Մեր ախտորոշումից կարող է կախված լինել հիվանդի ճակատագիրը…

Զրույց ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի Ճառագայթային ախտորոշման բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Նարինե Էլիզբարյանի հետ:

-Բժշկուհի, Դուք երկու տասնամյակից ավել համակարգում եք… Ե ՞րբ եք ծառայության անցել Զինված ուժերում: խնդրում եմ ներկայացրեք Ձեր ծառայողական ուղին…

– Ուսանել եմ Երևանի պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետում: Այնուհետև անցել եմ կլինիկական օրդինատուրա` ճառագայթային ախտորոշում մասնագիտությամբ: 1994 թվականից Զինված ուժերում եմ: 1994-2000 թվականներին աշխատել եմ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում որպես բժիշկ-սոնոգրաֆիստ: 2000 թվականին տեղափոխվել եմ ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. նույն թվականից ինձ է վստահվել ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունքի պետի պաշտոնը: Իսկ 2013-ից աշխատում եմ որպես ճառագայթային ախտորոշման բաժանմունքի պետ: Վերապատրաստվելուց հետո ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում համատեղ իրականացնում եմ նաև արյունատար անոթների դուպլեկս սկանավորում(հետազոտություն):

-Ինչպիսի՞ հետազոտություններ են իրականացվում ճառագայթային ախտորոշման բաժանմունքում:

 

– Նախ նշեմ, որ բժշկության մեջ ոչ ինվազիվ ախտորոշման ոլորտում ուլտրաձայնային հետազոտությունը ամենաինֆորմատիվ մեթոդներից է: Այն լայնորեն կիրառվում է ամենատարբեր հիվանդությունների ախտորոշման համար, ինչին նպաստում են հետազոտման արդյունքների ճշգրտությունը, մեթոդի մատչելիությունը, հակացուցումների բացակայությունը: Հետազոտության ժամանակ կիրառվող ուլտրաձայնային ալիքների չափաքանակն անվնաս է մարդու առողջության համար: Ուլտրաձայնային հետազոտությունը կիրառվում է հիվանդությունների ախտորոշման, ախտաբանական գործընթացի պարբերական հսկողության և բուժման արդյունքների գնահատման նպատակով:

Մեր բաժանմունքը բաղկացած է երկու ծառայություններից` ուլտրաձայնային հետազոտություն և ռենտգեն հետազոտություն: Ընդամենը մի քանի ամիս առաջ բաժանմունքը համալրվել է «Տոշիբա» ընկերության APLIO 400 ուլտրաձայնային հետազոտության ժամանակակից սարքավորումով: Այն ունի բազմաթիվ ֆունկցիաներ, ինչը թույլ է տալիս լիարժեք հետազոտել հիվանդին և տալ ճշգրիտ եզրակացություն: Դա չափազանց կարևոր է, քանի որ բուժման արդյունքը գրեթե միշտ կախված է ճիշտ ախտորոշումից: Հետազոտությունները կատարում ենք բոլոր ուղղություններով` որովայնի խոռոչ, կանացի օրգաններ, վահանաձև գեղձ, կրծքագեղձ, մկաններ և այլն… Սարքավորումն ունի բոլոր հնարավորությունները, և անհրաժեշտություն չի առաջանում հիվանդներին ուղարկելու այլ բուժհաստատություն` ավելի խորացված հետազոտությունների համար: Մենք իրականացնում ենք հետազոտություններն ամբողջ ծավալով: Ունենք նաև ուլտրաձայնային հետզոտության շարժական սարքավորում, որը նախատեսված է ծանր հիվանդներին հետազոտելու համար, ինչպես նաև գլխուղեղի հետզոտության համար նախատեսված սարքավորում: Բաժանմունքի ռենտգեն կաբինետն առանձնացված է: Առաջիկայում այն կհամալրվի նոր սարքավորումով:

-Համոզված եմ, որ մեր մասնագետները քաջ ծանոթ են եվրոպական երկրների, դիցուք` Գերմանիայի առաջատար կլինիկաների փորձին: Այստեղ և՞ ս հետազոտության նույն մեթոդներն են կիրառվում:

– Այո, հետազոտությունները կատարվում են նույն եղանակով: Կիրառվում են նույն սարքավորումները: Մենք ոչնչով չենք զիջում: Մեր ուլտրաձայնային հետազոտության նոր սարքավորումը լավագույններից է հանրապետությունում: Այս դասի սարքավորումներ կան մի քանի կլինիկաներում միայն:

– Ամենից հաճախ ի՞ նչ հիվանդություններ են հայտնաբերվում շարքային կազմի շրջանում:

– Շարքային կազմի շրջանում տարածված են այն հիվանդությունները, որոնք բնորոշ են տվյալ տարիքային խմբին: Գործ ունենք երիտասարդ կոնտինգենտի՝ 18 – 20 տարեկան պատանիների հետ, որոնք մինչ զորակոչվելը ՀՀ զինված ուժեր նախապես հետազոտվում են, և, հետևաբար, ներքին օրգանների մեծ խումբ հիվանդություններ գործնականում չեն հանդիպում (մասնավորապես զարգացման արատները): Հետևաբար, հայտնաբերվում են այնպիսի հիվանդություններ, որոնք կարող են ի հայտ գալ ծառայության ընթացքում: Սակայն նշեմ, որ նույնկերպ այս հիվանդությունները կարող են զարգանալ նաև քաղաքացիական կյանքում և գրեթե նույն հաճախականությամբ (որդանման ելունի բորբոքում, երիկամների և միզուղիների հիվանդություններ, լյարդ-լեղածորան-լեղապարկի, ներզատական գեղձերի , անոթների հիվանդություններ):

