Նորայրը լիովին ապաքինվելու է

Հուլիսի 31-ին ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ թշնամին ձեռնարկել էր հերթական հարձակումը:

 

Մեր տղաները 4 հոգով էին… գնում էին սնունդ տեղափոխող ավտոմեքենային ընդառաջ: Դարանակալած մինչև ատամները զինված ադրբեջանցի հատուկջոկատայինները մոտ տարածությունից կրակահերթ արձակեցին մեր տղաների ուղղությամբ:

Շարքային Նորայր Քամալյանը, համաձայն մարտական հաշվարկի, լինելով ամբողջությամբ անզեն, ձեռնամարտի բռնվեց 3 ասկյարի հետ: Անգամ վիրավոր վիճակում (սրտի շրջանում արդեն վիրավորում ուներ) մեր զինվորը զգալի վնաս հասցրեց ասկյարներին, խուճապի մատնեց և ստիպեց փախչել… ապա և գտավ զոհված ընկերներին:

Ցավոք, այդ օրը զոհվեցին շարքային Ազատ Ասոյանը և սերժանտ Արարատ Խանոյանը…

Նորայր Քամալյանը ծանր հրազենային վիրավորումներով անմիջապես տեղափոխեց Ստեփանակերտի հոսպիտալ, ապա նույն օրը` ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկակական զինվորական հոսպիտալ:

Այս ժամանակահատվածում Նորայր Քամալյանը ծանր վիարահատություններ է տարել: Մշտապես շրջապատված լինելով բժիշկների հոգատարությամբ ու սրտացավ վերաբերմունքով` նաև իր ամուր կամքի շնորհիվ Նորայրն արդեն ապաքինվում է. վերջնական առողջացման փուլը հեռու չէ:

Օրեր առաջ Նորայր Քամալյանը կրկին վիրահատվել է:

Մեր այցելության ժամանակ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Կարեն Սևտերտերյանը, ով վիրահատել է Նորայր Քամալյանին, պատմեց վիրահատությունների, բուժման ընթացքի մասին.

«Երբ Նորայրը տեղափոխվեց մեր հոսպիտալ, Ստեփանակերտի հոսպիտալում արդեն կատարվել էր վերքերի առաջնային վիրաբուժական մշակում. հեմոստազ` արյունը կանգնեցնելու նպատակով և բերանի խոռոչի դեֆեկտի նախնական վերացում: Հեռացվել էր նաև կրծքավանդակից գնդակը:Կայազորային հոսպիտալներում առաջնային վիրաբուժական մշակման ժամանակ շատ հաճախ փորձում են վերջնական վիրաբուժական մշակում կատարել, ինչը հաճախ բերում է հյուսվածքների գերկորստի: Առաջնային վիրաբուժական մշակում կատարող վիրաբույժի կողմից տվյալ դեպքում որևէ ոսկրային բեկոր չէր հեռացվել` անգամ մանր բեկորները: Դա, իհարկե, տրամաբանական է այն դեպքերում, երբ սպասվում է նեղ մասնագիտական վիրահատական միջամտություն»:

Հուլիսի 31-ի միջադեպի ժամանակ հավանաբար կատարվածի անսպասելիությունը, արագությունը, ֆիզիկական ու հոգեկան ցավը մոռացնել էին տվել Նորայրին իր վերքերի մասին…

Բժիշկը պատմում է, որ սկզբնական շրջանում նա չէր խոսում գլխի հրազենային վիրավորման մասին: Պնդում էր, որ կրակել են միայն կրծքավանդակին:

«Վնասվածքը, սակայն, տիպիկ հրազենային էր»,-ասում է դիմածնոտային բաժանմունքի պետը և հավելում.

