12 երեխաների մայրը 6 զինվոր է տվել Հայրենիքին

Սահմանապահ Պառավաքար գյուղն է:

Խաղաղ է, ու այնքան սովորական են թվում լռությունն ու անդորրը, մի պահ նույնիսկ մոռանում ես, որ խաղաղությունն այստեղ փխրուն է…

Գյուղում կատարյալ գարուն է: Երկու օր առաջ տեղացած ձյան հետքն անգամ չկա: Արևը համարյա այրում է, իսկ օդը հագեցած է նորածիլ կանաչի, մանուշակի, ծաղկած ծառերի բույրով…

Ինձ հուշում են, որ հեռվում երևացող փոքրիկ սպիտակ դարպասների հետևում փնտրածս տունն է: Մատնացույց են անում դարպասների մոտ կանգնած վարդագույն հագուստվ երեխային, որ ավելի լավ կողմնորոշվեմ…

Մոտենում եմ Բրուտյանների տանը. վարդագույն հագուստվ փոքրիկ աղջնակը ուրախ թռվռում է` մանուշակների փունջը ձեռքին, իսկ դարպասից ներս արդեն ճերմակած մազերը խնամքով հավաքած մի կին` բահը ձեռքին, փորում է խոնավ հողը ու վարդի ճյուղ է տնկում…

«Հետո կջրենք»,- ասում է տիկին Անահիտը, և միասին քայլում ենք դեպի տուն: Երկհարկանի տուն է, բակում` փոքրիկ այգի, որն արդեն տեղ-տեղ կանաչել է: Շուրջբոլորս ծաղկած նարգիզներ են:

Նստում ենք փոքրիկ սենյակում: Հասցնում եմ զննել շուրջս. պատուհանագոգին նկատում եմ խնամքով աճեցրած տարբեր տեսակի սենյակային ծաղիկներ, բաց դռների արանքից տեսնում եմ նաև մյուս սենյակի ծաղիկները:

 

«Ծաղիկների նկատմամբ յուրահատուկ սեր ունեմ: Հաճույքով աճեցնում եմ: Եթե ամռանը գայիր, կտեսնեիր` բակս իսկական ծաղկանոցի է վերածվում»,- ասում է տիկին Անահիտը:

Մինչ այդ փոքրիկ աղջնակը հարմար տեղավորվում է տատիկի մոտ` պատրաստվելով լսել մեր զրույցը:

 

«Աղջկաս դուստրն է… Բերդում են ապրում, բայց Ռոզան մեր բաժինն է. հենց դպրոցում արձակուրդ են տալիս, առանց ժամանակ կորցնելու նույն օրը գալիս է գյուղ»:

 

Մեզ է միանում նաև դուստրերից մեկը` Անժելան:

***

Դիմացս նստած փոքրամարմին, սպիտակամաշկ, կապտականաչ աչքերով կինը 12 զավակների մայր Անահիտ Հովակիմյանն է:

«Երիտասարդ տարիքում շատ գեղեցիկ է եղել,- մտածում եմ,- հիմա էլ գեղեցիկ է…»

7 տղա և 5 աղջիկ է դաստիարակել տիկին Անահիտը, արդեն 6 զինվոր է տվել հայրենիքին: Ավագ որդին` Արմանը, 36 տարեկան է, կրտսերը զավակը` Անուշը` 14: Զավակներից 6-ը ամուսնացած են. տիկին Անահիտը 7 թոռնիկների տատիկ է: Որդիներից երկուսն այս պահին պայմանագրային զինծառայողներ են` հսկում են գյուղի սահմանը, իսկ կրտսեր որդին հաջորդ տարի կզորակոչվի ազգային բանակ:

Անահիտը ծնունդով Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղից է` Հասմիկ և Գիգուշ Հովակիմյանների 5 երեխաներից երրորդը: Գյուղի դպրոցն ավարտելուց հետո` 1974 թվականին, Անահիտը 2 տարով տեղափոխվել է մայրաքաղաք, սովորել ֆինանասատնտեսագիտական քոլեջում, ապա վերադարձել հայրենի գյուղ և աշխատել մանկապարտեզում որպես խոհարար…

22 տարեկան էր, երբ ամուսնացավ. 1978 թվականն էր:

Ես անհամբեր սպասում եմ հետաքրքիր սիրային պատմության, իսկ տիկին Անահիտը հարցս լսելուց հետո ժպտում է, կապտականաչ աչքերը խոնարհում…

 

«… մեզ ուղղակի ծանոթացրեցին: Մորաքույրս ապագա ամուսնուս հորեղբոր հարսն էր: Մեր ծնողները ճանաչում էին միմյանց, այդպես մեզ էլ ծանոթացրին. ամուսնացանք: Ամուսնուս հայրը ծնունդով Պառավաքար գյուղից էր, բայց 1945-ից հաստատվել են Բերդում: Ամուսինս Բերդում է ծնվել… ես էլ հարս գնացի Բերդ: 1979-ին ծնվեց առաջնեկս` Արմանը»:

 

1990 թվականին Բրուտյանների ընտանիքում արդեն 8 զավակ էր ծնվել: Հյուսիսարևելյան սահմանն անհանգիստ ու լարված էր: Սահմանային խժդժությունները վերածվում էին զինված բախումների: Վտանգված էին հայրնեի հողը, հարազատ շեները, երեխաների մանկությունը….

