Մենք փախուստի մատնեցինք հակառակորդին

Այսօր amda.am-ը այցելեց ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ՝ տեսակցելու մարտի 19-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա հակառակորդի հարձակումը հետ մղելիս վիրավորված շարքային Էդգար Մարտիրոսյանին: Էդգարը Երևանից է: Ծառայում է շուրջ 16 ամիս: Շարքային Էդգար Մարտիրոսյանը ունի որովայնի թափանցիկ հրազենային վիրավորում՝ հաստ և բարակ աղիների վնասվածքով: Մեր հանդիպման ժամանակ Էդգարը գանգատվում էր որովայնի շրջանում ունեցած ցավից: Մեր խնդրանքով էդգարը ներկայացրեց հակառակորդի հարձակման մանրամասները:

-Նրանք շատ-շատ էին: Ես պառկեցի ու սկսեցի կրակել: Հակառակորդը թաքնվեց ու նույնպես կրակում էր: Բոլորս կրակում էինք: Հետո պայթյուն լսվեց, նռնակ գցեցին վրաս: Դե, որովայնս վնասեց: Բայց ես շարունակեցի կրակել: Մենք այնքան կրակեցինք, մինչև ազերիները սկսեցին փախչել: Ես տեսա, որ նրանք փախչում են: Չեմ կարող ասել, թե որքան տևեց այդ ամենը: Հետո մերոնք օգնության հասան: Ինձ տեղափոխեցին հոսպիտալ: Գիտակցությունս մինչև վերջ տեղն էր: Ես զինվոր եմ, ես միշտ էլ իմացել եմ, որ հակառակորդն առջևում է ու ամեն պահի կարող է հարձակվել: Ոչ մի արտառոց բան չի եղել. հակառակորդը հարձակվել է, մենք հետ ենք մղել հարձակումը: Այսքանը: Ես հոգեբանորեն ամուր եմ, լավանալու եմ: Ու շարունակելու եմ կյանքս :Բոլորին հոգու ամրություն եմ մաղթում: Ամեն ինչ լավ է: Վիրավոր զինակից ընկերներիս մաղթում եմ ապաքինում:

Գայանե Պողոսյան