Ամիրդովլաթ Ամասիացին՝ Բալկաններում

Հայ ինքնատիպ բժշկական մշակույթի պատմության մեջ մեծ դեր է խաղացել 15-րդ դարի հայ բժշկության պարծանք, նշանավոր գիտնական Ամիրդովլաթ Ամասիացին: Տիրապետելով հունարենին, լատիներենին, պարսկերենին, արաբերենին, թուրքերենին, շրջելով Արևելքի և Բալկանյան երկրներում, ուսումնասիրելով հին և միջնադարյան բժշկագիտությունը՝ նա եղավ իր դարաշրջանի բժշկապետերից մեկը, որ կարողացավ հայ ժողովրդական բժշկության դարավոր արժեքները գիտականորեն իմաստավորել ու ներմուծել համաշխարհային մտքի գանձարան:

Անդրեաս Երեցը նրա մասին գրել է.«…Բազում գրքեր թարգմանեց արաբ և պարսից լեզուներից մեր լեզվով՝ քաջ գիտենալով նաև նրանց գիրն ու լեզուն: Հարգված ու պատվված էր իսմաելացիների թագավորների կողմից»: Ունենալով մեծ հեղինակություն և լայն ճանաչում՝ Ամիրդովլաթ Ամասիացին հրավիրվում է Կոստանդնուպոլիս, դառնում Բյուզանդիայի սուլթան Մուհամմեդ Երկրորդի ամենավստահելի պալատական բժիշկը: Սուլթանը նրան շնորհում է «ճառահպալի ռամադան» (վիրաբուժապետի) պատվավոր տիտղոս: Սուլթանի պալատում Ա. Ամասիացու կյանքը լիուլի էր դրամատիկ իրադարձություններով: Մի կողմից նա հռչակվում էր որպես անգերազանցելի մարդասեր բժիշկ ու տաղանդավոր գիտնական, մյուս կողմից նախանձ ու ատելություն էր հարուցում իբրև հայ և քրիստոնյա: Ստիպված լինելով հեռանալ արքունիքից՝ Ամիրդովլաթ Ամասիացին վերսկսում է թափառական բժշկի դժվարին կյանքը: Շրջագայում է Բալկանյան թերակղզում, որտեղ բռնկվել էր ժանտախտի համաճարակը:

Շուրջ 10 տարի շրջելով երկրից երկիր՝ նա փրկում է շատ ու շատ մարդկանց, ամենայն բարեխղճությամբ կատարում բժշկի՝ իր մարդասիրական պարտքը հիվանդների հանդեպ, մեծագույն նվիրումով և անձնազոհությամբ ծառայում է հատկապես աղքատներին, ծերերին, մանուկներին…

1470-ական թվականներին Ա. Ամասիացին վերադառնում է Կոստանդնուպոլիս և սուլթանի արքունիքում նորից ստանձնում նրա անձնական բժշկի պաշտոնը: Կյանքի վերջին տարիները նա անցկացրել է իր հայրենիքում: Հայ մեծ բժշկապետի կյանքը հագեցած է եղել բժշկական սխրանքներով, գիտական հետազոտություններով, դեղամիջոցների որոնումներով ու կիրառությամբ, հայկական ձեռագրերի հավաքումով ու փրկությամբ:

Մատենադարանի 34 ձեռագիր պարունակում է հատվածներ նրա տարբեր աշխատություններից: Բազմավաստակ բժշկապետը թողել է բավականին հարուստ բժշկական գրականություն՝ ութ աշխատություններ, որոնց պսակը կազմում է «Անգիտաց անպետը»: Այն պարունակում է գրեթե չորս հազար դեղանյութերի ստացման և կիրառման եղանակների նկարագրություն:

Պատրաստեց Վոլոդյա Ալավերդյանը