Բանակը՝ հայի լինելության այցեքարտ

Ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյան

-Մենք երբեք չենք կարողացել նայել ինքներս մեզ օտարի աչքերով, կողքից… Մենք սթափ հայացքի պակաս ենք ունեցել։ Սեփական թերությունները տեսնելու կարողության բացակայությունը խանգարել է մեզ ու խանգարում է։ Մեր գենի մեջ արկածախնդրություն կա։ Մենք չգիտենք այսօրվա ձեռքբերումներով, այսօրվա տքնանքներով երաշխավորել մեր վաղվա օրը և մտածում ենք, որ վերջին պահին, գահավիժելուց մի քանի րոպե առաջ մի հնարով կշտկենք իրավիճակը ու չենք կործանվի։ Մենք դիվանագիտության պակաս ունենք բոլոր հարաբերություններում։ Ինձ ցավ է պատճառում մեր օտարամոլությունը։ Երբ ես 1961թ.-ին եկա Հայաստան, բոլոր բաց պատուհաններից, բոլոր մեքենաներից ադրբեջանական երաժշտություն էր հնչում։ Ես ապշած էի։ Կոմիտաս ունեցող ազգը ինչպե՞ս կարող էր ադրբեջանական երաժշտություն լսել։ Բարեբախտաբար, մենք հաղթահարեցինք այդ խայտառակությունը։ Ու դա հույս է տալիս, որ մենք կհաղթահարենք նաև այսօրվա թուրքա-ադրբեջանական մելիզմներով «համեմված» ռաբիսը։

….Եթե ուզում ենք մեղմ, կարեկից, խաղաղ ու հանդուրժող հասարակություն ունենալ, պետք է Հայաստանի վաղվա քաղաքացուն դաստիարակելու համակարգ ներդնենք՝ սկսած մանկապարտեզից… Առաջին հերթին պետք է կրթենք մարդու զգացմունքները, հույզերը, ապրումները… Պիտի ձևավորենք նրա բարոյական արժեքային համակարգը ու տոգորենք ազնիվ ու վեհ գաղափարներով։ Բարձրացող սերնդի մեջ մերժելի սանձարձակություն ու կոպտություն կա… եսահայացություն ու նյութապաշտություն։ Ես կարող էի ապրել աշխարհի ամենաբարեկեցիկ ու շքեղ երկրում և ավելի հեշտությամբ հասնել փառքի ու ճանաչման։ Մինչդեռ նույնիսկ ցրտի, խավարի, սովի տարիներին չհեռացա երկրից, մեկ օրով անգամ չլքեցի հայրենիքը… Ես չգնացի, որպեսզի իմ ներկայությամբ ուժ տամ մնացողներին։ Որպեսզի ինձ հավատացող մարդկանց ոգին չընկճվի, հույսը չմարի։ Հանուն ինչի… Գիտեք, շատերն ասում են՝ ես չեմ կարող ապրել առանց Հայաստանի, կմեռնեմ կարոտից, օդը չի հերիքի… Ես կարող եմ։ Չեմ խեղդվի։ Ես այն կարծիքին չեմ, որ միայն հայերն են բարի, հյուրընկալ, ջերմ ու գթասիրտ։ Ես կարող եմ ու կարող էի ապրել օտար երկրում։ Բայց ես չգնացի, որովհետև պետք էի երկրիս։ Օտար երկրում ես և՛ փառք կունենայի (գուցե ավելի մեծ), և՛ փող (անհամեմատ ավելի շատ)…

Մեր ազգային բանակի պատմությունը լի է սխրանքներով ու ասքերով… Արմեն անունով ավանցի 20-ամյա տղան՝ մեր զինվորը, 9 հոգանոց ջոկատով դիմակայել է թշնամու 30 հոգանոց դիվերսիոն խմբին, հետ շպրտել նրանց ու զոհվել՝ պաշտպանելով հայրենի հողը։ Մեկ ուրիշը, Նորայրը, անզեն, փշրված սնոտով, վիրավոր, բզկտված մարմնով ձեռնամարտի է բռնվել ու փախուստի է մատնել թշնամու հատուկջոկատայինների խմբին…ո՞ր մեկը պատմեմ… Սա հայի ֆենոմենն է, հայի լինելության այցեքարտը։ Բայց որքան լավ կլինի, որ մեր ժառանգական առաքինություններին հավելենք ճիշտ, նպատակաուղղված դաստիարակություն։

Գայանե Պողոսյան

(Հատված հարցազրույցից)