Եվ բժիշկ էինք, և քույր, և զինվոր

Անցյալն ու ներկան իրենց համանմանությամբ, միաժամանակ՝ նաև տարբերությամբ, խաչվում են մեր զրուցակցի` Արցախյան պատերազմի վետերան, բուժքույր Նաիրա Իսրայելյանի մտորումներում՝ բացահայտելով այն վեհ նպատակը, հանուն որի այսօր էլ պետք է շարունակել պայքարը…

– Յուրաքանչյուր կին, համոզված եմ, մեր գոյամարտի ժամանակ պայքարող ազատամարտիկի կողքին կկարևորի մոր և քրոջ դերը: Իսկապես մե՞ծ էր կնոջ դերը մեր փառավոր հաղթանակի կերտման գործում:

– Հարահոս ժամանակները փոխել և փոխում են կնոջ կերպարը: Այնպես է ստացվել, որ մեր՝ այսօր էլ և ընտանիքում, և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ծանրության զգալի մասն ընկած է առաջին հերթին կնոջ փխրուն ուսերին: Դժբախտաբար, ճակատագիրը միշտ էլ քմահաճ է եղել հայ կնոջ հանդեպ և հաճախ պատերազմի տեսքով բախել է մեր «դուռը»: Հայ մայրը երբեք չի վարանել, վայրկյան անգամ չի երկմտել. դյուցազնաբար դիմագրավել է մարտահրավերներին և իր որդիներին ռազմադաշտ է ճանապարհել «վահանով կամ վահանի վրա» պատգամով, հարկ եղած դեպքում տղամարդու հետ, տղամարդու կողքին կիսել Հայրենիքի պաշտպանության գործը: Արցախյան գոյամարտը բացառություն չեղավ: Ականավոր վիրաբույժ, Կենտրոնական զինվորական հոսպիտալի հիմնադիր Վալերի Մարությանի կոչով` մարզային հիվանդանոցից, ախտորոշման կենտրոնից, պոլիկլինիկայից մի խումբ բժիշկներ ու բուժքույրեր կամավոր եկանք, կանգնեցինք զինվորի կողքին՝ զինվորի հետ պայքարելու մեր ժողովրդի ֆիզիկական գոյության և ոտնակոխ եղած ճշմարտության համար: Մենք զինվորների համար և՛ քույր էինք, և՛ մայր: Այդ օրերին մենք ավելի քան միակամ էինք, գթասիրտ: Բոլորիս միավորում էր համազգային տագնապը` Հայրենիքը վտանգի մեջ է… Բոլորս միասին մի ընտանիք էինք, չխնայելով մեր ուժերը` միահամուռ աշխատում էինք, և ոչ մի հարցում չկար տարակարծություն: Շաբաթներով, հաճախ նաև ամիսներով տան երես չէինք տեսնում: Իսկ մեր օրապահիկն էլ կիսում էինք վիրավորների հետ, որովհետև շուտ ոտքի կանգնելու համար նրանց անհրաժեշտ էր ուժեղացված ու կալորիական սնունդ, իսկ մենք առանց դրա էլ կարող էինք յոլա գնալ: Կանգնելով զինվորի կողքին՝ մեր ներկայությունը ոչ միայն քաջալերեց, ուժ ու ավյուն ներշնչեց նրանց, այլև մենք ինքներս նրանց հաջողություններից լիցքավորվում, գոտեպնդվում էինք, իսկ դա անհրաժեշտ էր մեզ բոլորիս, որովհետև թշնամու գնդակը չէր խնայում նաև մեր ընկերներին, ազգականներին, հարազատներին…. Պետք է կարողանայինք դիմանալ ցավին: …Պատերազմի դաշտում մենք խորապես ըմբռնեցինք «Ուրիշի վիշտ չի լինում» խոսքերի իմաստը:

– 1992-ի հունվարին, երբ հերթափոխությունից վերադառնում էիք տուն, ճանապարհին սկսվում է հրետակոծություն: Արկերը ընկնում էին Ձեզնից ոչ հեռու: Եվ Դուք քայլերը արագացնում եք, ոչ թե վայրկյան առաջ տուն հասնելու, այլև հիվանդանոց վերադառնալու համար, քանի որ ռազմադաշտից կարող է վիրավորներ բերեին: Հիպոկրատին տված երդու՞մը պարտավորեցրեց վերադառնալ, թե սերը հայրենիքի հանդեպ:

– Այդ տարիներին նման դեպքեր շատ են եղել, 1992 թ-ի հունվարը բացառություն չէր: Հստակ, նորմավորված աշխատաժամանակ հասկացություն չկար: Մասնագիտության բերումով՝ ամեն տեղ և ամենուր բուժքույր էի:Իսկ մեր գործողություններն էլ բխում էին մեր հոգուց և սրտից… Ռազմագործողությունների ողջ ընթացքում զինվորական բժշկության սպասավորներս, հավատարիմ Հիպոկրատի ու հայրենիքին տված երդմանը, կիսեցինք զինվորի ճակատագիրը, նրա ապրած դառնությունն ու բերկրանքը` րոպե անգամ չկասկածելով, որ հաղթանակը մերը կլինի:

– Դուք ոչ միայն վիրավորներ եք բուժել, այլև ինքներդ եք 1993-ի ապրիլին վիրավորվել… սակայն բուժվելուց հետո կրկին վերադարձել եք պատերազմի դաշտ: Իսկ վախ չկա՞ր, որ կարող է էլի վիրավորվեք, ու այս անգամ մահից խուսափել, գուցե, չստացվեր:

– Այդ ժամանակ բուժանձնակազմով Ասկերանի ինքնապաշտպանական ուժերի շտաբում էինք և սպասում էինք հերթական առաջադրանքին, երբ մեր տեղակայման վայրը հակառակորդի կողմից հուժկու ռմբակոծության ենթարկվեց: Շատերի հետ վիրավորվեցի նաև ես, արկի բեկորը վնասել էր աջ ձեռքս և հոնքս: Բժիշկ Կարեն Բազյանի կողմից վիրակապվելուց հետո բուժանձնակազմի հետ մեկնեցի ռազմաճակատին մոտ տեղակայված դաշտային հոսպիտալ, և մտքովս չանցավ վերադառնալ տուն: Անգամ վատ զգացի, որ այդ օրը վիրավորների ցուցակում գրանցված էր նաև իմ անունը…

– Գիտեմ, որ պատերազմի դաշտում ունեցել եք նաև ընկերուհիներ, որոնց հետ միասին անցել եք վտանգների միջով… մինչև հիմա կապը կա՞:

– Վտանգներ ասելը քիչ է… Ինքնագովասանք չլինի, բայց պատերազմի ժամանակ զինվորական բժշկությունը կատարել է իր առջև դրված բոլոր խնդիրները: Եթե պետք էր, մեր բժիշկներն ու բուժքույրերը լինում էին նաև մարտադաշտում` կռվող մարտիկի կողքին: Այդպես զոհվեցին մեր ընկերուհիներից Քանաքարան, Ստալինան, կորցրինք մեր սիրելի Հասմիկին: Ունեցանք նաև վիրավորներ. բժիշկներից` Սերգեյ Մովսիսյանը, Սամվել Գևորգյանը, Կարեն Բազյանը, իսկ բուժքույրերից` Անժելա Հարությունյանը և ուրիշներ: Նրանք բոլորը՝ բժշկից մինչև սանիտար, կարող էին մնալ թիկունքում, կամ էլ խուսափել առաջին գծում հայտնվելուց: Բայց այդպես չարեցին, որովհետև կրակների մեջ հայտնված հայրենի երկրին իրնց գործը անհրաժեշտ էր: Եվ որպես բժիշկ, բուժքույր՝ նրանք էլ իրենց ավանդն ունեցան հաղթանակի մեջ: Մենք կատարել ենք և՛ բուժքրոջ, և՛ խոհարարի, և՛ սանիտարի, և՛ խնամողի դեր: Ոչ մեկը չի ասել` դա իմ գործը չէ, ես բուժքույր եմ: Այդ օրերին մենք եղել ենք մի փոքր ընտանիք: Մեզ օգնում էին նաև Հայաստանից եկած բժիշկներն ու բուժքույրերը: Աշխատել եմ Լևոն Հարությունյանի, անեսթեզիոլոգ Արայիկի և բուժքույրեր Աիդայի, Հայկուհու, Կարինեի ու Վարդուհու հետ: Չեմ ուզում մեկ առ մեկ թվարկել նրանց բոլորի անունները, որովհետև վախենում եմ թեկուզ մեկի անունը բաց թողնել: Նրանցից յուրաքանչյուրը՝ սկսած բժշկից մինչև սանիտար, ով գեթ մի փոքր ներդրում է ունեցել այդ հայրենանվեր, ազգանվեր գործում, արժանի է դրվատանքի ու մեծարման: Իրար հետ մինչ այսօր էլ կապ ենք պահում: Եվ հետպատերազմյան այս տարիներին մեզ համար ավանդույթ է դարձել` ամեն անգամ «հին ընկերներով» հավաքվել, զրուցել, անցյալը հիշել , մեր զոհված ընկերներին…