«Գոյություն ուներ մուտքի անցք` ենթածնոտային շրջանում, ստորին ծնոտի և վերին ծնոտի մանր բեկորային վնասվածք` ոսկրային հյուսվածքների մեծ դեֆեկտով: Կասկած անգամ չունեինք, որ հրազենային վիրավորում է և բուժումն սկսեցինք ` հաշվի առնելով դրա առանձնահատկությունները»:

Հաջորդ իսկ օրը կատարվել է վերքերի երկրորդային վիրաբուժական մշակում:

Norayr 1

«Վիրահատության ժամանակ պատկերն ավելի պարզ դարձավ, որ գործ ունենք վերին ծնոտի ձախ կեսի գրեթե սուբտոտալ բացակայության հետ, այսինքն` առկա էր կարծր քիմքի դեֆեկտ, բերանը հաղորդակցվում էր հայմորյան ծոցի և քթի խոռոչի հետ: Նաև առկա էր ստորին ծնոտի մարմնի ձախ կեսի դեֆեկտ` մանր բեկորային վիրավորում, բերանի խոռոչի կողմից փափուկ հյուսվածքներ էին բացակայում:

Առաջին վիրահատության ժամանակ կատարվեց քիմքի պլաստիկա: Մանր բեկորները հեռացվեցին և տեղային հյուսվածքներով ձևավորվեց լաթ` փափուկ հյուսվածքներից, և դեֆեկտը փակվեց: Կատարվեց ստորին ծնոտի մանր պահպանված բեկորների ֆիքսացիա: Փափուկ հյուսվածքների մեջ մնացած բեկորները հավաքվեցին և տեղադրվեցին ծնոտի վրա: Դա խիստ ռիսկային էր, սակայն փորձեցինք…եթե բեկորները սերտաճեին, մենք կշահեինք. դեֆեկտը ավելի փոքր կլիներ: Ստորին ծնոտը վերականգնվեց հաստ մետաղական թիթեղով և պտուտակներով, որը ՊՆ-ն անցած տարի է ձեռք բերել: Ի դեպ` մեր սարքավորումները բարձակարգ են: Հպարտությամբ կարող եմ ասել, որ եվրոպական երկրների լավագույն կլինիկաներին մենք տեխնիկական առումով չենք զիջում: Մեր սարքավորումները բոլորը եվրոպական են և որակյալ»:

Բժիշկը հիացմունքով նշում է, որ Նորայր Քամալյանը զարմանալի արագությամբ իրենց աչքի առաջ ապաքինվել է: Անկախ սպասելիքներից` վերին ծնոտի դեֆեկտը առաջնային ձգումով առողջացել է, ինչը շատ հազվադեպ է լինում:

«Մեր աչքի առաջ ուղղակի հրաշքով վերքը ապաքինվում էր: Ստորին ծնոտի վերքը երկրորդային ձգումով լավացավ: Առկա էր մոլեկուլյար ցնցման զոնա, դա սկսեց նեկրոզվել, քայքայվել, բայց ի վերջո մանր վիրակապությունների միջոցով վերքն ամբողջովին առողջացավ և մեռուկացված հատվածների հեռացմանխնդիր չառաջացավ: Մեծ լարվածությամբ հետևում էինք մեր դրած փոքր բեկորների կենսունակությանը: Կրկին հրաշք տեղի ունեցավ: Նաև Նորայրի ամուր առողջության շնորհիվ այդ բեկորները սերտաճեցին»:

Առաջին վիրահատության ժամանակ արդեն իսկ պլանավորվել էր, որ դա սկզբնական փուլն է միայն: Վիրահատության նպատակը դեֆեկտը հնարավորինս փորքացնելն էր, անկենսունակ հյուսվածքները հեռացնելը:

