Իմ բուժկետում միշտ թարմ ծաղիկներ կային…

Պատմում է «Արցախյան պատերազմի մասնակից կանանց» ՀԿ նախագահ, ազատամարտի մասնակից-բուժքույր, գնդապետ Աիդա Սերոբյանը

Մարտերի ժամանակ անկախ նրանից` որևէ բնակավայրում էինք, թե բնակավայրից դուրս, ես տներից մեկում փոքր հոսպիտալ էի բացում, որպեսզի թեթև վիրավորներին այնտեղ բուժօգնություն ցուցաբերեմ: Իմ բուժկետում միշտ թարմ ծաղիկներ կային:
Ծաղիկներ, առհասարակ, շատ եմ սիրում: Մարտերից առաջ կամ զինադադարների ժամանակ անպայման դաշտային ծաղիկներ էի հավաքում: Երբ մի փոքր տեղ ձյունը հալվում էր, փնջով փոքրիկ ծաղիկներ էին աճում` մի արմատի վրա, բայց տարբեր գույնի ծաղկաթերթիկներով.. Հիշում եմ` Կուսապատ գյուղի ազատագրման ժամանակ էր, առաջ գնալու հրաման դեռ չկար: Ծաղիկների փոքրիկ փունջ էի կապել: Հայտնեցին, որ վիրավոր կա… մոտեցա, որ օգնեմ: Տեսա` նաև զոհ ունենք. երտասարդ տղա էր: Չիմացա ով էր, անգամ անունը չիմացա: Իմ գրպանի ծաղիկների փունջը դրեցի զոհված զինվորի գրպանը… Անկեղծ ասած` մինչ օրս մտածում եմ` երբ տեսել են ծաղիկը, ի՞նչ են մտածել….