Սերովբե Վիչենյան (Սերվիչեն) (1815-1897 թթ.)

Մեծ նպաստ է բերել օսմանյան բանակում բժշկական գործի կազմակերպմանն ու զարգացմանը: Քառասուն տարի շարունակ Սերովբե Վիչենյանը վարել է Կայսերական զինվորական բժշկական բարձրագույն վարժարանի բժշկապետի պաշտոնը: Նա այս կրթական հաստատության ամենանշանավոր և վաստակավոր դասխոսներից էր: Եղել է դատական բժշկության առաջին պրոֆեսորը: Վարել է Ռազմական նախարարության բժշկապետի պաշտոնը: 1848-1849 թթ. և 1865 թ. նախագահել է խոլերայի (հնդախտ) դեմ պայքարող Բժշկական բարձրագույն խորհուրդը և իր արդյունավետ գործունեությամբ մեծապես նպաստել համաճարակների կանխմանը: Կայսրության մեջ անդրանիկ բժշկական պարբերականի (Gazette médicale d’Orient) հիմնադիր-խմբագիրն էր: Կայսերական բժշկական ընկերության հիմնադիրներից է և երկիցս նախագահել է դրա աշխատանքները: Եղել է մեծ վեզիրներ Ալի, Ռեշիտ և Ֆուատ փաշաների անձնական բժիշկը:

Սերովբե Վիչենյանն իր մասնագիտական կրթությունն ստացել է Փարիզի և Պիզայի բժշկական համալսարանների բժշկագիտության ֆակուլտետներում: Նրա՝ որպես ժամանակի լավագույն բժիշկներից մեկի անունը տեղ է գտել Վապրոյի հրատարակած Ժամանակի համաշխարհային երևելի անձանց կենսագրական բառարանում(Vapereau Dictionnaire universel des Contemporains. 5 édition, Paris, 1888, էջ 1661-1662):

Սերովբե Վիչենյանը պոլսահայ համայնքի ամենաերևելի դեմքերից էր: Մասնակցել է Ազգային սահմանադրության նախագծերի և տարբերակների մշակմանը: Վարել է Ազգային ժողովի և Ուսումնական խորհրդի ատենապետի պաշտոնները: Մասնակցել է Պոլսի Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցի բարեկարգման աշխատանքներին: Կարողացել է ձեռք բերել սուլթանական հրաման և այստեղ հիմնել երկրագործական վարժարան:

Անահիտ Աստոյան