Երաժշտական բոլոր գործիքներս տանելու եմ…բուժկետ

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության amda.am կայքում և ֆեյսբուքյան էջում պարբերաբար կներկայացնենք այն շնորհալի երիտասարդներին, որոնք սովորում են ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետում և ստեղծագործում են… Նրանցից է Կարեն Խուդաբախշյանը. յոթ երաժշտական գործիք է նվագում՝ լարային և հարվածային, երգեր գրում…

ԵՊԲՀ-ի Ռազմաբժշկական ֆակուլտետի դեկան Սամվել Գալստյանը նրա մասին ասաց.« Շատ հաջողակ կուրսանտ է, ապագա սպա, որը համոզված եմ, ծառայության ընթացքում բարձր է պահելու մեր ֆակուլտետի պատիվը: Զարգացած է, բարոյահոգեպես կայուն, այնքան շրջահայաց է և հասուն, վստահ եմ՝ ցանկացած փորձության կդիմանա: Երբ բացահայտեցինք նրան, ամեն ինչ արել ենք, որ ուսմանը զուգահեռ կատարելագործի նաև իր երաժշտական ընդունակությունները, երբեք խնդիրներ չենք ստեղծել նրա համար, և այսօր էլ հաջողությամբ հանդես է գալիս տարբեր երաժշտական խմբերում»:

– Ես երգի, երաժշտության մեջ եմ մեծացել,- պատմեց ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետի 3-րդ կուրսի կուրսանտ Կարեն Խուդաբախշյանը:- Հայրս երաժիշտ է, դաշնամուր և ակորդեոն է նվագում: Հիշում եմ, երբ ինձ ԱՄՆ-ից գումար ուղարկեց. գնացի երաժշտական խանութ և մի լավ կիթառ գնեցի ինձ համար: Դա իմ առաջին գործիքն էր, հետո անցա բաս-կիթառի, հետո հարվածային գործիքների… Եթե որևէ երաժշտական գործիք հետաքրքրում էր ինձ, ես պիտի անպայման ունենայի այն և սովորեի:Երաժշտական դպրոց, ուսումնարան չեմ հաճախել, անհատական պարապմունքների շնորհիվ սովորել եմ նվագել և օրեցօր ինքս ինձանից ավելին պահանջելով՝ կատարելագործվել եմ: Հինգ տարի պարել եմ «Միկա» ազգագրական համույթում: Երբ փողոցում կամ կանգառում կանգնած հանկարծ հարվածային գործիքի կամ բաս-կիթառի ձայն եմ լսում, երաժշտությունը կլանում է ինձ, բոլոր զգայարաններով ապրում եմ երգը: Մի ժամանակ երգեր էի գրում՝ սիրային, նվագում էի տարբեր խմբերում, այսօր բաս-կիթառ եմ նվագում մեր բուհի «Կոմիտաս» երաժշտախմբում, մյուս ֆակուլտետներում էլ երաժիշտ ուսանողներ ունենք, և միջոցառումների ժամանակ պատվով ներկայանում ենք:

Ամեն օր վաղ առավոտյան 8.15 գալիս ենք համալսարան, պարապմունքները 9.00-ին են սկսվում, մեր ֆակուլտետի լսարաններից մեկում դաշնամուր կա, երբեմն նվագում եմ, մինչև դասը սկսվի: Այստեղ սովորող կուրսանտներին մեր դեկանը, դասախոսները ոգևորում են, մեզ լսում են և մեր ստեղծագործական ցանկությունները հաշվի առնում: Մեր կարգապահությունը և առաջադիմությունը դրանից ամենևին չի տուժում, ավելի պատասխանատու և պարտավորված ենք զգում մեզ այն մարդկանց առաջ, ովքեր մեզ վստահում են:

Շատերն են ասում, որ իմ նախասիրություններից, բուռն հետաքրքրությունից տարբեր մասնագիտություն եմ ընտրել, բայց դա պատահական ընտրություն չէ: Ես աննկարագրելի հպարտություն եմ զգում, երբ կրում եմ զինվորական համազգեստը, ես ուզում եմ, դառնալով ռազմական բժիշկ, իմ հայրենիքին օգտակար լինել և կլինեմ: Սրանք ինձ համար միայն խոսքեր չեն, այլ ճանապարհ է, նպատակ, որը պիտի իրագործեմ… Ես արդեն պատկերացնում եմ, ինչպես եմ ծառայելու: Երբ ծառայության նշանակվեմ զորամասային օղակում, երաժշտական բոլոր գործիքներս տանելու եմ… Գուցե բուժկետում, գուցե զորամասի որևէ անկյունում, բայց նվագելու եմ իմ հիվանդների համար, զինվորների համար եմ նվագելու: Ես առանց երաժշտության ապրել չեմ կարող:

Երիտասարդը խանդավառությամբ պատմում էր իր ծրագրերի մասին, աչքերը փայլում էին ոգևորությունից, իսկ ես արդեն տեսնում էի նրա երաժշտական բուժկետը…

Էդիտա Մելքոնյան