Ռազմաբժշկական կրթություն. զարգացման միտումներ

Զրույց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բ/ծ գնդապետ, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի դեկան Սամվել Գալստյանի հետ

Սամվել Գալստյանը սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը 1-4 կուրսերում, ուսումը շարունակել Կույբիշևի բժշկական ինստիտուտին կից ռազմաբժշկական ֆակուլտետում, ապա՝ նույն բուհի կլինիկական օրդինատուրայում և ադյունկտուրայում: 1979-1983 թթ. ծառայել է զորամասային օղակում որպես բուժկետի պետ: 1988-1990 թթ.դասավանդել է Կույբիշևի բժշկական ինստիտուտին կից ռազմաբժշկական ֆակուլտետում: 1994 թ. հրավիրվել է մասնակցելու ռազմաբժշկական ֆակուլտետի ստեղծման աշխատանքներին, գործուղվել է ՌԴ ռազմաբժշկական բուհ՝ մասնագիտական գրականություն, փաստաթղթային նորմատիվ օրինակներ ձեռք բերելու նպատակով: Վերադառնալով Հայաստան՝ նշանակվել է ռազմաբժշկական ֆակուլտետի ռազմադաշտային վիրաբուժության, ստոմատոլոգիայի և թերապիայի ամբիոնում որպես թերապիայի ցիկլի պետ-ավագ դասախոս, ապա ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ռազմադաշտային թերապիայի ամբիոնի պետ: 2011 թ. առ այսօր վարում է ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետի պաշտոնը: Ավելի քան 159 գիտական հոդվածների, 17 գրքերի հեղինակ է:

, -Պարոն Գալստյան, ռազմաբժշկական ֆակուլտետի ստեղծման օրից հետևողականորեն մասնակցում եք ռազմաբժշկական կրթության կազմակերպման, զարգացման գործին և այս համակարգում Ձեր անուրանալի ներդրումն ունեք: Ի՞նչ առաջընթաց ունի այսօր ռազմաբժշկական կրթությունը Հայաստանում, և ի՞նչ ձեռքբերումներ ունի Ձեր ղեկավարած կառույցը:

-Ռազմաբժշկական կրթության ձեռքբերումները, բարեփոխումները զինված ուժերի գերակա խնդիրներից են: ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետում ներդրված կրթական նոր համակարգը թույլ է տալիս արդյունավետ և ժամանակի պահանջներին համահունչ լուծել մեր առջև ծառացած խնդիրները: Ձևավորվել և այսօր արդեն գործում են բուհական (բակալավրիատ և մագիստրատուրա) և հետբուհական (ինտերնատուրա, կլինիկական օրդինատուրա-ռեզիդենտուրա և հետազոտող) ռազմաբժշկական կրթության համակարգերը: Գործում են հաստատված ռազմաբժշկական կրթական ծրագրերով, որոնք ամբողջովին վերանայվել, համապատասխանեցվել են ՀՀ զինված ուժերի պահանջներին: ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից սահմանվել են նաև ռազմաբժշկական կրթությունը համակարգող չափանիշներ ու չափորոշիչներ: Պրակտիկայում նույնպես համապատասխան օրենքով արդեն որոշակիացված են բակալավրի և մագիստրոսի գործառույթները:

Կրթության մասին օրենքում և բժշկական համալսարանի կանոնադրության մեջ ամրագրվեց, որ ռազմաուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական կազմը պետք է ընտրվի մրցույթով: Զորքերից, քաղաքացիական համակարգից եկել են հմուտ մասնագետներ, Արցախյան ազատամարտի մասնակից բժիշկներ և ներգրավվել ֆակուլտետի աշխատանքներին: Նրանց ջանքերի, ինչպես նաև ուսումնական պրոցեսի ճիշտ կազմակերպման շնորհիվ բժշկական համալսարանում մեր ուսումնական մասը ճանաչվել է լավագույնը:

Տարեցտարի բավական լուրջ փոփոխություններ են կատարվում նաև ուսումնական գործող ծրագրերում: Դասավանդման ողջ մեթոդիկան բարեփոխումների է ենթարկվել, բազմաթիվ փորձարկումներով հիմնավորված և հաստատված բարեփոխումների: Ամբողջ ռազմաբժշկական կրթությունը ներկայումս բաժանված է ըստ համակարգերի, և առարկաների դասավանդման ժամանակացույցը ունի տրամաբանական կայուն սխեմա:

Սակայն ռազմաբժշկական ֆակուլտետի ամենամեծ հաղթանակն եմ համարում մեր կուրսանտների կարգապահությունն ու առաջադիմությունը: Ներկայիս կուրսանտը տարբերվում է այն կուրսանտից, որ ունեինք տարիներ առաջ: Նա առաջին կուրսում զինվորական երդում է ընդունում. դա իր խորհուրդն ունի, կուրսանտը գիտակցում է այն պատասխանատվությունը, որ ինքը, լինելով ապագա ռազմական բժիշկ, նաև մարտիկ է և պատերազմի դաշտում պիտի լինի զինվորի կողքին, պայքարի նրա կյանքի ու առողջության համար: Մեր կուրսանտները հպարտորեն կրում են զինվորականի համազգեստը, և ես վստահ եմ, որ մենք էլ տարիներ անց նրանց բարեխիղճ ծառայությամբ, մասնագիտական ձեռքբերումներով ենք հպարտանալու:

-Չե՞ք կարծում, որ ընդունելության կարգի փոփոխությունը նույնպես նպաստավոր եղավ ռազմաբժշկական ֆակուլտետը որակյալ կուրսանտներով համալրելու, հետագայում ուսումնական բարձր առաջադիմություն ապահովելու համար:

-Այո, փոխվել է ՌԲՖ ընդունելության կարգը. այսօր ընդունելությունը կատարվում է միասնական քննական համակարգով: Նախկինում դիմորդը սահմանված քննություններից բացի հանձնում էր ստուգարք նաև ֆիզիկական պատրաստվածությունից, անցնում էր հատուկ հոգեբանական թեստավորում, և երբեմն այնպես էր ստացվում, որ ընդունելության ժամանակ վճռորոշ էին դառնում այդ ստուգարքի և թեստավորման բարձր ցուցանիշները… Այսօր այդպես չէ: Մեզ համար էականը դիմորդի ընդունակությունն է, ցուցաբերած գիտելիքները. ֆիզիկական պատրաստվածությունը հնարավոր է բարձրացնել, իսկ մարդուն ընդունակ դարձնելը անհնար է, եթե նա ունակ չէ ընկալելու, ոչինչ չես կարող անել: Մյուս կողմից էլ մենք չենք անտեսում ապագա ռազմական բժշկի ֆիզիկական պատրաստվածությունը. եթե կուրսանտը ֆիզիկապես ամուր չէ, բայց առողջ է, մենք կոփում ենք նրան, ակտիվորեն ներգրավում ֆիզիկական վարժանքներում և նրան դարձնում ավելի ուժեղ: ԵՊԲՀ-ի մյուս ֆակուլտետներում ուսանողները ֆիզկուլտուրայի շաբաթական մեկ պարապմունք ունեն, իսկ մեզ մոտ՝ 2, գումարած շարային պատրաստության դասընթացները: 2014 թ. մեր ֆակուլտետի կուրսանտները մասնակցեցին ԵՊԲՀ-ում իրականացվող սպորտային միջոցառումներին, գրավեցին առաջին տեղը և շահեցին առաջնության գավաթը:

Մենք արդեն ունենք կուրսերի պետեր (նախկինում չունեինք). նրանցից մեկը պատերազմի բոհով անցած, մեծ վաստակ և ճանաչում ունեցող անձ է՝ ՀՀ և ԼՂՀ ղեկավարների կողմից պարգևատրված, մյուսը ռազմաուսումնական հաստատության շրջանավարտ է և բավական լուրջ պատրաստված երիտասարդ: Նրանց աշխատանքի արդյունքը տեսանելի է:

-2013 թ. ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետը, մասնակցելով Մեծ Բրիտանիայում հայտարարված ծրագրային մրցույթին, շահեց դրամաշնորհը: Ի՞նչ մրցույթ էր դա: Այլ կրթական ծրագրերի մասնակցո՞ւմ են մեր կուրսանտները:

