլոր դժվարությունների դեմ համերաշխ ընտանիքն է

Զրույց ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի ճառագայթային ախտորոշման բաժանմունքի բժիշկ-ճառագայթաբան, բուժծառայության կապիտան Անուշ Աղասարյանի հետ

Անուշ Աղասարյանը ավարտել է ԵՊԲԻ-ը, հետբուհական կրթությունը շարունակել ինտերնատուրայում (1996-1997 թթ.), ապա կլինիկական օրդինատուրայում (2004-2006 թթ.): Ծառայությունը ՀՀ Զինված ուժերում սկսել է 1998 թ.՝ նշանակվելով Մեխակավանի հոսպիտալի թերապիայի բաժանմունքում որպես բժիշկ-օրդինատոր: Ծառայել է Վանաձորի, ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալներում, 2011 թ-ից ծառայում է Երևանի կայազորային հոսպիտալի ճառագայթային ախտորոշման բաժանմունքում որպես բժիշկ-ճառագայթաբան:

-Ես գիտեմ, որ Ձեր ծառայությունը Զինված ուժերում շատ հետաքրքիր ու ինքնատիպ է սկսվել՝ բանակաշինության ամենածանր տարիներին և Մեխակավանում, որտեղ այդ ժամանակ նաև Ձեր ամուսինը՝ Սահակ Օհանյանն էր ծառայում:

-Այո, երբ ես դեռ սովորում էի Երևանի պետական բժշկական ինստիտուտում, ամուսինս՝ որպես երկտարեցի զինծառայող, բժիշկների առաջին կանոնավոր զորակոչով մեկնեց Մեխակավան: Երբ նրա ժամկետային ծառայության ժամանակը լրացավ, և նրան առաջարկեցին շարունակել ծառայությունը Մեխակավանի հոսպիտալում որպես հրամանատար, մենք որոշեցինք, որ միասին ենք շարունակելու ծառայությունը: Ես իմ ամուսնու մեջ մեծ ուժ էի տեսնում, մեծ վճռականություն և չէի ցանկանում խանգարել նրան:

1998թ. ես էլ բժիշկների զորակոչով մեկնեցի Մեխակավան. դա Զինված ուժերում իմ առաջին նշանակումն էր՝ Մեխակավանի հոսպիտալի թերապիայի բաժանմունքում որպես բժիշկ-օրդինատոր: Ես գիտակցում էի՝ ուր եմ գնում, և պատրաստ էի… Չեմ ափսոսում, որովհետև բավականին հետաքրքիր կյանք ենք ունեցել՝ ազնիվ, հպարտ, բովանդակալից: Ավագ դուստրս՝ Անահիտը, այն ժամանակ երեք տարեկան էր, նրա համար իհարկե շատ դժվար էր, երեխան զրկվել էր իր բոլոր «վայելքներից»՝ մանկապարտեզ, ընկերներ, խաղեր, բայց մենք փորձում էինք նրա համար նոր հետաքրքրություններ ստեղծել, որ չտխրի: Մյուս զինվորականների կանանց, երեխաների հետ կապվել, մտերմացել էինք, միմյանց օգնում էինք, անկեղծ, ջերմ ընկերություն էր մեր միջև…

Մեր ընտրած ճանապարհի մեջ գաղափար կար, նպատակ, նվիրում, դա էր միավորում բոլորիս: Ամբողջ բուժանձնակազմը՝ մոտ 70 հոգի, մի ընտանիքի նման էր ապրում: Հոսպիտալի բուժանձնակազմի մեծ մասը երկտարեցի զինծառայողներ էին, նաև ունեինք բժիշկներ՝ մոտ 40 տարեկան, որոնք իրենց գիտելիքներով, բժշկական հոտառությամբ ճշգրիտ ախտորոշում էին հիվանդությունը և բուժում… Դիագնոստիկ սարքավորումներ չունեինք, կլինիկական լաբորատորիա չկար, և բժիշկը, հիմնվելով միայն գանգատների, հիվանդության նշանների վրա, որոշում էր կայացնում. դա մեծ պատասխանատվություն էր, ու պիտի ասեմ, որ նրանք չէին սխալվում: Նրանց աշխատանքը տեսնելով, նրանց փորձը կիրառելով՝ մենք՝ երիտասարդներս, այնքան նրբություններ էինք յուրացնում, որոնք ոչ մի գրքից հնարավոր չէր սովորել:

-Տարիներ առաջ համացանցը այսքան բաց չէր, և հասարակությունը գրեթե տեղյակ չէր՝ ինչ է առաջնագծում կատարվում: Զինադադարը պահպանվո՞ւմ էր այն ժամանակ:

-Ոչ, սահմաններում միշտ էլ դեպքեր լինում էին, ծանր վիրավորներ էին բերում, և ցավոք, նաև կորուստներ էինք ունենում: Այդ տարիների բոլոր կորուստները ծանր հետք են թողել իմ հիշողությունների մեջ: Պատերազմը նոր էր ավարտվել, մեր բանակը նոր էր կազմավորվել, և դեռ այնքան չլուծված խնդիրներ, դժվարություններ կային: Այդ բոլոր դժվարությունները միասին հաղթահարելով՝ այսօր անհամեմատ հզոր ենք: Այսօր էլ մեր բոլոր ձեռքբերումները պահպանելու, նոր հաղթանակներ ունենալու միակ գրավականը միասին, միաբան լինելն է:

-Երբ առաջին անգամ ՝ Ձեր ամուսնու հետ հարցազրույցի ժամանակ, տեսա Ձեզ, հրաշալի միտք ասացիք. «Մենք գրեթե միշտ միասին ենք եղել՝ միասին Մեխակավան, միասին Սանկտ Պետերբուրգ, միասին Վանաձոր… Այստեղ էլ միասին ենք… »: Դժվար չէ՞ր համատեղել՝ զինվորականի կին, զինվորական բժիշկ և մայր…

-Ես հասկանում էի, որ ես այնքան զինվորական չեմ, որքան իմ ամուսինը, որ իմ երազանքները այնքան կարևոր չեն, որքան նրա նպատակները… Եվ համարել եմ, որ ես եմ պատասխանատու իմ աղջիկների դաստիարակության, կրթության համար, իմ ընտանիքի ամրության, խաղաղության համար: Երբ ամուսինը զինվորական է, կինը պետք է ամեն ինչ անի, որ նա խաղաղ ներաշխարհով գնա ծառայության, հանգիստ լինի ընտանիքի, զավակների համար: Ինձ համար դա էր առաջնայինը:

Բայց այնուամենայնիվ, երբ ժամանակը եկավ, նա էլ ինձ օգնեց, և ես կարողացա իրագործել իմ երազանքը. ուլտրաձայնային հետազոտությունը միշտ հետաքրքրել է ինձ: 2004 թ. ընդունվեցի կլինիկական օրդինատուրա և երկու տարի սովորելով՝ ստացա բժիշկ-ճառագայթաբանի որակավորում:

-Ի՞նչ ծրագրով է մեզ մոտ իրականացվում բժիշկ-ճառագայթաբանների ուսումնառությունը:

-Ես սովորել եմ Գիդուվի ծրագրով: Հիմնական պահանջը այն է, որ բժիշկ-ճառագայթաբանը պետք է տիրապետի հետազոտող-ախտորոշիչ բոլոր սարքավորումներին:

-Ձեր բաժանմունքը հագեցած է Տոշիբա ընկերության APLIO 400 գերժամանակակից սարքավորումով. ի՞նչ հնարավորություններ, առավելություն ունի այն:

– Տոշիբա ընկերության APLIO 400-ը սարքավորումը մեր հոսպիտալին տրամադրեց ՊՆ Ռազմաբժշկական վարչությունը: Ամենատարրական առավելությունը մոնիթորի մեծությունն է, ավելի պարզ, մատչելի տեսանելությունը, և իհարկե, լրացուցիչ բազմաթիվ ծրագրային հնարավորություններ…

-Տիկին Աղասարյան, Կանանց միամսյակը դեռևս ուժի մեջ է… Ի՞նչ կմաղթեք մեր կին ընթերցողներին, բոլոր հայուհիներին:

-Ուզում եմ շնորհավորել բոլոր կանանց, նրանց ընտանեկան բարեկեցություն, հաջողություններ, առողջություն եմ մաղթում: Սիրելով և նվիրվելով յուրայիններին, ցավոք, հայ կինը հաճախ իրեն է մոռանում, մաղթում եմ նրանց, որ ավելի ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ, լինեն գեղեցիկ, սիրեն, սիրվեն, երջանկություն եմ մաղթում նրան:

-Ե՞րբ է կինը երջանիկ:

-Կանայք տարբեր են, և նրանցից յուրաքանչյուրը երջանկության իր պատկերացումներն ունի: Ինձ համար ամենակարևորը իմ ընտանիքն է, իմ աշխատանքը, իմ հարազատների առողջությունը… և իհարկե, մեր երկրի խաղաղությունը: Ես երջանիկ եմ, երբ իմ ընտանիքում եմ՝ իմ հարազատների կողքին, երբ իմ աշխատավայրում եմ, որտեղ զինվորը անկեղծ ժպիտով ողջունում է ինձ , և նրա հայացքում ես հարգանք, երախտագիտություն եմ տեսնում:

-Երբ երեկոյան աշխատանքից հետո վերադառնում եք տուն, բժիշկների ընտանիքում մասնագիտական, ծառայողական խոսակցություները նորից շարունակվո՞ւմ են…

-Ծառայությունը մեր կյանքի անբաժան մասն է: Մեր ընտրած մասնագիտությունը և համակարգը պահանջում են, որ մշտապես տեղեկացված լինենք… Բայց մեզ արդեն օգնում են մեր աղջիկները… իրենց ուրախ, անկեղծ մտքերով, իրենց ցանկություններով ու երազանքներով մեզ ուրիշ աշխարհ են տեղափոխում: Հավատացեք, ամենալավ, ամենաուժեղ զենքը բոլոր դժվարությունների, հիասթափությունների դեմ համերաշխ ընտանիքն է:

-Բժշկի մասնագիտության մեջ ցավը, հույսը, պայքարը հաջորդում ու նախորդում են իրար… Շնորհավորում եմ Ձեզ կանանց տոնի առթիվ, մաղթում եմ, որ Ձեր բոլոր հույզերը ավարտվեն հաղթողի լուսավոր գոհունակությամբ…

Էդիտա Մելքոնյան