ՄԱՐԴՆ ԱՊՐՈՒՄ Է ԿՈՂՔԻՆԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Նորայրը հապճեպ ներս է մտնում ու նստում բազմոցին: Ես նրան ավելի բարձրահասակ էի պատկերացնում: Դեմքը վիրակապված է, այտի վրա նկատելի այտուց կա: Ես ժպտալով ոտքի եմ կանգնում, որ սեղմեմ ձեռքը, գրկեմ հերոսին… Նորայրը չի արձագանքում, գլխահակ տրորում է մատները:

-Լա՞վ ես,- հարցնում եմ շփոթված:

-Հա՛,- ասում է կիսաձայն ու բարձրացնում է հայացքը:

Աչքերը հոգնած են, անփայլ: Դեմքին հուսահատ պատրաստակամություն կա:

-Պիտի պատմե՞մ,- հարցնում է սառն ու անհույզ:

Հանկարծ ես հասկանում եմ. նա էլ չի ուզում անցնել ցավի ու կորստի ճանապարհով, էլ չի ուզում հիշել… «Կրակոցի ձայն լսեցի… ձեռնամարտ սկսվեց… Ազատը չէր շնչում… Արարատը…»:

-Կներես,- ասում եմ կիսաձայն: Ինչ-որ բան գնդվել է կոկորդիս: Նա կպատմի: Ես կլսեմ, ինչպես կարդացած գիրքն ես վերընթերցում: Կզգամ, ինչպես ուրիշի ցավն ես զգում: Ու կգնամ: Իսկ այս տղան, որն ընդամենը 20 տարեկան է, կմնա իր ցավի, իր հիշողությունների հետ:

-Ե՞րբ ես սիրահարվել վերջին անգամ,- ես տալիս եմ ամենաանպատեհ հարցը:

Նորայրը նայում է ապշած, բերանի անկյունում ժպիտ է թրթռում:

-Ես սիրահարված չկամ:

-Ո՞նց թե սիրահարված չկաս,- ես «բռնել եմ» Նորայրի ժպիտն ու արդեն խաղի մեջ եմ: – 20 տարեկան ես ու սիրահարված չկա՞ս: Իսկ ես առաջին անգամ մանկապարտեզում եմ սիրահարվել:

Նորայրի ժպիտը տարածվել է դեմքով մեկ:

-Հետո չորրորդ դասարանում սիրահարվեցի` իմ ռուսերենի ուսուցչին: Հետո ութերորդ դասարանում` իմ սոլֆեջիոյի ուսուցչին, հետո…

Ես ճիշտն ու սուտը խառնել եմ իրար: Նորայրը քրքջում է.

-Էդպես ո՞նց կլինի…

Լուսանկարիչ Արեգը գլխով է անում, իբր` շարունակիր, ու լուսանկարչական սարքը չխկչխկացնելով՝ նկարում է Նորայրի ծիծաղը, իսկ Նորայրը այդ ընթացքում ասում է.

-Ես դեռ չեմ գտել այն աղջկան, որին կսիրեի:

-Ինչո՞ւ, շուրջբոլորը լիքը սիրուն աղջիկներ կան:

-Սիրունն ի՞նչ անեմ, ընտանիք եմ կազմելու: Տեսքն ինձ համար կարևոր չէ:

-Ա՛յ տղա,- ասում եմ,- տեսքը նույնիսկ ինձ համար է կարևոր:

Նորայրը բարձրաձայն ծիծաղում է:

-Տեսքն ի՞նչ եք անում,- ու սպասում է պատասխանի:

Լուսահոգի հորեղբորս հիշեցի: Ասում էր` սիրուն երեսիդ վրա փլավ չենք ուտելու, գրտնակ անել սովորիր:

Նորայրը բացատրում է ինձ համարյա հորեղբորս նման:

-Կողակցիդ ընտրելիս պիտի նայես բնավորությանը, որ բարի լինի, հարգի ծնողներիդ, պարկեշտ լինի, ամոթխած, աշխատասեր: Որ քեզ հասկանա, թիկունք լինի: Հայրս, մայրս ինձ պահել-մեծացրել են, գիտեք` ի՞նչ դժվարություններ են տեսել: Առավոտից իրիկուն աշխատել են: Ես Ղարաբաղի Գիշի գյուղից եմ: Գյուղի կյանքը քաղաքի նման չէ, դժվար է: Ես պիտի հորս ու մորս շատ լավ պահեմ: Պիտի այնպիսի կին ընտրեմ, որ նրանց հարգի, նրանց չարչարանքը գնահատի: Ես հիմա չեմ կարող սիրել, որովհետև աշխատանք չունեմ, դեռ լրիվ չեմ ապաքինվել: Բուհս կավարտեմ, կաշխատեմ: Երբ հասկանամ, որ կարող եմ պահել ընտանիքս, այդ ժամանակ էլ կսիրեմ:

…Շատ կուզենայի մեր գյուղում ապրել: Գյուղը շատ եմ սիրում: Բնությունը, հողը, ծառ ու ծաղկունքը, գյուղի մարդկանց: Մեր գյուղը քաղաքի նման չէ. ուզում ես քիպ քշիր, ուզում ես` հեծանիվ, պիտի մարդ լինես, որ հարգեն:

-Մարդ լինելը ո՞րն է:

-…Մարդն ապրում է կողքինին օգնելու համար:

-Քանի փիլիսոփա է գլուխ ջարդել, թե ինչո՞ւ է մարդն ապրում: Փաստորեն, կողքինին օգնելու համա՞ր…

Նորայրը գլխով է անում: Հետո պատմում է խառնիխուռն.

