Սիրեք զինվորին

ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյան

-Արցախյան պատերազմին հաջորդող տարիները հաղթանակած կռվի օրինաչափ շարունակությունը չէին։ Սոցիալական աղաղակելի անարդարությունը, կենսամակարդակի բեւեռացումը, կեղծիքը, անօրինականությունը պառակտեցին ազգը, ոտնահարեցին բարձր գաղափարները, սպանեցին լավատեսությունը, ջնջեցին ոգին, կոտրեցին հավատը։ Եվ գիտեք՝ ո՞րն է ամենավտանգավորը՝ համընդհանուր անտարբերությունը, ինչ-որ բան փոխելու, ինչ-որ բան շտկելու, պայքարելու ցանկության իսպառ բացակայությունը։ Ոչ մեկին չլսելու, ոչ մեկին չհավատալու արմատացող ավանդույթ։ «Խոր Վիրապ» ներկայացման մեջ մի շատ իմաստուն, խորախորհուրդ դիպված կա. Տրդատը խոզ է դառնում։ Ներեցեք, պիտի ասեմ՝ մարդը շատ հեշտությամբ է խոզ դառնում. խլիր նրանից ճշմարիտ ու կարեւոր արժեքները՝ եւ մարդուց ոչինչ չի մնա։

Շեքսպիրի «Կորիոլանը» մի շատ տիպիկ դրվագ ունի. հերոսը պատրաստվում է կոնսուլ դառնալ, ու նրան առաջարկում են վստահություն, համակրանք շահելու նպատակով ի ցույց դնել պատերազմի վերքերը։ Նա հրաժարվում է. «Իմ ծնկները ծալվել են միայն ձիուս ասպանդակի մեջ»,- ասում է։

… Մենք հաջողեցինք ծալել հաղթանակած հայ ռազմիկի ծնկները, մենք ստիպեցինք, որ նա ի ցույց դնի իր վիրավոր մարմինը եւ հատուցում խնդրի։ Մենք ձեռք բարձրացրինք մեր հպարտության վրա, բարոյազրկեցինք ինքներս մեզ, թալանեցինք։ Պատերազմ գնաց ազգի լավագույն մասը, սա վեր է կասկածից։ Սա չպետք է մոռանանք. առաջին հերթին՝ հանուն մեզ, հետո՝ հանուն նրանց՝ հերոսների։

Ամերիկյան մի ֆիլմում պատերազմից փախչելու համար որդին դատապարտում է հորը։ Հայրը պատասխանում է. «Ես վախկոտ չեմ, պարզապես սա իմ կռիվը չէ»։ Այս պատասխանը, այս հոգեբանությունը, որպես ողորմելի ինքնաարդարացում, հնչում է նաեւ այսօր։ Շատ արվեստագետներ, մտավորականներ նույնն են ասում։ Սուտ է, սա հենց մեր կռիվն է, բոլորինս, իր երկրի, իր պետության, ժողովրդի ներկայի ու ապագայի մասին մտածող հայի։ Ու հատկապես՝ իրեն մտավորական համարող անհատի։ Որտեղ կռիվ կա, մտավորականն այնտեղ պիտի լինի։ Բլոկադայի ժամանակ Լենինգրադում հնչում էր Շոստակովիչի սիմֆոնիան։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե սովամահ լինող ժողովրդի ինչին էր պետք երաժշտությունը։ Բայց պարզվում է՝ պետք էր, պետք էր ավելի, քան մի կտոր հացն ու կարող էր պահել ժողովրդին՝ ոգին պահելով։ Զգալով ֆաշիզմի ահագնացող վտանգը, Չերչիլը իր մոտ հրավիրեց երկրի մեծանուն արվեստագետներին եւ հակաֆաշիստական քարոզչության ծրագիր տվեց։ Երբ Մյասնիկյանը եկավ Հայաստան, նամակներ գրեց արտերկրում ապրող հայ հռչակավոր արվեստագետներին, կանչեց Հայաստան՝ ասելով. «Եթե դուք հայրենիքում չեք, իմ ներկայությունը ոչինչ չի տա»։

…Մեր պետական այրերից քանի՞սն են գիտակցում արվեստի, մշակույթի, մտավորականի՝ հոգեւոր արժեքների կարեւորությունը։ Արվեստի քանի՞ գործ են պատվիրել մինչ օրս, որ տաղանդավոր արվեստագետին են հովանավորել։ Այսօր կարող ես հանդիպել ամենաանտրամաբանական երեւույթների. ի՞նչ ասել է՝ բիզնես անող արվեստագետ, խանութպան արվեստագետ… Ամեն մարդ պիտի իր խաղը խաղա։ Ազգային ժողովի՝ կուշտ, ապահով, բիզնեսմեն պատգամավորները ժողովրդի բախտն են վճռում՝ նրա ավուր հացի, կենցաղի, մշակույթի, կրթության… Ես ինչու՞ պիտի հավատամ նրանց։ Ես իշխանության լծակների մոտ ազգային կերպարներ եմ ուզում տեսնել, վստահելի՝ իրենց կենսագրությամբ, մտածողությամբ, մարդկային տեսակով, արժեքներով… հասկանու՞մ եք՝ ազգային կերպարներ։

…Իշխանավորին կհորդորեմ խոսել ժողովրդի հետ՝ երես առ երես, բացեիբաց. անջրպետված ճանապարհը անկում է տանելու։ Կարելի՞ է, չէ՞, մարդավարի, հայավարի ասել՝ էսքանն եմ հասցրել անել, էս հարցերում էլ վրիպել-թերացել եմ, ներող եղեք, առաջիկայում էլ էս-էս հարցերն եմ լուծելու։ Թե չէ՝ բոլորը լավ են աշխատել, բոլորն անսխալական են… բայց ժողովրդի վիճակը չի փոխվում։ Ես ժողովրդին դիմանալու կոչ չեմ անում, նա առանց իմ կոչի էլ դիմանում է։ Ժողովրդին ուզում եմ ասել՝ էս համատարած անտարբերությունը, հարմարվողականությունը մեր թշնամին է. մեզ համար մե՞կ է, թե ինչ է կատարվում մեր հայրենիքում, ու՞ր է գնում մեր երկիրը։ Ախր մենք պարտք ունենք մեր երեխաների առաջ։ Ազատագրական պատերազմում զոհված մեր տղաների առաջ։ Իսկ զինվորականին՝ սպային, գեներալին մի բան կասեմ՝ սիրեք զինվորին։

Գայանե Պողոսյան

(Հատված հարցազրույցից)