Հայ զինվորական բժիշկները օսմանյան բանակում

Օսմանյան կայսրության հպատակ քրիստոնյա ազգերը՝ որպես անվստահելի տարրեր, չէին զինվորագրվում բանակ և զրկված էին զենք կրելու իրավունքից, և որ ամենակարևորն է, ըստ շարիաթի (մահմեդականության իրավական օրենսդրությունը, որը հիմնված էր հոգևոր հրամանների և պատվիրանների վրա) սկզբունքների, անհավատները չէին կարող կռվել հավատքի բանակում:

Թե Թանզիմաթի (1839 թ.) ընձեռած հնարավորությունների շնորհիվ, և թե երկրում թուրք բժիշկների սակավության պատճառով՝ Եվրոպայի համալսարաններում ուսանած բազմաթիվ հայ բժիշկներ սկսեցին ծառայել օսմանյան բանակում: Սկզբնական շրջանում հայ բժիշկները օսմանյան բանակում ծառայել են առանց զինվորական կոչման:

1841 թվականից սկսած ոչ մահմեդականներին արտոնվեց ուսանել Կայսերական զինվորական բժշկական բարձրագույն վարժարանում, որը բացվել էր 1838 թ. սուլթան Մահմուդ Բ-ի արքունի բժիշկ Մանուել Շանշյանի նախաձեռնությամբ: Մինչ այդ երկիրը չուներ նման գիտական հաստատություն: Օսմանյան բժշկությունը գտնվում էր արաբական բժշկության ավերակների վրա: Վարժարանի ուսուցչապետն էր Վիեննայի համալսարանից հրավիրված դոկտոր Բերնարը: Դասավանդումն այստեղ մինչև 1869 թ. կատարվում էր ֆրանսերենով: Սկզբնավորման առաջին շրջանից Կայսերական զինվորական բժշկական բարձրագույն վարժարանի սյուներն էին հայ և հույն դասախոսները: Այս և 1865 թ. բացված Քաղաքային բժշկական վարժարանները ունեցել են 21 հայ բժիշկ դասախոսներ, որոնք Օսմանյան կայսրության բժշկության վերելքի առաջամարտիկները եղան: Նրանք մասնագիտական գրականություն են պատրաստել ուսանողների համար՝ ստեղծելով մասնագիտական տերմիններ, որոնցից զուրկ էր այդ շրջանի թուրքերեն լեզուն: Երկար շրջան Հակոբ բեյ Խանտանյանի դատական բժշկությանը նվիրված և Անդրանիկ փաշա Կրճիկյանի պատրաստած բնագիտության երկհատոր դասագրքերով են ուսանել բժշկական վարժարանների թուրք ուսանողները: Տիգրան բեյ Աճեմյանը թողել է ակնաբուժության մասին հրատարակություններ: Զինվորական անասնաբուժական վարժարանի դասախոս Մինաս բեյ Ավետիսյանը անասնաբուժության բազմահատոր դասագրքեր է պատրաստել թուրք ուսանողների համար, որոնք հրապարակի վրա են մնացել տասնյակ տարիներ: Դասագրքերի հեղինակներ էին Կայսերական զինվորական բժշկական բարձրագույն վարժարանի հայ դասախոսներ Նահապետ Ռուսինյանը, Նշան Ղուկասյանը և Հովսեփ Նուրջանը: Օգտագործելով նկարչի իրենց կարողությունները՝ վարժարանի դասախոսներ Հակոբ բեյ Հովհաննիսյանը և Անդրանիկ փաշա Կրճիկյանը պատրաստել են մարդակազմություն պատկերող նկարներ, որոնք դյուրացնում էին ուսումը:

Սուլթանական հատուկ հրամանով Կայսերական զինվորական բժշկական բարձրագույն վարժարանի ընթացավարտ հայ բժիշկներն ու դեղագործները զինվորական աստիճաններով սկսեցին ծառայելօսմանյան բանակում: Նրանք մասնակցել են օսմանյան բանակի ռազմական գործողություններին ու պատերազմներին և իրենց մեծ ավանդը բերել բանակում բուժսպասարկման գործի կազմակերպմանը: Հայ զինվորական բժիշկներից շատերը դասավանդել են Կայսերական զինվորական բժշկական բարձրագույն վարժարանում՝ օսմանյան բանակի և երկրի համար պատրաստելով զինվորական բժիշկների բազմաթիվ սերունդներ: Նրանք մեծ նպաստ են բերել երկրում բժշկական գիտության զարգացման գործին: Նրանց նախաձեռնությամբ հիմնվել է Կայսերական բժշկական ընկերությունն ու Կարմիր մահիկը: Կայսերական բժշկական ընկերությունն իր հիմնադրման օրվանից մինչև 1922 թ. ունեցել է 55 հայ անդամներ: Հայ զինվորական բժիշկները մեծ ավանդ ունեն օսմանյան բանակի հակահամաճարակային և սանիտարական գործի կազմակերպման բնագավառում:

Հայ հմուտ զինվորական բժիշկներից շատերը եղել են սուլթանների, թուրք ավագանու և բարձրաստիճան պաշտոնյաների նախամեծար բժիշկները: Սուլթան Աբդուլ Համիդ Բ-ն արքունի 60 բժիշկներից վստահում էր Տիգրան փաշա Փեշտիմալճյանին: Նրա մահից հետո սուլթան Համիդը կրկին հայ բժիշկ ընտրեց՝ Միքայել Խորասաճանյանին: Նա ժամանակի ամենաճարտար ախտաբանն էր: Որպես արքունի բժիշկ ուղեկցել է սուլթանին իր ուղևորությունների ժամանակ: Միքայել Խորասաճանյանը հրաժարվել է իրեն առաջարկված զինվորական կոչումներից:

Հայ բժիշկներից ավելի քան 170 բարձրաստիճան սպաներ արժանացել են փաշայի և բեյի տիտղոսների:

Փաշայի տիտղոսին էին արժանանում մյուշիրի զինվորական աստիճան ունեցողները, որը համապատասխանում էր մարշալի աստիճանին (մարաջախտ): Ֆերիքները եվրոպական բանակների զորաբաժնի և կիսաբաժնի զորավարներն էին: Պեյլերպեյին, միրլիվան և միրմիրանը օսմանյան բանակի հատուկ զինվորական աստիճաններ էին: Պեյլերպեյին համապատասխանում էր բդեշխության, միրլիվան՝ զորապետության, իսկ միրմիրանը՝ հրամանատարության աստիճաններին: Դրանց հաջորդում էր միրալայը (գնդապետ), որը բեյի տիտղոսն էր ունենում:

Օսմանյան բանակում ծառայած հայ բժիշկներից մյուշիրի (մարշալի) զինվորական կոչում է ունեցել օսմանյան ողջ բանակի գլխավոր դեղագործ Ֆերդի փաշա Թերճիմանյանը:

Անահիտ Աստոյան

  • Hay bzhishkner
  • 11086562_789092351178500_624312959_o