«Վիրահատության արդյունքն ամբողջությամբ մեզ բավարարեց: Երկորդ վիրահատությունը պլանավորվել էր 6 ամսից ոչ շուտ, որպեսզի ստորին ծնոտի մարմնի դեֆեկտը շտկվի: Մեր վերջնական նպատակը ամբողջական ապաքինումն է` ստորին ծնոտի ամբողջականության վերականգնումը, մետաղական կոնստրուկացիաների հեռացումը, ատամների իմպլանտացիան: Երկրորդ վիրահատությունը պլանային կարգով կատարվել է օրեր առաջ: Ստորին ծնոտի դեֆեկտի շրջանում ոսկրի աճեցման նպատակով տեղադրվեց վերջերս ՊՆ-ի կողմից ձեռք բերված, աշխարհում լավագույններից մեկը համարվող «Սինթեզ» ընկերության արհեստական ոսկրանյութ: Վիրահատությանը ներկա էր Գերմանիայից ժամանած վիրաբույժ` որպես դիտորդ, և մենք հպարտությամբ կատարեցինք մեր աշխատանքը. Գերմանիայի կենտրոնական զինվորական հոսպիտալում իմ աշխատած տարիներին կիրառվում էր ավելի մատչելի ոսկրանյութ, իսկ մենք օգտվում ենք լավագույնից: Ի ուրախություն բոլորիս` մեր տեղադրած բոլոր բեկորներն առանց բացառության սերտաճել են: Հեռացվեցին մետաղական ամրանները, և ստորին ծնոտի մարմնի դեֆեկտը լրացվեց ոսկրանյութով: Ամեն ինչ ընթանում է ըստ պլանի: Հետվիրահատական վիճակը համապատասխանում է կրած վիրահատության ծանրությանը:Կսպասենք վեց ամսից մեկ տարի` իհարկե Նորայրին մեր հսկողության տակ պահելով, իսկ ամբողջական վերականգնումից հետո կհեռացնենք մետաղական թիթեղը, կկատարենք ատամների իմպլանտացիա` հետագայում նաև օրթոպեդիկ բուժում»:

Հետարքրվեցինք, արդյոք հնարավո՞ր է խուսափել բոլոր հետևանքներից.

Բժիշկը վստահեցրեց, որ միայն սպիները կհիշեցնեն Նորայրին իր վիրահատությունների մասին: Սակայն անգամ սպիները գրեթե աննկատ կլինեն: Այս պահի դրությամբ էլ Նորայրը ֆունկիցոնալ խանգարումներ չունի:

«Նորայրը շատ ուժեղ կամքի տեր մարդ է: Վիրակապություների ժամանակ կամ նախավիրահատական շրջանում երբեք որևէ տրտունջ, բողոք չենք լսել: Երկրորդ վիրահատության ժամանակ ես ավելի ուրախ գտա նրան: Նորայրը լիովին գիտակցում է` ինչ է տեղի ունեցել: Այսօր նա դրական է տրամադրված ապագայի հանդեպ: Քամալյանի նման մարդիկ հեշտ են վերականգնվում: Նաև բժշկի համար է հաճելի դրական տրամադրված մարդկանց բուժելը», -իր խոսքն այսպես է ամփոփում Կարեն Սևտերտերյանը:

***

Բժիշկների սենյակում էի, երբ Նորայրը ներս մտավ: Նախորդ հանդիպման ժամանակ փնտրած ու այդպես էլ չգտած ժպիտը վերջապես գտա…

Նորայրը վստահեցրեց, որ արդեն լավ է…

-Ցավեր ունե՞ս, կարո՞ղ ես խոսել…

– Ոչ, այս պահին չի ցավում.. . ինձ լավ եմ զգում, ապաքինվում եմ: Օր օրի զգում եմ տարբերությունը:

Ասում է, որ վերջնական բուժումից հետո անպայման ցանկանում է աշխատել: Այս պահին, սակայն, մտածում է միայն ապաքինվելու մասին:

Իսկ հոգու վերքերը դեռ կսկծում են…

Զգուշորեն փորձում եմ հասկանալ, ցավը գոնե մեղմացե՞լ է….

Ընկերներին հիշելով` Նորայրի ժպիտը կրկին անհետանում է.

-Այդ ցավը չի մեղմանա: Ես շատ լավ ընկերներ եմ կորցրել` մարտական ընկերներ: Մարդ ինչպես կարող է մոռանալ իր ընկերներին….

Քայլում ենք դեպի հիվանդասենյակ. Նորայրի մայրը` տիկին Արինան, զրուցում է մի խումբ աղջիկների հետ: Հետո պատմում է, որ ուսանողուհիներ էին, դասախոսի հետ եկել էին Նորայրին տեսության:

Քիչ հետո միջանցքում հանդիպում եմ ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար Շահե Աճեմյանին. գնում էր Նորայրի մոտ…

Հասմիկ Գյոզալյան

Լուսանկարները` Արեգ Վարդանյանի