Մեր ախտորոշիչ լաբորատորիան լավագույններից է

ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի ախտորոշման բաժանմունքը բոլորովին վերջերս համալրվել է ժամանակակից սարքավորումներով, որոնք լավագույններից են Հայաստանում:

Օրեր առաջ այցելեցինք հոսպիտալ` ծանոթանալու ախտորոշման բաժանմունքի աշխատանքներին, ներկայացնելու նոր սարքավորումներն ու դրանց առավելությունները:

Մեր զրուցակիցը ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի ախտորոշման բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Սաթենիկ Վասիլյանն է.

– Բժշկուհի, Դուք Երևանի կայազորային հոսպիտալի կազմավորման օրերից շարքերում եք` անմիջապես ակունքներում, և երկար ճանապարհ եք անցել այս հոսպիտալում: Խնդրում եմ նախ ներկայացրեք Ձեր ծառայողական ուղին….

 

– Ավարտել եմ ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետը 1982 թվականին, որից հետո կլինիկական օրդինատուրա եմ անցել Առողջապահության ազգային ինստիտուտում` ստանալով բժիշկ-լաբորանտի որակավորում: 1 տարի աշխատել եմ Առևտրի նախարարությունում որպես գլխավոր սանիտարական բժիշկ-բակտերիոլոգ: Ապա աշխատանքի անցել երկրորդ Բուժսանմասում: Խորհրդային կարգերի փլուզումից հետո Բուժսանմասը դարձավ զինվորական հոսպիտալ, որտեղ էլ ծառայության անցա որպես բժիշկ-կենսաքիմիկ: 1997-թվականից նշանակվել եմ հոսպիտալի լաբորատորիայի պետ: Երկու տարի առաջ լաբորատորիան վերակազմավորվեց, դարձավ ախտորոշման բաժանմունք, որի մեջ ընդգրկվեցին նաև գաստրոսկոպիական, էլեկտրասրտագրության և ԷԷԳ ծառայությունները: Ինձ վստահեցին բաժանմունքի պետի պաշտոնը:

Ինչպես գիտեք, բուժծառայության կազմավորման սկզբնական տարիները ամենադժվարն ու ծանրն էին. պատերազմ էր… 2-րդ Բուժսանմասն այն ժամանակվա չափանիշներով բավական հագեցված հիվանդանոց էր, որը սպասարկում էր տարածքում գտնվող գործարանների և ֆաբրիկաների բազմաթիվ աշխատակիցների: Գույքի մի մասը մենք ստացանք Բուժսանմասից: Հետագա տասնամյակները զարգացման ու կատարելագործման տարիներ էին: Հոսպիտալը սկսեց համալրվել գույքով և սարքավորումներով: Այսօր մեր լաբորատորիան հագեցված է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Մեր հոսպիտալի ախտորոշիչ լաբորատորիան լավագույններից է հանրապետությունում:

– Այժմ խոսենք ավելի գործնական հարցերի շուրջ. ի՞նչ բաժիններից է բաղկացած լաբորատորիան: Ինչպիսի՞ ախտորոշում է այստեղ իրականացվում…

– Ախտորոշման լաբորատորիայում իրականացվում են կլինիկական, կենսաքիմիական, շիճուկաբանական և իմունոլոգիական` հորմոնային և ինֆեկցիոն հետազոտություններ: Դրանք իրականացվում են առանձին լաբորատորիաներում և խիստ փոխկապակցված են: Յուրաքանչյուր լաբորատորիա ունի իր բժիշկը և լաբորանտները:

Բոլոր հիվանդները ենթարկվում են ընդհանուր կլինիկական հետազոտությունների: Բժիշկը, նախքան բուժումը նշանակելը, առաջին հերթին հիվանդին ուղարկում է հետազոտության. դա շատ կարևոր է` թաքնված հիվանդությունները հայտնաբերելու առումով: Առանց ընդհանուր հետազոտությունների կլինիցիստի համար դժվար կլինի ճիշտ կողմնորոշվելը:

Կենսաքիմիական հետազոտությունների նպատակը ներքին օրգանների ֆունկիցիոնալ վիճակի ստուգումն է:

Իսկ իմունոլոգիական հետազոտություններն իրականացվում են հորմոնային խանգարումները և ինֆեկցիաները հայտնաբերելու նպատակով:

Հորմոնալ խանգարումներն այսօր բավական տարածված են: Դրանով պայմանավորված` իմունոլոգիան չափազանց կարևոր է: Ի ուրախություն բոլորիս` այն այսօր մեզ մոտ իրականացվում է ողջ ծավալով: Այսօր մեծ տարածում ունեցող ինֆեկցիաներից են հեպատիտ C-ն և B-ն, որոնց նկատմամբ հետազոտությունները դարձել են խիստ արդիական, և Պաշտպանության նախարարությունը տրամադրել է բոլոր միջոցները վիրահատվող հիվանդների վերոնշյալ հետազոտությունները լրիվ ծավալով իրականացնելու համար: Իրականացվող համալիր հետազոտությունների շնորհիվ հիվանդության պատկերն ամբողջությամբ պարզ է դառնում բուժող բժշկին:

– Մեր զրույցի ընթացքում նշեցիք, որ լաբորատորիան հագեցած է լավագույն սարքավորումներով: Խնդրում եմ մանրամասնեք…

– Այո, ուրախությամբ պետք է ասեմ` մեր սարքավորումներով այսօր դասվում ենք լավագույն կլինիկաների շարքին: Չկա այնպիսի սարքավորում, որի պակասը զգանք: Բոլորը որակյալ են, բարձրակարգ…

