Կեցցեն իմ զինվորները

Այսօր amda.am-ը այցելեց ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ՝ տեսակցելու մարտի 19-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա հակառակորդի հարձակումը հետ մղելիս վիրավորված լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանին:Լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանը ենթարկվել է աջ վերին վերջույթի տրավմատիկ ամպուտացիայի՝ բազկի վերին երրորդային մակարդակով: Ամբողջ մարմնի վրա բազմաթիվ բեկորային վերքեր կան: Հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է կայուն ծանր: Լեյտենանտը 2014- ին ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, դասակի հրամանատար է, ութ ամիս է, ինչ ծառայում է զորքերում:Նա մեզ հետ զրուցելիս ասաց, որ ինքնազգացողությունը լավ է, սուր ցավեր չունի: Սպան հակիրճ պատմեց, թե ինչ էր տեղի ունեցել մարտի 19-ին, երբ իր զինվորների հետ իջնում էր դիրքերից:

– Մենք 11 հոգի էինք: Հակառակորդը դարանակալել էր և անակնկալ հարձակվեց: Ես գնում էր առջևից, զինվորներս հետևում էին ինձ: Լսվեց կրակոց, 3 հոգի սկսեցին միանգամից կրակել ինձ վրա: Բնականաբար հնարավոր չէր հաշվել, բայց հակառակորդի ուժերը մի քանի անգամ գերազանցում էին մեզ: Մենք դիրքավորվեցինք ու սկսեցինք կրակել….Կեցցեն իմ տղաները. ոչ մի խուճապ, ոչ մի փախուստ չեղավ: Հետո հենց կողքիս նռնակը պայթեց ու վնասեց թևս: Ես շարունակում էի կրակել: Մենք պայքարեցինք մինչև վերջ: Բոլորս:Քիչ անց հակառակորդն սկսեց փախչել: Հետո օժանդակ ուժեր եկան: Ինձ առաջին բուժօգնությունը տեղում ցուցաբերեցին: Հետո տեղափոխեցին հոսպիտալ….այնտեղ էլ վիրահատեցին: Ես ընկճված չեմ, իմ տղաները կռվեցին խիզախությամբ: Մենք փախուստի մատնեցինք հակառակորդի՝ մինչև ատամները զինված, թվաքանակով մեզ մի քանի անգամ գերազանցող հատուկ ջոկատայիններին..Ես հպարտ եմ:

Գայանե Պողոսյան