Ապագա զինվորական բժիշկը՝ բանաստեղծ

Այսօր մեր բարձրագույն կրթական համակարգում իր ուրույն տեղն ունի ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետը: Լինելով միակը, որ Հայաստանում կազմակերպում և իրականացնում է ռազմաբժշկական կրթություն, այն մեծ նշանակություն է տալիս ոչ միայն որակյալ կադրերի պատրաստմանը, կուրսանտի ռազմահայրենասիրական դաստիարակությանը, այլև խրախուսում է և աջակցում ստեղծագործող կուրսանտներին:

ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետի դեկան Սամվել Գալստյանը ներկայացրեց ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետի 4-րդ կուրսի կուրսանտ Վահագն Ասիրյանին. «Մեր շնորհալի կուրսանտներից է Վահագն Ասիրյանը, բանաստեղծություններ է գրում, խորը, հասուն մտքեր ունի: Մի միջոցառման ժամանակ, որին ներկա էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կուրսանտը պոետիկ ելույթ ունեցավ և նախարարը, լսելով մեր կուրսանտին, իր հիացմունքը հայտնեց: Վահագնը հիացմունքի է արժանի ոչ միայն իբրև ստեղծագործող, այլև որպես մարդ. զուսպ է, ազնիվ, ընկերասեր, կարգապահ, ուսման մեջ բարձր առաջադիմություն ունի»:

Մեր զրույցի ժամանակ Վահագն Ասիրյանը պատմեց.

-Երբ դեռ դպրոցում էի սովորում, սկսեցի բանաստեղծություններ գրել: Մայրս հայոց լեզվի և հայ գրականության մասնագետ է, նա դարձավ իմ բոլոր ստեղծագործությունների ամենախիստ քննադատը: Սկզբում ըմբոստանում էի նրա դիտողությունների դեմ, բայց հիմա հասկանում եմ, որ դա պետք էր, ավելին, քիչ էր, և այսօր ավելի խիստ քննադատություն եմ ուզում լսել նրանից: Անկեղծ գրում էի այն ամենի մասին, ինչ անհանգստացնում էր ինձ՝ իմ հույզերի, մարդկանց ու բարքերի… մի փոքր «տխուր» էին ստացվում, բայց երբ փորձում էի ավելի ուրախ, թեթև բանաստեղծություններ գրել, կամ բոլորովին չէր ստացվում, կամ չէր լինում այն, ինչ ուզում եմ… Այն բանաստեղծությունները, որոնք ինձ ավելի շատ են դուր գալիս, գրել եմ մի շնչով, րոպեների ընթացքում: Ուսանողական տարիները ավելի բուռն ստեղծագործական շրջան դարձան ինձ համար, լույս տեսավ իմ բանաստեղծությունների «Լիալուսին» ժողովածուն: Ծանրաբեռնությունը, դասերի ծավալը չէր խանգարում ինձ, ավելին, օգնում էր ճիշտ արժևորել ժամանակը, ավելի նպատակային օգտագործել այն և ավելին հասցնել:

Միշտ հիացել եմ զինվորական բժիշկների կարգապահությամբ, նրանց մարդկային տեսակով և մտածել եմ, որ ես էլ կամ զինվորական եմ դառնալու, կամ բժիշկ: Ծնողներս խորհուրդ էին տալիս այլ մասնագիտություն ընտրել, նրանց պատասխանեցի՝ ոչ, ես սիրում եմ դժվարություններ հաղթահարել, որ ռազմական բժիշկ եմ դառնալու, և վերջ: Ասացին՝ դու գիտես… Ու հիմա, եթե հանկարծ տանը «տրտնջում» եմ, ինձ հիշեցնում են՝ «դու սիրում ես դժվարություններ հաղթահարել»… ու հաղթահարում եմ… և շնորհակալ եմ նրանց այն ամենի համար, որ ես այսօր ունեմ… որ ես այսօր այսպիսին եմ, նրանց շնորհիվ է…

Երբ ավարտեցի դպրոցը, ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետում այդ տարի ընդունելություն չկար, և այլ ելք չունենալով՝ գործերս հանձնեցի ընդհանուր բժշկության ֆակուլտետ: Հաջորդ տարի ռազմաբժշկական ֆակուլտետում ընդունելություն հայտարարվեց, և ես կրկին քննություններ հանձնեցի, որպեսզի այս ֆակուլտետ ընդունվեմ. իմ երազանքը դա էր:

Էդիտա Մելքոնյան

Ձեզ ենք ներկայացնում բանաստեղծություններ Վահագն Ասիրյանի «Լիալուսին» ժողովածուից:

Անկեղծացա

Անկեղծ լինել ես չեմ կարող,

Որովհետև հեռացրել են ինձ քեզանից:

Եվ դու արդեն աչքերիցս չես հասկանա` ինչ եմ ուզում.

