Անտոն փաշա Նաֆիլյան (1831-1912 թթ.)

Նախնական կրթությունը ստացել է Կ. Պոլսի թաղային վարժարաններից մեկում: 1854 թ. հարյուրապետի աստիճանով ավարտել է Կ. Պոլսի Կայսերական զինվորական բժշկական բարձրագույն վարժարանը: Ղրիմի պատերազմի ժամանակ ծառայել է օսմանյան բանակում, այնուհետև զինվորական ծառայությունը շարունակել է Կրետեում:

1858 թ. մեկնել է Փարիզ և ուսումը շարունակել տեղի համալսարանի բժշկագիտության ֆակուլտետում: 1863 թ. վերադարձել է Կ.Պոլիս և նշանակվել սուլթանի անձնապահ գնդի բժիշկ: 1869 թ. ծառայության է անցել Կայսերական զինվորական բժշկական բարձրագույն վարժարանի մաս կազմող Հայդարփաշայի հիվանդանոցում:

1877 թ. ուղարկվել է թուրք-սերբական ռազմաճակատ:

1887 թ. սուլթանական հրամանով Անտոն Նաֆիլյանը Կայսերական զինվորական բժշկական բարձրագույն վարժարանի թուրք ուսանողների մի ստվար խումբ տարել է Փարիզ՝ բժշկության տարբեր ճյուղերում հմտացնելու նպատակով: 1891 թ. վերադարձել է Կ.Պոլիս և ծառայության անցել Հայդարփաշայի զինվորական հիվանդանոցում որպես բժշկապետ: Անտոն փաշան երբեք չի դասավանդել Կայսերական զինվորական բժշկական բարձրագույն վարժարանում, սակայն Հայդարփաշայի և Գյումուշսույու զինվորական հիվանդանոցներում վարժարանի ուսանողներին դասավանդել է գործնական վիրաբուժություն: Երկու անգամ ընտրվել է Կայսերական բժշկական ընկերության անդամ: 1887 թ. բարձրացել է Ֆերիքի աստիճանի և արժանացել փաշայության տիտղոսի: Սուլթանական հրամանագրով պարգևատրվել է Մեջիդիեի և Օսմանիեի տարբեր կարգի ակնառու պատվանշաններով:

Անահիտ Աստոյան