– Դուք եղել եք այն երջանիկ մարդկանցից մեկը, ով տեսել է Շուշիի ազատագրումն ու հաղթանակած հայ զինվորի պարը Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկչի բակում:

– Շուշիի ազատագրումն այդ օրերին մեզ համար և՛ հերոսություն էր, և խենթություն էր, և՛ երազ: Ով կպատկերացներ, որ Շուշին նորից մերը կլիներ, և հայկական դրոշը կծածանվեր Ղազանչեցոցի գլխին: Մինչև հիմա աչքերիս առջև է մեր տղաների խրոխտ պարը Ղազանչեցոցի Սուրբ Ամենափրկչի բակում և համաժողովրդական ուրախությունը, որ պատել էր բոլորիս: ..

– Ի՞նչ տարավ պատերազմը Ձեզնից ու ինչ տվեց :

– Պատերազմը ոչ միայն ինձնից` այլև շատ-շատերից տարավ մեր երիտասարդությունը, առողջությունը, սակայն մեզ տվեց մեծ հպարտության՝ Ազատ, Անկախ Հայրենիք:

– Հրադադարից հետո Դուք ծառայության եք անցել Ստեփանակերտում տեղակայված զինվորական հոսպիտալում: Դժվա՞ր էր պատերազմով անցած բուժքրոջ համար շարունակել ծառայությունը՞:

– Եթե ազատամարտում հայ կինը խիզախել է տղամարդու կողքին` զենքն ուսած, խրամատում, դաշտային հոսպիտալում, թիկունքում, ապա այնքան էլ դժվար չէր խաղաղ ժամանակաշրջանում զինված ուժերում ծառայելը: Մենք փոքր ածու ենք, իսկ բազում զոհերի ու զրկանքների գնով ձեռք բերված հաղթանակն ու Անկախությունը դեռ ամրագրման ճանապարհ ունի անցնելու: Լինել հայ զինվորական և կին` նշանակում է առաջին հերթին պարտավորված զգալ բարձրացող սերնդի ապագայով: Ապագա, հանուն որի դարերի ընթացքում ոչինչ չի խնայել մեր ժողովուրդը: Այս է պատճառը, թերևս, որ յուրաքանչյուր արցախուհու հոգում, անկախ մասնագիտությունից, նստած է զինվորականի կերպը:Արցախում ապրելն այսօր ոչ այլ ինչ է` քան լինելության պայքար, պատերազմական նվաճումների պաշտպանելու պայքար, իսկ այդ ճանապարհին մեծ թե փոքր, կին թե տղամարդ` բոլորս էլ զինվոր ենք…

– Հայրենիքին մատուցած անուրանալի ծառայության համար պարգևատրվել եք բազմաթիվ շնորհակալագրերով ու մեդալներով, այդ թվում «Արիության», «Շուշիի ազատագրման», «Մարտական ծառայության», «Մայրական երախտագիտության» և «Անբասիր ծառայության համար»: Ի՞նչ խորհուրդ ունեն այս պարգևները Ձեզ համար:

– Ես հպարտանում եմ, որովհետև դրանք իմ տարիների վաստակն են, պետության գնահատանքը: Պետական պարգևները նաև պարտավորեցնող են… Մենք դեռ անցնելիք ճանապարհ ունենք…

Երազ Հարությունյան

  • 3 (2)