Իմ բուժկետում միշտ թարմ ծաղիկներ կային…

Արցախյան պատերազմն արդեն մոլեգնում էր: Առաջնագծում ամեն օր զոհեր ու վիրավորներ կային… բուժաշխատողների ներկայությունը մարտադաշտում օդ ու ջրի պես պետք էր:

Արցախյան գոյապայքարը վերահաստատեց դարերից եկած այն ճշմարտությունը, որ նուրբ ու քնքուշ հայուհին օրհասի պահին կարող է զենք վերցնել ու տղամարդկանց հետ ուս ուսի պայքարել` հանուն ընդհանուր նպատակի … Հայուհին մարտի դաշտում գթության քույր էր ու նաև ռազմիկ…

Աիդա Սերոբյանն աշխատում էր մայրաքաղաքի պոլիկլինիկաներից մեկում և առաջիններից էր, որ, երեխաներին թողնելով մոր խնամքին, մեկնեց Արցախ` վիրավոր մարտիկներին փրկելու: Սակայն առաջին բուժօգնության պարագաների հետ միասին նաև զենք վերցրեց ու կռվեց. կռվեց մինչև վերջ…

Մասնակցեց Մարտակերտի, Աղդամի, Շուշիի, Քելբաջարի, Ֆիզուլիի, Կուբաթլոփ, Զանգելանի, Ջաբրայիլի, Չլդրան-Կիչանի ու Վաղահասի ազատագրման և ինքնապաշտպանական մարտերին` միաժամանակ կրակից դուրս բերելով ու փրկելով վիրավոր մարտիկներին…

 

Մեր զրուցակիցը «Արցախյան պատերազմի մասնակից կանանց» ՀԿ նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանն է:

– Տիկին գնդապետ, ես հիշում եմ` մի քանի տարի առաջ, երբ առաջին անգամ զրուցեցի Ձեզ հետ, երկար ժամանակ Ձեր պատմություններից ստացած տպավորություններս թարմ էին… Դուք առանց վարանելու գնացիք Արցախ… գնացիք` վիրավորներին օգնելու… ու կռվելու հայրենիքի ազատագրության համար…

-1991-ի վերջն էր: Աշխատանքից արդեն տուն էի եկել (աշխատում էի պոլիկլինիկաներից մեկում), խոհանոցում էի… Հյուրասենյակից լսվում էր հեռուստացույցի ձայնը. արտակարգ հաղորդագրություն էր: Վազեցի հյուրասենյակ… Հաղորդում էին, որ Արցախում բուժաշխատողների անհրաժեշտությունը մեծ է, քանի որ վիրավորներ շատ կան: Օրվա ընթացքում 10-12 անգամ այդ հաղորդագրությունը կրկնվեց: Ես ամբողջ գիշեր չկարողացա քնել, իսկ առավոտյան պոլիկլինիկա գնալու փոխարեն գնացի «Ղարաբաղ» կոմիտե: Ի դեպ` այդ ժամանակ ես ՆԳՆ կուլտուրայի պալատում առաջին բուժօգնություն էի դասավանդում: Մտածեցի, որ եթե ես չգնամ, ո՞վ պետք է գնա… Ինձ ուղարկեցին առողջապահության նախարարություն, իսկ 20 րոպե անց գործուղման թերթիկն արդեն ձեռքիս էր: Պետք է գնայի Մարտակերտ, որտեղ իրավիճակը խիստ լարված էր… Մորս ասացի, որ գործուղվել եմ Ջերմուկ` հանգստյան տներից մեկում աշխատելու: Շատ ուրախացավ, մի մեծ բաժակ նվիրեց, ասաց` ամեն օր կգնաս բուժիչ ջրերից կխմես (ժպտում է): Երեխաներիս թողեցի մորս խնամքին, ինքս մեկնեցի Արցախ, ընդգրկվեցի Հաթերք գյուղի ազատագրական ջոկատում: Այնտեղ ընդամենը երկու օր առաջ մի տղա էր զոհվել, ոտքից էր վիրավորվել, սակայն մինչև սարից իջեցրել էին, արյուն շատ էր կորցրել…

– Պատերազմի սարսափների ու արհավիրքի մեջ ինչպե՞ս է կնոջը հաջողվում մնալ կին…ու հիմա էլ այնքան կանացի եք` նույնիսկ զինվորական համազգետսով և գնդապետի ուսադիրներով:

 

– Կանայք տղամարդկանց հավասար կրեցին պատերազմի բոլոր դժվարությունները: Երբ վիրավոր էի ունենում, զենքս մի կողմ էի դնում, վիրակապում… Եթե վիրավորի կյանքին վտանգ էր սպառնում, անձամբ տեղափոխում էի դաշտային հոսպիտալ, իսկ եթե թեթև էր վերքը, վիրավորին ուղարկում էի, ես մնում…

