ԲԺԻՇԿ ՄԱՀԸ

Ամերիկահայ բժիշկ-ախտաբան Ջեկ (Հակոբ) Գևորգյանը ծնվել է 1928թ., ԱՄՆ Միչիգան նահանգի Պոնտյակ քաղաքում, հայ գաղթականի ընտանիքում: Փոքրիկ Ջեկը շնորհալի երեխա էր, չափազանց ընդունակ: Կարողանում էր միաժամանակ երկու ձեռքով գրել, ընդ որում` մեկով՝ անգլերեն, մյուսով` գերմաներեն: Օժտված այս տղան գերազանց առաջադիմությամբ ավարտում է դպրոցը և ընդունվում Միչիգանի բժշկական համալսարան:

1952թ. ծառայության է անցնում ԱՄՆ զինված ուժերում և անգամ մասնակցում Կորեական պատերազմին: Ծառայությունից հետո աշխատում է Միչիգանի և Կալիֆորնիայի հիվանդանոցներում: Աշխատելով որպես բժիշկ-ախտաբան Պոնտյակի գլխավոր հիվանդանոցում՝ Գևորգյանը նաև փորձարարական տարբեր աշխատանքներով է զբաղվում: Օրինակ՝ առաջարկում է նոր մահացածներից արյունը փոխներարկել հիվանդներին: Նա հույս ուներ, որ ԱՄՆ ԶՈՒ հետաքրքրությունը կսևեռի այս փորձարկման վրա՝ կիրառելով այդ միջոցը՝ օգնելու վիրավոր զինվորներին պատերազմի ժամանակ: Սակայն Պենտագոնը ոչ մի հետաքրքրություն էլ չի ցուցաբերում: Մեկ ուրիշ անգամ էլ Գևորգյանն առաջարկում է մահվան դատապարտված կալանավորների վրա փորձարկումներ կատարել եւ մահապատժից հետո նրանց օրգանները փոխպատվաստել հիվանդներին, սակայն այս առաջարկը մերժվում է:

Տասնամյակներ շարունակ Գևորգյանը մի շարք վիճահարույց գաղափարներ է մշակում մահվան հետ կապված: Նա քարոզում էր էվթանազիա (լավ մահ, հեշտ մահ, այսինքն` անբուժելի հիվանդ մարդուն ցավից ազատելու հեշտ տարբերակ): Նա բազմաթիվ հոդվածներ է հրապարակում, որոնք ցույց էին տալիս նրա` էվթանազիայի էթիկայի վերաբերյալ մտածելակերպը: Բժիշկը նախագծում եւ ստեղծում է այսպես կոչված «ինքնասպանության մեքենան»՝ մերսիտրոնը (անգլերեն` mercy – ողորմածություն, գթություն, կարեկցանք), որը անալգետիկների և թունավոր դեղահաբերի մահացու չափաբաժին էր ներարկում իրենց կյանքին վերջ տալ ցանկացող անբուժելի հիվանդներին: Կոճակի մի հպումով, առանց երկար տանջվելու, տառապելու, նրանք ինքնակամ խաղաղ մահվան էին գնում (1990 թ. հունիսի 4-ին, օգտագործելով մերսիտրոնը, իր կյանքին վերջ տվեց Ջ. Գևորգյանի առաջին հիվանդը, որը տառապում էր Այցհեյմերիայով՝ կենտրոնական նյարդային համակարգի դեգեներատիվ հիվանդությամբ): Ըստ փաստացի տվյալների՝ մերսիտրոնի «ծառայությունից» օգտվել է ավելի քան 130 մարդ: Հայազգի բժշկի մասին սկանդալային լուրերը, տեսանյութերը վերջ չունեին. նրան քննարկում էին և քննադատում, ատում եւ պաշտում, իրար հակասող բնութագրումներով որակում` փրկիչ, մարդասպան, խենթ, հանճար, մոլագար, բարեգութ հրեշտակ, սերիական մարդասպան, եւ ի վերջո՝ չկայացած անհաջողակ, որը ձախողվել է տարբեր ասպարեզներում` գիտություն, գեղանկարչություն, երաժշտություն (Գեւորգյանը նաեւ յուղանկարիչ էր, նվագում էր ֆլեյտա, երգեհոն, ջազային ոճի երաժիշտ էր. 1997թ. թողարկած նրա «Շատ հանգիստ կյանք» սկավառակը վաճառվեց 1400 օրինակով): Բժշկական ընկերակցությունները, ԱՄՆ իշխանությունները անվերջ դատապարտում էին նրան, իսկ համաշխարհային մամուլը նրան կնքել էր «Դոկտոր Մահ» մականունով: «Իմ մասին հետո կգրեն՝ նա բժիշկ էր, որը փորձում էր թեթևացնել մարդկանց տառապանքը». սա էլ Գևորգյանի կարծիքն էր իր մասին: Անհույս հիվանդներին այն աշխարհ ուղարկելու «գյուտի» պատճառով 1991թ. Գևորգյանին զրկեցին բժշկական պրակտիկայով զբաղվելու արտոնագրից: Դատական գործընթացները հաջորդում էին մեկը մյուսին: 1999-ի մարտին նրան մեղադրեցին երկրորդ աստիճանի ուղղակի սպանության մեջ: Դատարանի վճռով Գևորգյանը 10-25 տարի ազատազրկման դատապարտվեց Միչիգանի նահանգի ուղղիչ հիմնարկում: 2007թ. հունիսի 1-ին լավ վարքի համար նրան 2 տարի շուտ ազատ արձակեցին:

dok

…. Ջ. Գևորգյանը մահացել է 2011 թվականին: Նրա մասին բազմաթիվ գրքեր գրվեցին, ֆիլմեր նկարահանվեցին: «Դու չգիտես Ջեքին» ֆիլմում «Դոկտոր Մահին» մարմնավորում է համաշխարհային կինոյի աստղ Ալ Պաչինոն, որը հենց այդ դերի համար արժանացել է ամերիկյան «Ոսկե գլոբուս» մրցանակին, իսկ ֆիլմի պրեմիերան կայացել է 2010թ. ապրիլի 24-ին: …. 2011 թվականին, Գևորգյանի մահից հետո Նյու Յորքում տեղի ունեցավ նրա նկարների և անձնական իրերի աճուրդ: Նրա պատկերած նկարներում գերիշխողը մահվան թեման է: Նկարներից մեկը վերնագրված է «Ցեղասպանություն»: Կտավում պատկերված է կնոջ կտրած, արյունոտ գլուխ, որի մազերից բռնել են երկու ձեռքեր` մեկը թուրքական զինվորականի համազգեստով է (այդպիսի համազգեստ թուրքերը հագնում էին Առաջին համաշխարհային պատերազի ժամանակ), իսկ մյուսը` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա գերմանական զինվորական համազգեստով է: Այս նկարով Գեւորգյանն արտահայտել էր իր բողոքն ընդդեմ ցեղասպանության, որն իրագործվել էին հայերի և հրեաների նկատմամբ: Ասում են` այդ նկարի շրջանակը ներկված է հեղինակի սեփական արյունով…

Իր հարցազրույցներից մեկում Ջ. Գևորգյանը խոստովանել է, որ իր մեջ այդչափ գերաճ տված հետաքրքրությունը մահվան հանդեպ ձևավորվել է Հայոց ցեղասպանության մասին լսած պատմությունների ազդեցությամբ: Նրա ծնողները հրաշքով էին փրկվել Հայոց եղեռնից. մայրը` Սաթենիկը, եղեռնի ժամանակ կորցրել էր ծնողներին, հայրը` Լևոնը, բոլոր ազգականներին: Տխուր եւ դառը հիշողությունները նրանց ամենօրյա խոսք ու զրույցի առանցքում էին՝ կտրված գլուխներ, սրախողխող արված հղի կանանց լլկված մարմիններ…. Հոգեբանները մասնագիտական բացատրություն կտան, թե ինչ ընթացք է ստանում մարդու հոգեկան դաշտը, երբ մանկությունը լիուլի է ծնողներից լսած հոգեցունց ու մահասարսուռ, դժոխք հիշեցնող պատմություններով…

Պատրաստեց Ալիս Ալավերդյանը