-Ես ֆիզիկա եմ սիրել դպրոցում, ռազմագիտություն, մեկ էլ` սպորտ: Սիրում եմ մրցել: Զենք եմ սիրում ու ընկերներիս…Դպրոցում էլ, բուհում էլ լավ ընկերներ եմ ունեցել:

-Իսկ բանակո՞ւմ:

-Լավ հրամանատարն էլ է ընկեր: Կապիտան Կամո Բաղեյանը, մայոր Ռուբեն Պետրոսյանը… Մարտական ընկերոջ պես թանկ են:

-Իսկ ովքե՞ր են քո ամենալավ մարտական ընկերները: Ծառայությունն ավարտելուց հետո ընկերությունը շարունակո՞ւմ եք:

Նորայրը նայում է բացակա: Ինձ թվում է` հարցը չհասկացավ:

-Ամենամոտ մարտական ընկերներիդ,- կրկնում եմ ես:

-Նրանք զոհվեցին:

…Ես ուզում եմ հարցնել` ո՞նց եղավ, բայց սիրտ չեմ անում:

-Չորս հոգով էինք: Ես, Ասոյան Ազատը, Խանոյան Արարատը, Մամոյան Մրազը: Գնում էինք սնունդ բերելու: Հանկարծ կրակոց լսեցի, միանգամից վրա տվեցին,- պատմում է անհույզ, ասես ուզում է արագ ավարտել:

-Քանի՞ հոգի էին:

-Ես հասցրի երեքին տեսնել: Զինվորներ չէին, տարիքով մարդիկ էին: Երևի հատուկջոկատայիններ: Շատ լավ էին զինված: Իսկ մենք անզեն էինք: Դիմացից կրակեցին: Զգացի, որ մի գնդակը կպավ ուսիս, մյուսը` ծնոտիս: Հետո` էլ չէի զգում, ամեն ինչ մշուշի մեջ էր: Ես կռվում էի ձեռքերով` մեկի հետ, մյուսի, երրորդի…

Նորայրը լռում է:

-Ինչքա՞ն տևեց:

-Չգիտեմ: Ես կռվում էի վերջին ուժերով: Միայն մի միտք կար` թույլ չտամ, որ առաջ շարժվեն, սպանեն ընկերներիս: Հետո տեսա, որ զենքերը թողած` փախչում են: Նայեցի շուրջս, որ գտնեմ ընկերներիս: Ազատն ու Արարատը ընկած էին խրամուղու մեջ: Ազատը չէր շնչում, իսկ Արարատի զարկերակը թույլ տրոփում էր: Վազեցի օգնություն խնդրելու: Չհասցրի: Երբ վերադարձա, Արարատի զարկերակը անշարժ էր:

Նորայրը պատուհանից դուրս է նայում:

«Վազեցի օգնություն խնդրելու»` տղայի բառերը արձագանքում են գլխիս մեջ: Վերն ու վարը ամբողջովին փշրված ծնոտով, գնդակը ուսի մեջ, ամբողջ մարմինը դանակներով բզկտված:

-Դու հերոս ես, իսկական հերոս ես,- իմ ձայնը ինձ չի ենթարկվում:

-Ես զինվոր եմ: Իմ պարտականությունն եմ կատարել,- ասում է Նորայրը սառն ու անպաթոս,- յուրաքանչյուր զինվոր կանգնած է սահմանին, որ փակի թշնամու ճանապարհը, հակառակը` դասալքություն ու դավաճանություն է: Հայաստանի ու Ղարաբաղի պաշտպանության նախարարները ինձ «Արիության» մեդալ տվեցին: Արի լինելը յուրաքանչյուր զինվորի պարտքն է: Ես այդպես եմ մտածում: Ղարաբաղում այդպես են մտածում յուրաքանչյուր մայր, յուրաքանչյուր տղամարդ, յուրաքանչյուր զինվոր:

-Մարմինը հոգու պես պինդ է,- ասում է ՊՆ Կենտրոնական հոսպիտալի դիմածնոտային բաժանմունքի պետ, բուժծառայության փոխգնդապետ Կարեն Սևտերտերյանը, որը օրերս է վիրահատել Նորայրին: Հրաշքով է ողջ մնացել: Բոլոր վիրահատությունները հաջող են անցել, օրգանիզմը շատ կենսունակ է: Հետագայում ծնոտի բացակայող հատվածը և ատամնաշարը նույնպես կվերականգնենք, և մեր Նորայրը լիովին կապաքինվի:

Նորայրը նայում է բժշկին, հետո` ինձ:

-Ես վերջին երկու տարում իմ ծննդյան օրը հոսպիտալում եմ անցկացրել: Առաջին անգամ կույր աղիքս էր պայթել: Երկրորդ անգամ` վիրավորվել էի: Ուզում եմ այս տարի իմ ծննդյան օրը մեր տանը լինեմ,- ասում է նա:

Գայանե Պողոսյան

  • gay
  • gaya
  • gayan