Ի դեպ` սարքավորումներ ձեռք բերելու հարցում ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչությունը պարտադիր հաշվի է առնում մասնագետների կարծիքը: Կլինիկական ախտորոշման լաբորատորիայում ունենք ամերիկյան Sysmex ընկերության հեմատոլոգիական անալիզատոր` Poch 300: Պաշտպանության նախարարությունը համագործակցում է Concern-Energomash ընկերության հետ, որը Rosh ընկերության ներկայացուցիչն է Հայաստանում: Վերջին օրերին ընկերության կողմից ստացել ենք հեմատոլոգիական անալիզատորի ավելի կատարելագործված տեսակը: Դա նվիրատվություն էր ընկերության կողմից, ինչի համար ես անչափ շնորհակալ եմ:

– Ո՞րն է նոր սարքավորման առավելությունը նախորդի համեմատ…

– Մեր ունեցած անալիզատորն իր արտադրողականությամբ մի քանի անգամ զիջում է նոր ստացվածին: Արագությունն ավելի արդյունավետ է դարձնում աշխատանքը:

Բացի կլինիկական անալիզատորից նույն ընկերության կողմից մենք ստացանք ևս երկու սարքավորում` մեզի անալիզատոր և արյան բաղադրիչ մասերի ներկման սարք: Երկուսն էլ համապատասխանում են միջազգային ստնդարտներին:

– Այժմ, երբ արդեն լաբորատորիան ամբողջությամբ հագեցված է, արդյո՞ք ամբողջությամբ բացառված է մարդկային գործոնը, թե՞ դեռևս կան այնպիսի հետազոտություններ, որոնք իրականացվում են հին մեթոդներով:

– Նախորդ տարիներին կենսաքիմիական լաբորատորիայում աշխատում էինք գերմանական Humalayzer և ամերիկյան Stat fax կիսաավտոմատ անալիզատորներով, որտեղ մարդկային գործոնն ամբողջությամբ բացառված չէր: Սակայն անցյալ տարի ձեռք բերված Rosh ընկերության Cobas 111 կենսաքիմիական անալիզատորը ամբողջությամբ ավտոմատ է, արդյունքները ճշգրիտ են, և բացառված է մարդկային գործոնը: Իհարկե, հին մեթոդներով ևս կարելի է ճիշտ արդյունքներ ստանալ, սակայն ժամանակի առումով դրանք բավական տևական են և չեն բավարարում այսօրվա հրամայականին:

Իմունոլոգիական հետազոտությունները իրականացվում են Stat Fax իմունաֆերմենտային անալիզատորով: Սա նույնպես ժամանակակից բարձրակարգ սարքավորում է: Սխալվելու հավանականությունը բացառված է:

Մեր բոլոր սարքավորումներն աշխատանքային ռեժիմի մեջ են: Լաբորանտները ունեն բարձր որակավորում և տիրապետում են սարքավորումներն աշխատեցնելու կարողություններին: Անգամ գիշերային հերթապահության ժամանակ մի լաբորանտը կարողանում է աշխատեցնել բոլոր սարքավորումները:

– Վստահ եմ` ծանոթ եք եվրոպական փորձին: Այստեղ նույն մեթոդնե՞րն են կիրառվում:

– Մեր սարքավորումներն իսկապես լավագույնն են` մեր ունեցած ծավալների համար: Դրանք մատակարարող բոլոր ընկերությունները համաշխարհային մասշտաբով ճանաչված և ընդունված են:

Իհարկե, կան առավել մեծ հզորության անալիզատորներ, որոնց կիրառումը, սակայն, մեր կողմից հետազոտվող հիվանդների թվի պարագայում այնքան էլ նպատակահարմար չէ:

– Բժշկուհի, խոսենք նաև բուժանձնակազմի մասին…

– Մեր բաժանմունքում աշխատող բոլոր բժիշկներն ու լաբորանտները նեղ մասնագիտական որակավորումներ ստացած, երկար աշխատանքային փորձ ունեցող մասնագետներ են: Ի դեպ` մեզ մոտ այդ հարցը խիստ է դրված: Բոլոր բժիշկները առավելագույնը հինգ տարին մեկ պետք է պարտադիր վերապատրաստվեն:

– 5 տարին երկա՞ր ժամկետ չէ… բժշկությունն օրեցօր զարգանում է…

– Կարծում եմ` 5 տարին մեկ վերապատրաստվելը բավարար է: Մենք մասնակցում ենք նաև գիտաժողովների, մշտապես տեղեկացված ենք բժշկության ասպարեզի բոլոր նորություններին: Հետևում ենք գիտության զարգացումներին:

 

– Այսօրվա երիտասարդությանն ինչպե՞ս կգնահատեք… Ոմանք կարծում են, որ զորակոչային տարիքի երիտասադները բավարար չափով կոփված չեն…

 

– Մեր երիտասարդությունն, իսկապես, ֆիզիկապես պասիվ է. քիչ են շարժվում, քիչ են մարմնամարզությամբ զբաղվում, նստակյաց են, մինչդեռ, հանրահայտ փաստ է, որ շարժումը կյանք է, և պետք է ձգտել ֆիզիկական կատարելության: Այսօր մեզ համար դա համար մեկ խնդիրն է, քանի որ ֆիզիկապես թույլ զինվորը հակվածություն ունի հիվանդությունների հանդեպ: Իսկ մեզ հարկավոր են ֆիզիկապես առողջ և հոգեպես ամուր հայրենիքի պաշտպաններ:

Հասմիկ Գյոզալյան