Անկախ բոլոր դժվարություններից` կինը կին է` թեկուզ մարտի դաշտում: Պատկերացրեք` ամեն մարտից առաջ ես հասցնում էի մազերս հարդարել, անգամ շրթներկ էի օգտագործում…

Մարտերի ժամանակ անկախ նրանից` որևէ բնակավայրում էինք, թե բնակավայրից դուրս, ես տներից մեկում փոքր հոսպիտալ էի բացում, որպեսզի թեթև վիրավորներին այնտեղ բուժօգնություն ցուցաբերեմ: Իմ բուժկետում միշտ թարմ ծաղիկներ կային:

Ծաղիկներ, առհասարակ, շատ եմ սիրում: Մարտերից առաջ կամ զինադադարների ժամանակ անպայման դաշտային ծաղիկներ էի հավաքում: Երբ մի փոքր տեղ ձյունը հալվում էր, փնջով փոքրիկ ծաղիկներ էին աճում` մի արմատի վրա, բայց տարբեր գույնի ծաղկաթերթիկներով.. Հիշում եմ` Կուսապատ գյուղի ազատագրման ժամանակ էր, առաջ գնալու հրաման դեռ չկար: Ծաղիկների փոքրիկ փունջ էի կապել: Հայտնեցին, որ վիրավոր կա… մոտեցա, որ օգնեմ: Տեսա` նաև զոհ ունենք. երտասարդ տղա էր: Չիմացա ով էր, անգամ անունը չիմացա: Իմ գրպանի ծաղիկների փունջը դրեցի զոհված զինվորի գրպանը… Անկեղծ ասած` մինչ օրս մտածում եմ` երբ տեսել են ծաղիկը, ի՞նչ են մտածել….

– Որքան էլ դժվար է, այնուամենայնիվ պիտի խնդրեմ, որ վիրավորներին բժշկական օգնություն ցուցաբերելու դեպքերից հիշեք…

– Օմարի լեռնանցքից վիրավոր էի դուրս բերում: Այտոսկրը փշրված էր, զարկերակը վնասվել էր: Ոչ մի կերպ հնարավոր չէր վիրակապ դնել և արյունը դադարեցնել: Ես նստել էի մեքենայի հատակին` պատգարակի վրա` վիրավորի գլուխը գրկիս: Մի ձեռքով բերանի ներսից, մյուսով դրսից սեղմում էի, որ հնարավորինս քիչ արյուն կորցնի: Ինչքան էլ ամուր էի սեղմում, արմունկներիցս արյունը կաթում էր: Մոտ 40 կմ ճանապարհ պիտի կտրեինք մինչև դաշտային հոսպիտալ հասնելը, որը Քոլատակում էր: Օմարի լեռնանցքից Քարվաճառով, Դադիվանքով, Չարեքտարով դուրս եկանք, հասանք Չլդրանի անտառ: Հանկարծ մեքենան կանգնեց… վիրավորն արյուն էր կորցնում, անհամբեր սպասում էի` երբ պետք է հասնենք հոսպիտալ: Վարորդին հարցրեցի, թե ինչու ենք կանգնել, ասաց` Ռոլեսը ճանապարհը փակել է: Կանչեցի Ռոլեսին, բացատրեց, որ քիչ առաջ այդ ճանապարհի մի հատվածում մեքենա է պայթել ականի վրա, և այժմ անտառի միջով նոր ճանապարհ են բացում: Հետաքրքրվեցի, թե ինչքան կտևի, ասաց, որ 4-5 ժամ: Վիրավորն այդքան չէր դիմանա: Խնդրեցի ճանապարհը բացել: Մեծ դժվարությամբ համոզեցի և անցանք: Արդեն հասել էինք Քոլատակ, երբ իմացանք, որ մեզնից անմիջապես հետո ևս մի մեքենա է պայթել: Բարեբախտաբար, մեծ մեքենա էր, վարորդը չէր վնասվել:

