Արթուր Կյուչարիանց

Զինվորական բժշկագիտության մեծագույն երախտավորներից էր բժշկական ծառայության գեներալ-մայոր Արթուր Կյուչարիանցը: Հայրենական բժշկագիտության պատմության մեջ նա փառավոր էջեր գրեց Հոկտեմբերյան հեղափոխության օրերին, Քաղաքացիական պատերազմի տարիներին և Մեծ հայրենականի տարեգրության մեջ: Ա. Գ. Կյուչարիանցը ծնվել է 1889 թ. Թիֆլիսում, բժշկի ընտանիքում: 1907 թ. ավարտել է տեղի գիմնազիան: Մասնագիտական բարձրագույն կրթությունը ստացել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետում:

1914 թ.՝ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես, նորավարտ բժիշկը զորակոչվում է բանակ, ուղարկվում հարավարևմտյան ռազմաճակատ և կրտսեր բժշկի պաշտոնով ծառայում 168-րդ Միրգորոդյան հետևակային գնդում էր : 1914-1915 թթ. Ա. Կյուչարիանցը ծառայում է ռազմաճակատի առաջնագծում: Նա երկու անգամ ստանում է ծանր կոնտուզիա, բուժվում է Կիևի զինվորական հոսպիտալում: Ապաքինվելուց հետո՝ 1915թ. վերջին, նրան նորից ուղարկում են ռազմաճակատ՝ նշանակելով 171-րդ պահեստային հետևակային գնդի բժշկի պաշտոնակատար, իսկ 1917 թ. գարնանը նա տեղափոխվում է Պետրոգրադի Կրասնոե Սելոյի ռազմաճակատ որպես գնդի ավագ բժիշկ: Հոկտեմբերյան հեղափոխության նախօրյակին Պետերբուրգում Ա. Կյուչարիանցը՝ որպես զինվորական բժիշկ, կամավոր մտնում է այդ օրերին կազմակերպված առաջին Կարմիր գվարդիայի և ապա` Կարմիր բանակի մարտական շարքերը: 1919 թ. լինելով 10-րդ և 1-ին պահեստային գնդերի ավագ բժիշկը՝ նա նշանակվում է Կարմիր բանակի հյուսիսային խմբավորման սանիտարական վարչության պետ, փայլուն կերպով կազմակերպում է հեղափոխական մարտիկների բուժ-սանիտարական օգնությունը, փրկում հազարավոր մարդկանց: Ակտիվորեն մասնակցում է նաև Կրոնշտադտի հակահեղափոխական խռովությանը՝ ճնշելու համար մղվող կռիվները: Բալթիկ ծովի բարակ սառույցների վրա նա փրկել է վիրավոր կարմիր մարտիկների կյանքը, կազմակերպել սառցադաշտից վիրավորներին դուրս բերելու մարտական առաջադրանքի կատարումը:

Ռազմաբժշկական բարձրագույն կրթություն Ա. Կյուչարիանցը ստանում է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում: 1924 թ. ակադեմիան ավարտելուց հետո նրան ուղարկում են Թուրքմենստան որպես սանիտարական վարչության պետի տեղակալ: …1929 թ. չին-արևելյան երկաթուղու հետ կապված բախման ժամանակ բարձր հրամանատարությունը բժշկական ծառայության գնդապետ Ա. Կյուչարիանցին նշանակում է որպես Հեռավոր Արևելյան հատուկ բանակի սանիտարական վարչության պետ: Նա այդտեղ ևս ամուր հիմքերի վրա է դնում օկրուգի բժշկա-սանիտարական հիմնարկների աշխատանքները: 1930 թ. Ա. Կյուչարիանցին տեղափոխում են Մոսկվա, նշանակում Մոսկվայի զինվորական օկրուգի սանիտարական վարչության պետ:

1934-1940 թթ. լինելով կորպուսային բժիշկ՝ նա ղեկավարում է նաև Լենինգրադի Ս. Մ. Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիան: Այդ տարիներին նա խորհրդային բանակի համար պատրաստեց մեծ թվով զինվորական բժիշկներ:

Հայրենական պատերազմի առաջին օրերին կորպուսային բժիշկ Ա. Կյուչարիանցին նշանակում են Լենինգրադի ռազմաճակատի բուժանձնակազմի վերաորակավորման դասընթացների պետ՝ միաժամանակ նրան թողնելով 283-րդ և 1171-րդ հոսպիտալների պետի պաշտոնները և Լենինգրադի ռազմաճակատի պահեստային սանիտարական վարչության պետի պարտականությունները: Պատերազմը նոր պահանջներ դրեց բուժաշխատողների առջև, և նրանց որակավորումը, բնականաբար, պետք է լիովին համապատասխաներ նոր պահանջներին: Ու հենց ռազմաճակատի պահանջներին համահունչ՝ Ա. Կյուչարիանցը վերածրագրավորում է բժշկական կադրերի վերապատրատման աշխատանքները, ուսուցման մեթոդները ու դասավանդումը: Լենինգրադի շրջափակման ծանր օրերին նա ռազմաճակատին տվեց հազարավոր բժշկական որակյալ կադրեր, հատկապես բարձրակարգ վիրաբույժներ:

Պատերազմի ավարտից հետո Կյուչարիանցն անցնում է գիտամանկավարժական աշխատանքի: Երկար տարիներ դասախոսել է Լենինգրադի ռազմաբժշկական ակադեմիայում: Նրա գիտական աշխատությունները հիմնականում վերաբերում են զորամասերում բուժծառայության կազմակերպման հարցերին…

Ա. Կյուչարիանցը շարունակ բարձրանում է զինվորական ծառայության մեջ. գնդի կրտսեր բժշկից դառնում ավագ բժիշկ, իսկ հետո՝ կորպուսի բժիշկ՝ գնդապետի կոչումով: 1943 թ. ապրիլին ԽՍՀՄ Ժողկոմխորհը նրան շնորհում է բժշկական ծառայության գեներալ-մայորի կոչում:

Արթուր Գրիգորի Կյուչարիանցը վախճանվել է 1963 թ.: Նրա աճյունն ամփոփված է Լենինգրադի Բոգոսլավսկի գերեզմանատանը:

Պատրաստեց Վոլոդյա Ալավերդյանը