Անփառունակ վախճան

Ազերիների հատուկ պատրաստված էլիտար ջոկատները Արցախի հողում ջարդվում են մեր 18-20 տարեկան տղաների կողմից: Մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի հերթական դիվերսիոն գործողությունը ԼՂՀ հյուսիսային` Գյուլիստանի ուղղությունը: Երկու ժամ տևած մարտերի ընթացքում` ցավոք ունեցանք երեք զոհ և վիրավորներ: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվեցին ՊԲ զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը, Արշակ Հարությունյանը և Էդուարդ Հայրապետյանը: Դեռ մարտի ընթացքում՝ օգնական ուժերի վրա հասնելուն պես, արագ կազմակերպվել է նաև վիրավորների առաջին բուժօգնությունը և նրանց տարհանումը հոսպիտալներ: ՊԲ բուժծառայության պետ, գնդապետ Հ. Եգորյանի տեղեկատվությամբ` մեր զինծառայողները վիրավորվել էին գլխի, որովայնի և վերջույթների շրջանում: Նրանցից` Սարգիս Գաբրիելյանին և Էդգար Մարտիրոսյանին տեղափոխեցին Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Մյուսների բուժումը կազմակերպվեց Ստեփանակերտի Կենտրոնական զինվորական հոսպիտալում: Ցավոք, կյանքի համար մի քանի օր պայքարելուց հետո ծանր վիրավորներից մահացավ նաև շարքային Սամվել Հակոբյանը:

Վիրավոր զինվորներին այցելել և նրանց ապաքինմամբ հետաքրքրվել են ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը և ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կ. Վարդանյանը:

Սերժանտ Օնիկ Միքայլեյանը, շարքային Ժորա Գրիգորյանը և սերժանտ Ռաֆայել Նազարյանը պատմեցին, որ առաջին անգամ մերձամարտի մեջ մտնելով հակառակորդի հետ՝ խուճապի չեն մատնվել, այլ գործել են, ինչպես վայել է հայ զինվորին: Հատկապես սառնասրտորեն է գործել գնդացրորդը` Ժ. Գրիգորյանը: Հակառակորդի դիրքը առավել նպաստավոր էր, բայց չսպասելով այդպիսի դիմադրության` հետ նահանջեց դեպի ձորը, իսկ այդտեղից էլ՝ դեպի մոտակա անտառ: Սակայն մոտակա դիրքից մեր տղաներին օգնության հասած ուժերը շարունակեցին հետապնդել թշնամուն` գլխովին ոչնչացնելով նրանց: Տեղեկությունների համաձայն` հակառակորդը շուրջ երկու տասնյակ զոհ է ունեցել: Սերժանտ Ռ. Նազարյանը սակայն ցավով նկատեց, որ արդյունքներն իրենց համար գոհացուցիչ չեն, քանի որ ընկերներ են կորցրել: Դրվատանքի ու քաջալերանքի խոսքեր ասվեցին տղաներին, ովքեր հակառակորդի կողմից հանկարծակի հարձակման ենթարկվելու ժամանակ կարողացել են արագ կողմնորոշվել և արժանի հակահարված տալ թշնամուն:

Նույն պալատում բուժման կուրս էր անցնում շարքային Արտավազդ Խաչատրյանը, ով մարտի 17-ին ընկերոջ` շարքային Տարոն Խուդաբախշյանի հետ միասին մերձամարտի մեջ է մտել իրենց դիրքերի վրա հանկարծակի հարձակված հակառակորդի հետ: Երկուսն էլ վիրավոր վիճակում (Արտավազդի փայծաղն էր պայթել, իսկ Տարոնը վիրավորվել էր ոտքերից) շարունակել են մարտը, մինչև ընկերները կարողացել են օգնության հասնեն: Քիչ անց հակառակորդը ճողոպրել էր:

Մարտի 28-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: 2015թ. մարտ ամսում ԼՂՀ պետական սահմանի տարբեր ուղղություններով հակառակորդի հարձակումները հետ մղելու և նրան արժանի հակահարված տալու, մարտական գործողությունների ժամանակ անձնական արիություն ու քաջություն ցուցաբերելու համար Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են պետական պարգևներով: Լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանն արժանացել է <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանի, իսկ իր ստորաբաժանման բոլոր զինվորները պարգևատրվել են <<Արիության համար>> մեդալով: Պարգևատրվողներից սերժանտ Օնիկ Միքայելյանն ընդգծեց, որ պարգևը ոչ միայն խրախուսող, այլ նաև պարտավորեցնող է, քանի որ վտանգն իսպառ վերացված չէ … Տղաների պատմածն այսօր քաղաքակիրթ աշխարհը միայն տեսաֆիլմերում է տեսնում, բայց, դժբախտաբար, սա շարունակում է իրականություն մնալ Արցախում… Սակայն այդ ամենին ի պատասխան՝ Պաշտպանության բանակը շարունակում է պատվով կատարել իր առաքելությունը` սաստելով հակառակորդին իր իսկ բնում:

Երազ Հարությունյան

  • 005
  • 007