Բանակը հայրենիք է, զինվորը հայրենիք է

Ժողովրդական դերասան Կարեն Ջանիբեկյան.

-Ես ի՞նչ ասեմ զինվորին, զինվո՛րը պիտի ինձ ասի։ Զինվորն ավելի լավ գիտի հայրենիքի արժեքը։ Ես շատ դժվար օրեր եմ ապրել, սոված եմ եղել, անփող, հուսահատ, բայց Հայաստանից չեմ հեռացել, թեեւ արտերկրում ապրելու եւ աշխատելու հնարավորություն միշտ էլ ունեցել եմ։ Ես պիտի ոտքիս տակ ի՛մ հողը զգամ, ի՛մ երկրի օդը շնչեմ, մարդկանց՝ իմ հայրենակիցներին (լավ ու վատ) բարի լույս ասեմ ի՛մ լեզվով։
Ինձ շատ է հուզում արտագաղթը։ Հայրենիքի մասին չէ մտահոգությունս (հայրենիքը հզոր է, հայրենիքը կապրի), ես այն մարդկանց մասին եմ մտածում, որոնք քամու բերանն ընկած տերեւի նման բախտ են որոնում օտարության մեջ։ Ես պատկերացնում եմ նրանց՝ խեղճ, շփոթված, վախվորած, տարագիր, ու սիրտս ցավում է։
Հայրենիքը… Ո՞վ է հայրենիքը, որտե՞ղ է հայրենիքը։ Բանակը հայրենիք է, զինվորը հայրենիք է։ Հայրենիքը հեշտ է <սիրել>, երբ չգիտես ի՞նչ կամ ո՞ւմ ես սիրում։ Բանակը սիրենք, զինվորին սիրենք։ Օգնենք։ Օգնենք, որ երկիրը ոտքի կանգնի, որ բանակն ուժեղ լինի, որ զինվորը հպարտ լինի, որ հայը իր երկրում ապրի։ Ես հավատով եմ նայում ապագային։ Ես վստահ եմ, որ թուրքերը, կարիճի պես իրենք իրենց թունավորելով, ի վերջո հեռանալու են պատմության թատերաբեմից, որովհետեւ սուտը, չարությունը չեն կարող հավերժական լինել։ Ես վստահ եմ, որ մեր պատմական հողերը միավորվելու են։ Վստահ եմ, որ մեր ոգին չի կոտրվի։

Գայանե Պողոսյան (հատված հարցազրույցից)