Ուլտրաձայնային հետազոտությունը առանձնահատուկ նշանակություն ունի հրազենային, գնդակային և բեկորային վնասվածքների դեպքում, երբ վնասվում են ներքին օրգանները, վերջույթների մագիստրալ անոթները: Այս դեպքում ուլտրաձայնային հետազոտման արդյունքներն անգնահատելի արժեք ունեն վիրաբույժի համար` բուժման տակտիկան ընտրելու հարցում:

-Օրեցօր զարգացող բժշկության վերջին նորություններին ծանոթանալը բժշկի համար օդ ու ջրի պես անհրաժեշտ է: Բժշկի մասնագիտական կատարելագործման համար չափազանց կարևոր են վերապատրաստումները… Խոսենք դրանց անհրաժեշտության մասին: Դուք ե՞ րբ եք վերջին անգամ վերապատրաստվել:

– Վերջին անգամ վերապատրաստվել եմ 2013 թվականի ապրիլ-մայիս ամիսներին: Դրա անհրաժեշտությունը չափազանց մեծ է: Իհարկե, վերջին գրականությունը մշտապես ձեռք ենք բերում, ընթերցում, բայց գործնական վերապատրաստումը շատ կարևոր է:

-Կարևորվում է նաև ինքնակրթությունը…

-Իհարկե, բժիշկը կատարելագործվում, սովորում է ամեն օր, ամեն հիվանդի հետ: Հաճախ կրկին կարիք է լինում վերհիշելու, վերանայելու: Գիտաժողովները, փորձի փոխանակումը ևս շատ կարևոր են: Անգամ մի նախադասությունը, մի նորությունը կարող է օգնել…

– Հատկապես կնոջ համար դժվա՞ր է համատեղել զինվորականի և բժշկի մասնագիտությունները:

 

– Հեշտ չէ… Բժշկի մասնագիտությունը չափազանց պատասխանատու է: Հիվանդն ունի քո կարիքը, քանի որ հենց ախտորոշումից է կախված նրա բուժումը: Դու պատասխան ես տալիս յուրաքանյուր հիվանդի համար: Պարզապես չես կարող անտարբեր լինել. Շատ հաճախ գնում եմ տուն, նորից վերլուծում, հիշում… երբեմն հիվանդին նորից եմ կանչում, որ ավելի վստահ լինեմ, ավելի հանգիստ. առանց չափազանցության` իմ ախտորոշումից կարող է կախված լինել հիվանդի ճակատագիրը…

-Զինվորական ծառայությունը դժվար է համատեղել նաև կնոջ, մոր պարտականությունների հետ… կարծիք կա, որ ընտանիքը գրեթե միշտ տուժում է:

 

– Երբ շատ հոգնած ու լարված եմ տուն գնում, զգում եմ, որ չեմ կարողանում երեխաներիս տալ այն ջերմությունը, որի կարիքն ունեն… 3 երեխա ունեմ: Կրտսեր զավակս 6 տարեկան է…

– Ձեր ամուսինը ևս բժիշկ է… ինչո՞վ են առանձնահատուկ բժիշկների ընտանիքները: Տանը և՞ս բժիշկ եք…

 

-Փորձում ենք տանը հնարավորինս քիչ խոսել բժշկական թեմաներով, ավելի շատ ուշադրություն նվիրել երեխաներին, որպեսզի զգան, որ ծնողները վերջապես վերադարձել են տուն: Եթե շարունակում ենք բժշկական հարցեր քննարկել, մենք տանը չենք (Ժպտում է): Սակայն հետաքրքիր, բարդ դեպքերի մասին իհարկե զրուցում ենք…

-Ի՞ նչ է փոխում կնոջ ներկայությունը բանակում: Կինը ի՞ նչ նոր երանգ է ավելացնում իր ներկայությամբ:

– Հիվանդ զինվորները մշտապես ջերմության ու հոգատարության կարիք ունեն, և կին բուժաշխատողներին հաջողվում է այդ պակասը լրացնել: Ես որդի ունեմ, և երբ որևէ զինվոր մտնում է հետազոտության, ես նրան նայում եմ` որպես որդու:

Կանանց միամսյակը դեռ ընթացքի մեջ է… ի՞ նչ կմաղթեք համակարգի կանանց և ընդհանրապես բոլոր հայուհիներին:

-Մաղթում եմ, որ միշտ սիրված և գնահատված լինեն, ուշադրությամբ ու հոգատարությամբ շրջապատված: Միշտ զգան տղամարդու ամուր թիկունքը, հպարտանան զավակների հաջողություններով: Սիրելի կանայք, եղեք երջանիկ…

Հասմիկ Գյոզալյան