«Մխիթար Սպարապետը» փրկվեց

 Պատմում է «Արցախյան պատերազմի մասնակից կանանց» ՀԿ նախագահ, ազատամարտի մասնակից-բուժքույր, գնդապետ Աիդա Սերոբյանը

Տեր Հովհաննեսը, զենքը ձեռքին, մեզ հետ կռվում էր… : Հիշում եմ` հիվանդ էր, եկել էր Վանք գյուղ` բուժկետում ներարկվելու: Նկատեցինք, որ ՍՈՒ ինքնաթիռն անմիջապես Գանձասարի վրայով է թռչում: Պայթյուն որոտաց, և ծուխ բարձրացավ Գանձասարից: Տեր Հովհաննեսը վազեց դեպի մեքենան, ես էլ իր հետևից: Բարձրացանք. Գանձասարի համալիրին կից շինությունն էր վառվում, որտեղ գրադարանն էր, խցերը: Եկեղեցին, փառք Աստծո, կանգնուն էր: Զոհ և վիրավորներ ունեինք: Երկհարկանի շենքի երկրորդ հարկն ամբողջությամբ այրվում էր: Տեր Հովհաննեսն զգուշացրեց, որ ականները կպայթեն ու վազեց դեպի շինության ներսը: Ես հետևեցի նրան: Արկղերով հանում էինք ականները և դասավորում թթի ծառի տակ: Վերջին անգամ երբ ներս մտանք, նայեցի շուրջս, որ տեսնեմ` ինչ կա վերցնելու: Առանց կազմի մի գիրք տեսա, արագ վերցրեցի: Այդ պահին առաստաղը ճռնչաց, կրակ թափվեց ձեռքերիս վրա, գոռացի` Տեր Հովհաննես, շինությունը քանդվում է և վազելով դուրս եկա: Դուրս եկավ նաև Տեր Հովհաննեսը, և շենքը փլվեց… մենք հրաշքով փրկվեցինք: Տեր Հովհաննեսը հետագայում ասաց, որ վերջին պահին «Մխիթար Սպարապետն» եմ փրկել:

Հասմիկ Գյոզալյան