Եթե Ալլահ կա, մենք պատասխան ենք տալու՝ կափկափել են թուրքերը

Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանութան 100-րդ տարելիցը: Հայ և օտարազգի հեղինակների բազմաթիվ ուսումնասիրություններ, գիտական աշխատություններ նպատակ ունեն լույս սփռելու անցյալ դարասկզբին Հայկական լեռնաշխարհում տեղի ունեցած իրադարձությունների վրա, վերլուծելու, հասկանալու, բացատրելու… որպեսզի 20-րդ դարի մեծագույն ոճիրը այլևս չկրկնվի, որպեսզի հատուցումը դառնա նոր ցեղասպանությունները բացառելու միջոց ու պայման:

Անահիտ Աստոյանը նույնպես երկար տարիներ ուսումնասիրել է Հայոց ցեղասպանության` դարի ոճրագործության, հայրենազրկման ու կողոպուտի թեման և իր ազդեցիկ խոսքն ասել այդ մասին: Նա ավարտել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը: Որպես ավագ գիտաշխատող աշխատել է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, այդ տարիներին ուսումնասիրել թանգարանի արխիվը և հանդես եկել բազմաթիվ հետաքրքիր ցուցահանդեսներով, հրապարակումներով:

2000թ. Կ. Պոլսի հայոց պատրիարք Ա. Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հրավերով մեկնում է Պոլիս և աշխատանքի անցնում պատրարքարանի գրադարանում: «Բոլոր գրքերը իմ ձեռքով եմ մաքրել, քարտավորել, համակարգել… ու ամեն առավոտ, երբ լույսը բացվում էր, գոհանում էի, որ ինձ է շնորհվել այդ հնաբույր, բացառիկ գրքերի լուռ, խորախորհուրդ ընկերակցությունը վայելելու երանությունը… Քարտավորման աշխատանքների ժամանակ մի փոքրիկ նյութ ընկավ ձեռքիս տակ՝ երկու էջանոց՝ «Հայերն օսմանյան բանակում»: Գիտեք, բանակը թուրքերի համար «սրբություն սրբոց» է, և դարեր շարունակ նրանք փորձել են հերքել, որ օսմանյան կայսության հպատակ քրիստոնյա ազգերը իրենց ավանդն ունեն օսմանյան բանակի հզորացման գործում: Եվ ահա ես գտնում եմ մի փաստաթուղթ, որ հակառակն է ապացուցում»: Նա սկսում է լուռ ու հետևողականորեն պրպտել, ուսումնասիրել բոլոր նյութերը, տարբեր աղբյուրներից հավաքել արժեքավոր տեղեկություններ օսմանյան բանակում ծառայած հայ զինվորականների, հայ զինվորական բժիշկների, բանակի հայ մատակարարների, վարձկանների և այլ ծառայողների վերաբերյալ, որոնցից շատերը զինաթափվել և նահատակվել են ցեղասպանության տարիներին, և միայն 1916 թ., երբ թուրքեր հասկացել են, որ օսմանյան բանակը առանց բժիշկների է մնում, որոշել են «խնայել» հայ զինվորական բժիշկներին…: 2010 թ. լույս է տեսնում Անահիտ Աստոյանի «Հայերն օսմանյան բանակում» գիրքը, այն թարգմանվում է թուրքերեն, սակայն գրքի հրատարակիչը ձերբակալվում է, և գիրքը առ այսօր չի հրատարակվել:

2004թ. Անահիտ Աստոյանը ստիպված է լինում վերադառնալ Երևան: Շարունակում է աշխատել Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, ապա Մաշտոցի անվան Մատենադարանում որպես կրտսեր գիտաշխատող: Պարբերական մամուլում տպագրվում են նրա հոդվածները Կ. Պոլսի հայ համայնքի, հայ բարերարների, հայոց բարեգործության պատմության, Օսմանյան կայսրության զինված ուժերում, վարչական համակարգում և տնտեսության մեջ հայերի դիրքի և այս ասպարեզներում նրանց ունեցած դերակատարության մասին: Հեռուստատեսային հաղորդումների սցենարների հեղինակ է: 2013 թ. լույս է տեսնում «Դարի կողոպուտը. հայերի ունեզրկումը օսմանյան կայսրությունում 1914-1923 թթ.» գիրքը. «Հայերի ունեզրկումը հայոց եղեռնի դրդապատճառներից մեկն էր. իրականացնելով հայերի ցեղասպանությունը՝ նրանք իրականացրին դարի կողոպուտը՝ հայերի ունեզրկումը օսմանյան կայսրության մեջ: Այդ տարիներին հայերն էին կայսրության տնտեսության տերը, ղեկավարը, և թուրքերը գիտակցում էին, որ հաջորդ խաղաղ և օրինաչափ նվաճումը քաղաքական իշխանությունն էր լինելու…»:

Ես որոշեցի հանդիպել «Հայերն օսմանյան բանակում» գրքի հեղինակ Անահիտ Աստոյանի հետ և խնդրել, որ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության amda.am կայքում հրապարակելու համար Անահիտ Աստոյանը մեզ տեղեկություններ տրամադրի օսմանյան բանակում ծառայած հայ զինվորական բժիշկների վերաբերյալ: Հեղինակը սիրով համաձայնեց…

«Նրանք խլեցին իմ հողը, իմ տունը, իմ և ձեր հարազատներին մորթեցին… Ես դա մոռանալ չեմ կարող… թուրքն էլ դա չի մոռանում…. Այսօր էլ երբ լսում են, որ հայ ես, դատաստանի վախից դարձյալ խարխլվում են, ու ես դա զգում եմ ու չեմ խեղճանում… Ես համոզված եմ, որ հատուցում լինելու է, նրանք էլ դա գիտեն և երբեք չեն հանգստանում… Պատմում են, որ նույնիսկ ցեղասպանության տարիներին թուրքերը սարսափով կափկափել են՝ եթե Ալլահ կա, մենք պատասխան ենք տալու… Ես Ձեզ ասում եմ՝ ամեն անմեղ զոհի համար պատասխան են տալու… Մի օր մեր և աշխարհի շահերը համընկնելու են, և արյան, կեղծիքի վրա կառուցված թուրքական կայսրությունը փլվելու է… Ես հավատում եմ… Աստծո ճանապարհները անքննելի են»,- մեր հանդիպման ավարտին ասաց Անահիտ Աստոյանը՝ իր սև, խորունկ աչքերով նայելով աչքերիս մեջ, այնպիսի հավատով ասաց, որ նույնիսկ անհավատը կսասանվեր…

Էդիտա Մելքոնյան