Մի դեպք ևս տպավորվել է… Մարտակերտի շրջանի Լուլասաս գյուղի ազատագրման ժամանակ գնացել էինք վիրավորին դուրս բերելու: Ճանապարհն անցնում էր դաշտի միջով: Պիտի հասնեինք Մաղավուզի գերեզմանոց. վիրավորն այնտեղ էր: Ադրբեջանցիների տանկը սկսեց խփել մեր ուղղությամբ: Սանիտարական մեքենան խաղալիքի պես աջ ուձախ էր թռչում արկի պայթյուններից: Տեսա, որ չափազանց վտանգավոր է, վարորդին ասացի մեքենան կանգնեցնի: Հեռվում մասուրի թուփ կար, մենք 5 հոգով վազեցինք` այնտեղ պատսպարվելու: Փոքրիկ թուփ էր. մի կերպ պատսպարվեցինք` մեկս մյուսիս վրա (ժպտում է): Ամենաներքևում պառկածը սկսեց աղաղակել` դոխտու՜ր վետնըս, դոխտու՜ր, վետնըս… Մտածեցի` երևի ոտքը թմրել է, ասացի` հիմա դրա ժամանակը չէ: Հետո նկատեցի, որ արկի բեկորը ոտքի թաթը կտրել էր. կոշիկի հետ կախված էր… Սվին դանակը հանեցի, կոշիկը կտրեցի, որ ոտքը չայտուցվի. և ասացի` ոչինչ, ջանիդ մատաղ, էս մի ոտքիդ կոշիկը « детский мир»-ից կգնես…. ոտքը փոքրացել էր: Ով կատակի տրամադրություն ուներ, պարզապես հույս էի տալիս, որ պատահածը սարսափելի չէ:

-Ես գիտեմ, որ ազատամարտի ընթացքում հայ բժիշկները նաև ադրբեջանցի գերիներին են բուժօգնություն ցույց տվել… Նման պատմություններ կան…

– Այո… անգամ եղել են դեպքեր, երբ իմ կտոր հացը տվել եմ նրանց: Հիշում եմ` մի հղի կնոջ դուրս բերեցինք Քարվաճառից: Շուտով պետք է ծննդաբերեր: Հասցրեցինք Ստեփանակերտ: Տասն օր հետո, երբ ծանր վիրավոր էի տարել Ստեփանակերտ, վարորդին ասացի` գնանք տեսնենք արդեն ծննդաբերե՞լ է…

Հասանք ծննդատուն: Բուժքույրը բակում կացինով փայտ էր ջարդում: Ինձ տեսնելով` ասաց` դոխտուր, թորքդ ազատվել ա…

Որոշեցինք տղայի անունը Արցախ դնել: Գնացի հիվանդասենյակ: Դռան մոտ ինքնաձիգով զինված զինվոր էր կանգնած, որպեսզի հանկարծ ադրբեջանցուն որևէ մեկը չվիրավորի կամ չանհանգստացնի: Ես զինված էի, և երբ ներս մտա, կինը վախից երեխայի բարուրը քաշեց դեպի իրեն: Հասկացա, որ անգամ գերության մեջ մայրը փորձում է պաշտպանել իր երեխային: Որպեսզի չվախենա, ներկայացա, ասացի, որ բուժաշխատող եմ: Այդ կնոջ և իր երեխայի նկատմամբ խղճահարություն էր առաջացել… Երեխային երբ տեսա, իմ երեխաներին հիշեցի: Ուզում էի ինչ-որ լավ բան անել նրանց համար… Հիշեցի, որ Քարվաճառ մտնելիս 2 օր առաջ Մոնթեն ինձ 2 կտոր շաքար էր տվել, գտա, դրեցի պահարանին, ասացի` թեյ կխմես: Որոշ ժամանակ հետո կրկին ուզում էի այցելել նրանց, սակայն իմացա, որ արդեն փոխանակել են:

-Իսկ հետաքրքիր է` հայտնի՞ են դեպքեր, երբ ադրբեջանիցներն են հայ գերիներին օգնել… Թեև դժվարանում եմ հավատալ:

– Անկեղծ ասած` նման դեպքեր ես չեմ լսել…ընդհակառակը, եղել են դեպքեր, երբ նահաջել ենք, մեր տղաների դիակները խոշտանգել են: Կտրել են գլուխները, տարել իրենց հետո: Հետագայում, երբ ազատագրել ենք այդ տարածքները, գտել ենք մեր զոհված մարտիկների անգլուխ մարմինները… Նրանց ինքնությունը հնարավոր է եղել որոշել հագուստով:

-Տիկին գնդապետ, ես գիտեմ, որ մեր հրամանատարներից ոմանք, օրինակ` Մոնթեն դեմ էր, որ կանայք զենք վերցնեն… Իսկապես այդպե՞ ս էր…

 