Դրա համար ես լռում եմ:

Կարոտս առնել ես չեմ կարող,

Չկարոտել անկարող եմ,

Որովհետև հեռացրել են քեզ ինձանից,

Եվ դու արդեն առավոտյան

Չես արթնացնում ինձ խոր քնից.

Հանգիստ քնիր:

Նորից կարոտ. այս կարոտի մասին լռել ես չեմ կարող,

Որովհետև ամբողջությամբ փաթաթվել է իմ մարմնին,

Ու փակել է քթանցքերս, բայց կշնչեմ:

Իմ հոգու մեջ վեր է ածվել մի գազանի

Ու կրծում է դանդաղ սիրտս, մաշում հոգիս:

Ձևեր թափել ես չեմ ուզում,

Որովհետև ձևական չէ իմ կարոտը:

Բայց, կներես, անկեղծ լինել ես չեմ կարող,

Որովհետև հեռացրել են քեզ ինձանից,

Հանգիստ քնիր…

Անկեղծ լինել ես չեմ կարող,

Դրա համար այս տողերը ես գրեցի

Սրտի խորքից` տառապելով,

Երկնքի չափ կարոտելով,

Եվ շատ անկեղծ…անկեղծացա

Անկեղծ լինել ես չեմ կարող:

 

Ժամանակի ծարավ ունեմ

Ես տեսել եմ իմ այս կյանքում

Ե՛վ կործանում. և՛ մեծ վերելք,

Բայց մնացել եմ հաստատուն

Եվ իմ տեղը ես լավ գիտեմ:

Տխրությանը ես չեմ սիրում,

Ուրախանալ ես էլ գիտեմ,

Բայց ապրում եմ թախծոտ հոգով

Եվ այդպես էլ մինչ մահ կապրեմ:

Ճանաչում եմ ժամանակը

Ժամանակի ծարավ ունեմ,

Բայց չեմ ուզում ժամանակի,

Կեղտոտ ձեռքին ձեռնոց լինել:

Ես ուզում եմ լինել օճառ,

Ժամանակից կեղտը մաքրել.

Որ իմ հոգուն իրավունք տամ,

Հանգիստ խղճով մի օր մեռնել:

 

Հույսը

Հույսը` իբրև առաջնորդող և գլխավոր դերակատար,

Հույսը` իմ մեծ ճանապարհին քնքուշ երգող ոսկե քնար,

Ինձ տանում է դեպի առաջ կամ դեպի հետ, ես չգիտեմ,

Ցավոք սրտի, վախենում եմ, գուցե մի օր հիասթափվեմ:

Ծարավ սրտիս երգ է երգում, կախարդում է կախարդի պես

Հույսը, սակայն աներևույթ, աննյութական ու աներես:

Երակներիս մեջ է կարծես ու սնում է իմ ուղեղին,

Մտքերին իմ ուղղորդում է դեպի պայծառ ապագային:

Բայց սպասել ես չեմ ուզում, սպասելուց ես հոգնել եմ,

Իսկ այդ հույսը ինձ չի լսում, ինձ թվում է` ես գերվել եմ:

Իմ քարքարոտ ճանապարհին զույգ կոշիկ է նա ինձ համար,

Լայնածավալ գետի վրա խարխուլ կամուրջ է ինձ համար:

Հույսը, սակայն աներևույթ, աննյութական ու աներես

Նրա տված հրահանգին դժվար թե դու հակառակվես:

Հույսը նաև ընկեր է ինձ, հավատարիմ ու իսկական,

Տխրության մեջ ինձ մոտ է միշտ, ինձ է նայում աչքերով շան,

Երգ է երգում մեղեդային, պարզ ու մաքուր հեքիաթ պատմում,

Պատառոտված իմ մտքերը դասավորում ու կարկատում:

Հույսը նավ է դաժան ծովում, ես` նավապետն եմ ստիպված,

Ահասարսուռ փոթորիկից դուրս ենք գալիս հաղթանակած:

Նավարկում ենք, մինչև հասնենք դժգույն լույսին երևացող,

Որ փարոս է, կամ էլ հոգնած իմ անցյալն է աղաղակող:

Հավատացյալ մարդու համար հույսն Աստված է, Աստված էլ` ՀՈՒՅՍ,

Իսկ անհավատ մարդու համար հույսն աղջիկ է, արդեն` ոչ կույս:

Ամեն դեպքում պետք է հուսալ, պետք է ապրել հույսը սրտում,

Որ դիմանաս տանջանքներին, որ գրված են կյանքի գրքում: