Եթե պատերազմ լինի, ես ազերիներին չեմ նախանձում…

ԼՂՀ ՊԲ գլխավոր վիրաբույժ, ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի` բուժծառայության հարցերով խորհրդական, բ/ծ գնդապետ Սամվել Գևորգյանն այն անհատներից է, ովքեր ազգային բանակի բուժծառայության կազմավորման ակունքներում էին… ովքեր իրենց փորձը, գիտելիքները ներդրեցին չափազանց կարևոր այդ գործում… իրենց ուսերին կրեցին պատերազմական իրավիճակում բժշկական ծառայություն ստեղծելու դժվարին առաքելության ողջ ծանրությունը…

Պատերազմի ամենթեժ տարիներին զբաղեցնելով Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալի պետի պաշտոնը` Սամվել Գևորգյանը բազմաթիվ վիրավոր մարտիկների կյանքեր փրկեց…

Վաստակաշատ վիրաբույժի ավանդը մեծ է ոչ միայն բուժծառայության կազմավորման, այլև հետագա զարգացման գործում: Այսօր էլ բժիշկը շարքում է… այսօր էլ հմուտ վիրաբույժի ձեռքերին է վստահված ամենածանր վիրավորների կյանքը: Այսօր էլ շարունակում է իր հարուստ փորձը փոխանցել երիտասարդ մասնագետներին…

Սամվել Գևորգյանը 1971-1977 թվականներին ուսանել է Սարատովի բժշկական համալսարանում: 1978-1982 թվականներին զբաղեցրել է Ուլյանովսկի մարզի տեղամասային հիվանդանոցներից մեկի գլխավոր բժշկի պաշտոնը: 1982-1984 թվականներին անցել է կլինիկական օրիդնատուրա Սամարայի բժշկական համալսարանում` թոքային, անոթային և ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ: 1984 թվականին մեկնել է Արցախ և մինչև 1992 թվականը աշխատել Ստեփանակերտի հիվանդանոցում որպես վիրաբույժ: Պատերազմի ամենածանր շրջանում` 1992-1994 թվականներին, նրան վստահվել է Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալի պետի պաշտոնը: 1994-2000 թվականներին զբաղեցրել է ԼՂՀ ՊԲ Ռազմաբժշկական բաժնի պետի, 2001-2003 թվականներին` Իվանովի (Խոջալու) հոսպիտալի պետի պաշտոնը: Իսկ 2003-2013-ին` կրկին նրան է վստահվել ԼՂՀ ՊԲ Ռազմաբժշկական բաժնի պետի պաշտոնը:

-Պարոն գնդապետ, մեր զինված ուժերի բուժծառայությունը դժվարին ժամանակներում ձևավորվեց… Հետագա տարիները, սակայն, շարունակական զարգացման ու կատարելագործման ժամանակահատված էին: Այսօր ունենք կայացած բուժծառայություն: Կխնդրեի, որ Դուք առանձնացնեիք մեր ամենակարևոր ձեռքբերումները:

-Ընդհանրապես, բանակաշինության տարիներին մեր Զինված ուժերը մեծ առաջընթաց է ունեցել բոլոր ուղղություններով, և ուրախությամբ կարող եմ ասել, որ բուժծառայությունը հետ չի մնացել: Ձեռքբերումները շատ են, սակայն փորձեմ առանձնացնել ամենակարևորները. այսօր մենք ունենք նոր կառուցված, եվրոպական չափանիշներին համապատասխանող զինվորական հոսպիտալներ, զորամասային օղակում` վերանորոգված բուժկետեր: Լուծվել են կադրային խնդիրները` բոլոր օղակներում: Եվս մի կարևոր ձեռքբերում. մեր բանակի հոսպիտալները համալրված են ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող նորագույն սարքավորումներով: Հատկապես կշեշտեի ախտորոշման սարքավորումները… Եվ իհարկե կցանկանայի ավելացնել, որ փոխվել են բժիշկների հարաբերությունները` թե հրամանատարների, թե զինվորների հետ, և, առհասարակ, բժշկի հեղինակությունը բարձրացել է: Բանակի բուժծառայության այսօրվա ղեկավարները լավ դպրոց են անցել և վստահ եմ, որ այսուհետ էլ շարունակելու են իրենց ավանդն ունենալ բուժծառայության զարգացման գործում: Երիտասարդ կադրերը ևս լավ դպրոց են անցել և աշխատելու, կատարելագործվելու մեծ ձգտում ունեն: Իսկ մենք պատրաստ ենք ամեն ինչ անել` նրանց օգնելու համար…

Խոսեցիք պատերազմի տարիների մասին, անմիջապես հիշեցի… այդ տարիներին երբ ծանր վիրավորներ էինք ունենում, ռադիոյով հաղորդում էին, որ արյուն է անհրաժեշտ` նրանց փրկելու համար: Հազարավոր մարդիկ անմիջապես հավաքվում էին հոսպիտալի մոտ` արյուն հանձնելու: Հուլիս-օգոստոսյան լարված օրերին ես կրկին տեսա այս ամենը… Ղարաբաղում ծանր վիրավորներին ես եմ վիրահատում… ես տեսա սեփական զինվորի նկատմամբ ժողովրդի հոգածությունը նաև մեր օրերում: Մարդիկ հավաքվել էին հոսպիտալի մոտ և ցանկություն էին հայտնում արյուն հանձնելու, ցանկանում էին օգնել, փրկել զինվորին… Թեև այսօր բանակը դրա կարիքը չունի, սակայն մարդկանց սրտացավությունը ինձ հիացրեց և հիշեցրեց պատերազմի օրերը: Այդ մաքրությունն այսօր էլ կա… մեր ժողովուրդը չի փոխվել և չի կարող փոխվել: Հնարավոր է` սոցիալական ծանր պայմաններից ելնելով` մարդիկ երբեմն դժգոհում են, սակայն վտանգի պահին մենք միշտ համախմբվում ենք: Աստված մի արասցե, եթե պատերազմ լինի, ես ազերիներին չեմ նախանձում… (ծիծաղում է)

– Հոկտեմբերին կայացած «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով գիտաժողովի մասնակից արտասահմանից եկած բարձրակարգ մասնագետները հիացմունքով էին խոսում մեր բուժծառայության մասին` շեշտելով, որ զարգացման կարճ ճանապարհ է անցել, սակայն արդեն կայացած է: Իհարկե, կարևորվեց նաև պատերազմական փորձը…

– Ցավով պիտի ասեմ, որ այսօր պատերազմ անցած բժիշկներից շատերը համակարգում չեն: Ոմանք աշխատում են քաղաքացիական օղակում, որոշ մասնագետներ` արտասահմանում: Պատերազմի փորձը, իհարկե, չափազանց կարևոր է: Հայրենական պատերազմն էլ դա ապացուցեց… Այն ծանր վիրահատությունները, որ այսօր ես կատարում եմ, պատերազմ չանցած որևէ երկրի բժիշկ չի կարող անել: Միգուցե մի քանի հոգով կարողանան… սակայն նրանք պատերազմ չեն տեսել, պատերազմի փորձը չունեն, չեն կարող ճիշտ կողմնորոշվել: Ընդհանուր առմամբ, այսօր մենք փորձառու կադրեր ունենք, ովքեր պատրաստակամությամբ և նվիրումով են ծառայում: Այնպես որ` ճիշտ են նկատել:

-Պարոն գնդապետ, բժշկությունն աշխարհում ահռելի արագությամբ է զարգանում, և այսօրվա մեթոդները վաղը կարող են արդեն հնացած լինել: Մենք ապահովվա՞ծ ենք անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և արդյո՞ք դրանք համապատասխանում են միջազգային չափանիշներին:

-Մենք լիովին ապահովված ենք այն սարքավորումներով, որոնք մեզ անհրաժեշտ են և համապատասխանում են մեր աշխատանքի ծավալներին: Իհարկե, երևի չկա այնպիսի բժիշկ, ով չի ցանկանա ավելի կատարելագործված սարքերով աշխատել, սակայն կարծում եմ` պատերազմի մեջ գտնվող երկիրը պետք է լուրջ ուշադրություն դարձնի նախևառաջ առաջին անհրաժեշտության սարքավորումներին. սանիտարական մեքենաներ, նակորզի ապարատներ և այլն…

Հավելեմ, որ շուտով Ստեփանակերտի հոսպիտալում նոր ախտորոշիչ սարքավորում կունենանք` համակարգչային տոմոգրաֆիայի: Մինչ այժմ մենք հիվանդներին ուղարկում էինք քաղաքային հիվանդանոցում հետազոտվելու, սակայն դրա անհրաժեշտությունը շատ մեծ էր, ուստի ձեռք է բերվել:

-Ինչպե՞ս եք գնահատում բուժապահովումը զորամասային օղակում:

-1994-թվականից ես ՊԲ Ռազմաբժշկական բաժնի պետ էի: Հիշում եմ` մի անգամ Տոնաշենի ճանապարհին տեսա` մի փոքրիկ շինությունում 20 հիվանդ էր պառկած… սանիտարահիգիենիկ պայմանների մասին խոսելն ավելորդ է: Այդ տարիներին ծանր էր իրավիճակը: Սնունդ չկար, պայմաններ չկային: Այդպիսի շրջան իսկապես եղել է, սակայն կարողացել ենք հաղթահարել: Այսօր բուժծառայությունը շատ է զարգացել: Ընդհանրապես, զինվորի առողջական վիճակը պայմանավորված է միջավայրով, որտեղ նա ապրում է, սնունդով… Ինչու՞ վերացավ տուբերկուլյոզը. պայմանները բարելավվեցին, սնունդը բարելավվեց: Այսօր զորմասային պայմաններն ամբողջությամբ փոխվել են: Բոլոր զինվորները կուշտ են: Երբ լինում եմ մարտական հենակետերում, զինվորներն անպայման հարցնում են` պարոն գնդապետ, սուրճ կխմե՞ք: Զինվորը հենակետում սուրճ է առաջարկում, իսկ դա շատ հաճելի է… ես, իհարկե, սուրճ ընդհանրապես չեմ օգտագործում, բայց ասում եմ` այո… Եվ անպայման սուրճի հետ քաղցրավենիք են հյուրասիրում: Բոլոր բուժկետերը վերանորոգված են, ապահովված անհրաժեշտ գույքով, իսկ դա ավելացնում է ծնողների վստահությունը: Ընդհանրապես, զինվորներն ապահովված են բոլոր առումներով. թե հրամանատարական կազմի, թե բժիշկների հոգածության ներքո են, իսկ ժողովուրդը կանգնած է նրանց թիկունքին: Մեր զինվորներն այնքան հպարտ են… երբեմն հարցնում եմ` տղերք ջան, վախենու՞մ եք հակառակորդի հարձակումից, պատասխանում են` ոչ, ի՞նչ եք ասում.. …պատրաստ են մեր տղաները, մարտական ոգին բարձր է… Երբ նայում եմ հպարտ շարքերին, մտածում եմ` մարտադաշտում ինչեր կանեն…

– Որպես բժիշկ` ինչպե՞ս եք գնահատում մեր զինվորներին: Ինչպե՞ս են տրամադրված… ամու՞ր են, ձգտու՞մ են շուտ ապաքինվել…

-Որպես բժիշկ եթե ասեմ, որ բոլորն ամուր են, այդքան էլ ճիշտ չի լինի: Տղաները տարբեր են… տարբեր բնավորություն, տարբեր խառնվածք ունեն: Սակայն հիմնականում մենք ամուր ենք, ես դա վստահեցնում եմ…

-Դուք հաճախ եք լինում մարտական հենակետերում, զրուցում սահմանապահների հետ: Ի՞նչ խորհուրդ կտայիք մեր զինվորներին` որպես բժիշկ, որպես հարազատ ու ավագ ընկեր…

– Մենք ընկերությունով ու հարազատությամբ պատերազմ ենք հաղթել… ես հիշում եմ` պատերազմի տարիներին մի վիրավոր երեխա էին բերել: 13 տարեկան էր: Հարցեր տվեցի, պատմեց, թե ինչ է եղել: Ասաց` բժիշկ, հարձակվեցին մեր դիրքի վրա, իրենք շատ էին… հարցրեցի` քանի՞ հոգի էին: Ասաց` 100… Հարցրեցի` իսկ դու՞ք: Ասաց` բժիշկ, այս անգամ բախտներս բերեց, մենք էլ էինք շատ, 14 հոգի էինք… սովորաբար 5-6 հոգով ենք լինում: Եվ սա միակ դեպքը չէ: Ես տեսել եմ, թե ինչպես են մեր մարտիկներն իրենց կյանքը վտանգել` մարտական ընկերոջ մարմինը վտանգավոր գոտուց հանելու համար… օրինակները շատ են, շատ բան կարող եմ պատմել: Եթե չլիներ ամուր ընկերությունը, նվիրվածությունը միմյանց, դժվար կլիներ հաղթել պատերազմում: Զինվորը պիտի բանակն ընդունի որպես երկրորդ տուն, ընտանիք… հրամանատարը զինվորի ծնողն է: Ուզում եմ, որ մեր զինվորները ընկերական լինեն, եղբոր նման լինեն, միմյանց թիկունքն ամուր պահեն: Եվ հիմնականում այդպես էլ կա…

Հասմիկ Գյոզալյան