– Ես նույնպես լսել էի, որ Մոնթեն դեմ է… Ես առաջին կինն եմ եղել, որ Մոնթեի հետ զինված մարտի եմ գնացել: 1992-ի դեկտեմբերն էր, ազատագրում էինք Մարտունու շրջանի Գևորգավան գյուղը: Ես «Արցախ» փրկարարական ծառայության կազմում էի: Երբ մոտեցա Մոնթեին, հարցրեց` Դուն բիժի՞ շկ ես: Ասացի` այո: Ասաց` Է , բիժիշկ, դուն ա՞ լ մեզ հետ պիտի գաս, թե՞ հոս պիտի մնաս: Ասացի` Ավո ջան հոս մնում եմ, ի՞ նչ անեմ, ես Մարտակերտի մարտերն եմ թողել, եկել…և, իհարկե, գնացի (ժպտում է): Գևորգավանն ազատագրվեց: Մոնթեն ինձ կարմիր փորքիկ պայուսակ էր նվիրել` վրան սպիտակ խաչ: Ես ամբողջ պատերազմի ընթացքում դա կրել եմ, իսկ հիմա Մայր Հայաստան թանգարանում է:

– Դուք նաև «Արծիվ» մահապարտների հետ եք մասնակցել մարտական գործողությունների…

– Այո: 1992-ի սեպտեմբերին մահապարտները եկան` Վազգեն Սարգսյանի կոչով: Օրհասական պահ էր: Մարտակերտից 5 գուղ էր մնացել մեր ձեռքում: Գանձասարը վտանգված էր: Մենք Գանձասարում երդվեցինք, որ եթե թուրքը պիտի գրավի Գանձասարը, ապա միայն մեր դիակների վրայով: Ու փառք Աստծո, Գանձասարը չկարողացան ավերել, անգամ երբ ռմբակոծեցին ինքնաթիռով:

Տեր Հովհաննեսը, զենքը ձեռքին, մեզ հետ կռվում էր… : Հիշում եմ` հիվանդ էր, եկել էր Վանք գյուղ` բուժկետում ներարկվելու: Նկատեցինք, որ ՍՈՒ ինքնաթիռն անմիջապես Գանձասարի վրայով է թռչում: Պայթյուն որոտաց, և ծուխ բարձրացավ Գանձասարից: Տեր Հովհաննեսը վազեց դեպի մեքենան, ես էլ իր հետևից: Բարձրացանք. Գանձասարի համալիրին կից շինությունն էր վառվում, որտեղ գրադարանն էր, խցերը: Եկեղեցին, փառք Աստծո, կանգնուն էր: Զոհ և վիրավորներ ունեինք: Երկհարկանի շենքի երկրորդ հարկն ամբողջությամբ այրվում էր: Տեր Հովհաննեսն զգուշացրեց, որ ականները կպայթեն ու վազեց դեպի շինության ներսը: Ես հետևեցի նրան: Արկղերով հանում էինք ականները և դասավորում թթի ծառի տակ: Վերջին անգամ երբ ներս մտանք, նայեցի շուրջս, որ տեսնեմ` ինչ կա վերցնելու: Առանց կազմի մի գիրք տեսա, արագ վերցրեցի: Այդ պահին առաստաղը ճռնչաց, կրակ թափվեց ձեռքերիս վրա, գոռացի` Տեր Հովհաննես, շինությունը քանդվում է և վազելով դուրս եկա: Դուրս եկավ նաև Տեր Հովհաննեսը և շենքը փլվեց… մենք հրաշքով փրկվեցինք: Տեր Հովհաննեսը հետագայում ասաց, որ վերջին պահին «Մխիթար Սպարապետն» եմ փրկել: Վիրավորներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելուց հետո կրկին բարձրացանք Գանձասար: Հրդեհը մարել էր, կանգնել էինք սևացած պատերի մեջ: Մի մեծ կաթսայի մեջ կարտոֆիլ կար: Կաթսայի մի կողմը հալվել էր, իսկ կարտոֆիլը` խորովվել: Մի պահ միայն նկատեցինք, որ կարտոֆիլը մաքրում ենք և ուտում… ամբողջ օրը քաղցած էինք եղել:

– Տիկին գնդապետ, Դուք պատմում եք սարսափելի տխուր բաների մասին, սակայն երբեմն-երբեմն ժպիտ է հայտնվում Ձեր դեմքին… Կարո՞տ է…

-Կարոտում եմ այդ օրերի ոգին, խիզախությունը, մաքրությունը: Շատ ժամանակ քաղցած էինք, ու եթե մեկի մոտ մի փոքրիկ կտոր հաց էր լինում, փշրանքների էինք բաժանում, որպեսզի բոլորին բաժին հասներ: Ես պատերազմից նոր էի վերադարձել, իմացա, որ Երևանում 5000 դրամի համար մարդ էին սպանել… ես ցնցվել էի: Իսկ մենք մարտի դաշտում մի պատառ հացը կիսում էինք…

Հասմիկ Գյոզալյան

Լուսանկարները` Աիդա Սերոբյանի անձնական արխիվից

  • 4 (1)
  • 3 (1)
  • 2 (1)
  • 1 (2)