-Դա անգլերեն լեզվով անցկացվող կրթական ծրագիր է՝ կրթական գործընթաց՝ բաղկացած համակարգերից և ենթահամակարգերից, այսինքն գիտելիքների ձեռքբերումը կուրսանտի մոտ կրում է շարունակական բնույթ՝ կուրսանտական նստարանից մինչև կլինիկական օրդինատուրան: Մեր կուրսանտները դիմել են՝ ևս մեկ անգամ այդ մրցույթին մասնակցելու համար: Ունենք նախնական պայմանավորվածություն, որի համաձայն այս ծրագրի շրջանակներում հաղթած կուրսանտները ուսումը կշարունակեն արտերկրում:

Մեր կուրսանտները ակտիվ են, մասնակցում են գործնական տարբեր պարապմունքների, մասնագիտական քննարկումների,ՊՆ ռազմաբժշկական վարչության և ՆԱՏՕ-ի զորքերի բուժծառայության կազմակերպած զորավարժություններին, ՀՀ սահմանամերձ և ուսումնական զորամասերում հավաքների:

Երևանի պետական բժշկական համալսարանը պայմանագիր է կնքել Չեբոկսարիի պետական համալսարանի հետ՝ կրթական փոխանակային ծրագրեր իրականացնելու վերաբերյալ: Առաջին փուլով մեկնելու են 10 ուսանող, այդ թվում 1 կուրսանտ, որի թեկնածությունը կհամաձայնեցվի ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության հետ:

-ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի 2014 թ. որոշմամբ ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետը մտցվել է ռազմաբժշական կադրերի համատեղ պատրաստման ցուցակի մեջ: Ուսումնական փուլը մեկնարկե՞լ է:

-Ծրագիրը մշակման փուլում է: Ես արդեն երկու անգամ եղել եմ Ռուսաստանի Դաշնությունում, ձեռք ենք բերվել պայմանավորվածություններ: Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը աշխատանքներ է իրականացնում, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Չեմ կարող չնշել, որ ռազմաբժշկական կադրերի համատեղ պատրաստման ցուցակում ընդգրկվելն արդեն իսկ հաղթանակ է: Արտասահմանյան հեղինակավոր կառույցներն այսօր ընդունում են, որ Հայաստանում կարողանում են կազմակերպել և իրականացնել ռազմաբժշկական կրթություն, որ մենք կարողանում ենք գիտելիքներ տալ: Երևանի պետական բժշկական համալսարանը անցել է պետական հավատարմագրում միջազգային բաղադրիչով. սա կարևոր է:

-Այսօր բազմաթիվ ուսանողներ ձգտում են ուսումը շարունակել արտերկրում, գերադասում են այնտեղ մնալ, որովհետև աշխատանքային պայմանները անհամեմատ բարենպաստ են: Ի՞նչ որոշում են կայացնում վերապատրաստման մեկնած Ձեր կուրսանտները:

-Այս դեպքում պայմանագրում հստակ նշված է, որ կուրսանտը վերադառնալու է, իհարկե լինում են նաև դեպքեր, երբ նրանք որոշում են այնտեղ շարունակել աշխատանքային գործունեությունը: Գիտեք, դա նաև իր դրական կողմն ունի. այնտեղ սովորելու, աշխատելու տարիներին բժիշկները մեծ փորձ են ձեռք բերում, և երբ վերադառնան հայրենիք, իրենց գիտելիքները ներդնելու են մեր առողջապահական համակարգի մեջ:

-Գաղտնիք չէ, որ ռազմաբժշկական ֆակուլտետի իրականացրած գիտական հետազոտությունները նաև գործնական կիրառություն են ունենում ռազմաբժշկական ծառայության մեջ, օրինակ, ռեակտիվ արթրիտների բուժման ընթացքում սուլֆոսալազին դեղամիջոցը կիրառելու նորամուծությունը (դա Ձեր և բժշկական գիտությունների թեկնածու Արմենուհի Գրիգորյանի առաջարկն էր՝ համատեղ քննարկված և հիմնավորված), որը ոչ միայն 3-4 շաբաթով կրճատում է բուժման տևողությունը (նախկինում հիվանդը շուրջ երեք ամիս պառկում էր հոսպիտալում), այլ զորացրումների թիվը նշված հիվանդության պատճառով կտրուկ նվազեցնում, և առողջացած երիտասարդները ճանաչվում են պիտանի շարային ծառայության:

-Այսօր ռազմական բժշկության ասպարեզում չկա գիտական հետազոտությունների մշակումը, փորձարկումը համակարգող կառույց, և փաստորեն ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետը նաև այդ գործառույթն է իրականացնում:

-Ռազմաբժշկական կրթությունը և գիտությունը պետք է լինեն միասնական և առաջարկեն ռազմական պրակտիկայի առջև ծառացած խնդիրների լուծումներ: Բավականին լուրջ հետազոտություններ են կատարվում ռազմական բժշկության արդի հիմնախնդիրների վերաբերյալ: Ուսումնասիրությունները ներառում են քաղաքացիական առողջապահութան և ռազմական բժշկության ինտեգրացման խնդիրները, զորակոչային և նախազորակոչային տարիքի առանձնահատկությունները, հետազոտություններ, որոնք վերաբերում են միկրոալիքների ազդեցությանը մարդու օրգանիզմի վրա և այլ թեմաներ՝ մտահոգիչ և արդիական: Դեռևս առաջին կուրսում սովորող կուրսանտների շրջանում միկրոալիքների վերաբերյալ դասախոսությունների շարք պատրաստեցինք, և ուրախալին այն էր, որ մեր կուրսանտները ընկալեցին թեման, բազմաթիվ հարցեր առաջադրեցին՝ հետաքրքիր, տրամաբանական: Եվ մենք «ստիպված» էինք 5 լրացուցիչ քննարկում անցկացնել այդ թեմայի վերաբերյալ… Ինչ է ստացվում. արդեն ուսումնառության, ապա նաև պրակտիկայի ընթացքում մեր կուրսանտները գիտելիքների լայն պաշար են ստանում և տարիներ անց կարող են դարձյալ ռազմաբժշական ֆակուլտետի հայցորդը դառնալ՝ հետազոտողի համակարգում ուսանելու, իրենց գիտական խոսքն ասելու համար: Ի դեպ, այս տարի հետազոտողի համակարգում մենք ունենք առկա ասպիրանտ՝ Տիգրան Ավագյանը, և հայցորդներ, որոնք աշխատում են իրենց թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների վրա:

– Ձեր զեկույցներից մեկում Դուք նշել եք.«Ռազմաբժշկական կրթական համակարգը պետք է լինի խիստ կենտրոնացված և իրականացնի զինված ուժերի կոնկրետ պատվերը»: Ի՞նչ պատվեր է այսօր կատարում ռազմաբժշկական ֆակուլտերը:

– Մեր կողմից իրականացվում են ծրագրեր՝ հաստատված պաշտպանության նախարարի առաջին տեղակալի և ռեկտորի կողմից: Մեր ֆակուլտետում կադրերի պատրաստման գործընթացը պետք է նպատակաուղղված լինի զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության կադրային ապահովման հիմնախնդիրների լուծմանը: Ներկայումս ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետը պատրաստում է զինված ուժերի համար կադրային զինվորական բժիշկներ, պահեստազորի բժիշկներ, իսկ ԵՊԲՀ-ի քոլեջը՝ բուժակներ: Պաշտպանության նախարարը բազմիցս նշել է՝ առողջապահական համակարգը պետք է ինտեգրացված աշխատի պաշտպանական համակարգի հետ: Մենք ուզում ենք այնպես անել, որ սահմանամերձ գյուղերի երիտասարդները սովորեն ԵՊԲՀ-ի քոլեջում և այն ավարտելուց հետո վերադառնան սահմանամերձ շրջաններ, զորամասային օղակում ծառայեն:

– Գիտեմ, որ Դուք եք մշակել ԵՊԲՀ-ի քոլեջի կրթական չափորոշիչը, ի՞նչ է սահմանում այն: Ե՞րբ է վերաբացվել ԵՊԲՀ-ի քոլեջը:

-ԵՊԲՀ-ի քոլեջի կրթական չափորոշիչը ընդունվեց 2013 թ.՝ կրթության և գիտության նախարարի կողմից, ապա գործի դրվեց: Ըստ այդ չափորոշիչի, հանրակրթական դպրոցն ավարտած դիմորդը ընդունվում է բժշկական համալսարանի քոլեջ, որը չի տարաբաժանվում տարբեր ուղղությունների: Մեզ համար այն ռազմաբժշական կրթություն ապահովող ևս մեկ օղակ է, որտեղ ուսանողը սովորում է 4 տարի, հանձնում է պետական քննություններ և ստանում համապատասխան վկայական առ այն, որ նա մասնագիտությամբ բուժակ է: Սակայն չափորոշիչը հաստատվել էր մայիսի սկզբին, և մեկ ամսում կարողացանք միայն 10 դիմորդ հավաքագրել: Սակայն ուրախությամբ պետք է նշեմ, որ տարեցտարի հետաքրքրությունը ռազմական բժշկի մասնագիտության նկատմամբ մեծանում է: Այսօր ոտքի է կանգնել մեր հայ աղջիկը. նա ուզում է գնալ բանակ՝ խրամատ փորել, մարտական հերթապահություն անցկացնել, ուզում է անպայման լավ կրակել սովորել, դիպուկահար դառնալ, այնպիսի հայրենասիրական պոռթկում կա աղջիկների մեջ, որ պարզապես զարմանում ես ու հիանում…

– Ռազմահայրենասիրական դաստիարակությունը, ռազմահայրենասիրական միջոցառումների կազմակերպումը հատկանշական է Ձեր ֆակուլտետի համար: Արցախյան ազատամարտի մասնակից ռազմական բժիշկների անունները, խիզախումը անմահացնելու հրաշալի գաղափար է Ձեր հարկաբաժնում ռազմական բժիշկների թանգարանի ստեղծումը: Ինչպե՞ս ծնվեց գաղափարը, ովքե՞ր են օգնում Ձեզ:

– Անցյալ տարի ես զեկուցեցի նախարարին մեր ֆակուլտետի հարկաբաժնում Ռազմաբժշկական թանգարան բացելու ցանկության մասին, մեր ծրագիրը նախարարի կողմից հավանության արժանացավ, և սկսեցինք նախապատրաստական աշխատանքները: Թանգարանի ստեղծման աշխատանքներում ներգրավված են Արցախյան պատերազմի մասնակից նվիրյալներ:

Եթե մենք միայն խոսում ենք հայրենասիրության մասին և ոչ մի հայրենանվեր գործ չենք կատարում, մեր կուրսանտը տեսնում է և հետևելու է այդ տխուր օրինակին՝ ինքն էլ ոչինչ չի անելու… Դաստիարակութան գործընթացում հաջողության առաջին նախապայմանը գործն է:

Տեսեք, այս դեռ չբացված թանգարանի մոտով տարվա կտրվածքով անցնում է մոտ 4000 ուսանող, 2000-ից ավել վերապատրաստվող բժիշկներ թանգարանի տարածքով մտնում են և դուրս գալիս: Եթե նրանցից 1000-ն էլ կանգնեն, կարդան, նրանցով ներշնչված՝ հայրենանվիրումի մի մասնիկ կտանեն իրենց հետ, գիտակցության մեջ մի սերմ, որ վաղ թե ուշ պտուղ է տալու: Թեև թանգարանի աշխատանքները դեռ չեն ավարտվել, և թանգարանի բացումը չի եղել, բայց մեր երիտասարդները անտարբեր չեն անցնում այն նկարների, իրերի կողքով, որոնք ցուցադրված են, կանգնում են, կարդում: Մենք կարողացել ենք արխիվային տեղեկություններ ձեռք բերել գործուղված բոլոր բժիշկների, բուժքույրերի , գթության քույրերի մասին, երբ և ուր են գործուղվել, որքան ժամանակով, և կողմնակից ենք, որ բոլորի գործերը ցուցադրվեն թանգարանում (իսկ նրանց թիվը 500-ից անցնում է): Նրանց անվանացանկը ամբողջովին պատրատ է լինելու և փակցվելու է թանգարանի պատին: Արցախյան պատերազմի մասնակից զինվորական բժիշկներ, որոնք այսօր մեր կողքին են, կտեսնեն, որ իրենց չեն մոռացել, որ իրենց սխրանքը, նվիրումը գնահատում են: Զոհված ռազմական բժիշկների հարազատները կտեսնեն, որ իրենց հերոսին էլ չեն մոռացել և նրանց առջև խոնարհվում են…

Էդիտա Մելքոնյան