Գրեթե բոլոր գյուղերում կամավորական ջոկատներ կազմավորվեցին: Տիկին Անահիտի ամուսինը` Սարգիս Բրուտյանն էլ զինվորագրվեց պայքարին և ակտիվ մասնակցություն ունեցավ ինքնապաշտպանական մարտերին (Այժմ պահեստազորի մայոր է): Պատերազմի տարիների մասին տիկին Անահիտը դժվարությամբ է խոսում: Արդեն 8 երեխաների մայր էր: Ամուսինն անընդհատ դիրքերում էր… Անհրաժեշտ էր ամեն գնով ապահովել երեխաների անվտանգությունը:

 

«Մենք պատերազմի ամբողջ ընթացքում երեխաների հետ Բերդում ենք եղել, թեև Բերդն էլ պարբերաբար գնդակոծվում էր: Մենք ապաստարան չունեինք, հարևանների ապաստարանում էինք պատսպարվում…օրերով ապաստարանից դուրս չէինք գալիս: Այս ամենը հաշվի առնելով` ամուսինս առաջարկեց, որ ես երեխաների հետ գոնե որոշ ժամանակով տեղափոխվեմ Երևան: Ինքը պիտի մասնակցեր Կենտվասակ կոչվող կարևոր նշանակություն ունեցող բարձունքի ազատագրմանը: Պատրաստվեցինք: Ես հիշում եմ` երեխաները կատակում էին` թե Գիքորին քաղաք ենք տանում: Գնացինք, բայց Երևանում երկար չդիմացանք, ոչ ես, ոչ երեխաները: Վերադարձանք տուն: Ասացի` ինչ ուզում է լինի, մենք պիտի մեր տանը կմնանք… թեև գիտակցում էի վտանգը: … Հետագայում ամուսինս 2 տարով ՌԴ էր գնացել աշխատանքի, մենք էլ գնալու հնարավորություն ունեինք, բայց չկարողացանք, չցանկացանք. մեր ծննդավայրը անփոխարինելի է»:

2008 թվականին Բրուտյանների բազմանդամ ընտանիքը զինվորականների համար նախատեսված շենքում բնակարան ստացավ և տեղափոխվեց նոր բնակարան: Մեկ տարի անց տեղափոխվեցին Պառավաքար… Բնակարանի պատերը կաշկանդում էին տիկին Անահիտին:

 

«Մանկուց սովորել եմ ազատությանը: Միշտ աշխատել եմ հողի հետ, բնակարանում չկարողացա հարմարվել: Կարծես հիվանդ լինեի (ժպտում է): Ամուսինս վարում է Բերդ-Պառավաքար երթուղայինը: Մենք էլ որոշեցինք տեղափոխվել այստեղ: Ամուսնուս հորեղբոր տունն է, ավելի ընդարձակ է.. Բակում հողամաս ունենք, որը ես եմ մշակում: Այստեղ ավելի հանգիստ եմ… »:

 

Դժվարություններից չի խոսում, չի գանգատվում, թեև գիտեմ` սահմանամերձ գյուղում դրանք շատ են.

 

«Մեծ դժվարություններ չկան, եթե անընդհատ աշխատես, կստեղծես… ամուսինս զինվորականի թոշակ է ստանում, տղաներս աշխատում են, փառք Աստծո: Հող ենք մշակում, ամռանը որևէ միրգ, բանջարեղեն չենք գնում, ամեն ինչ աճեցնում ենք: Բակում 2000 մետր հողամաս ունենք, խաղողի այգի…» :

 

Տիկին Անահիտը երանությամբ է հիշում այն օրերը, երբ բոլոր երեխաները կողքին էին… Զավակների մասին խոսելիս աչքերը յուրահատուկ փայլ են ստանում…

 

«Ամուսինս անընդհատ դիրքերում էր… երեխաների դաստիարակությամբ ես էի զբաղվում, զավակներս միշտ լսող են եղել, մեծերի խոսքը հարգող: Նրանց դաստիարակության հարցում դժվարություններ չեն եղել: Ավագ որդիս` Արմանը, ծնվել է 1979-ին: Գերազանցությամբ ավարտել է ենթասպաների դպրոցը և 11 տարի ծառայել Զինված ուժերում: Արմենս ծնվել է 1980 թվականին, 8 տարի պայմանագրային զինծառայող է եղել: Ավագ որդիներս հիմա ՌԴ-ում են: Ավագ դուստրս` Արփինեն, ամուսանացած է մեր գյուղում, Աննան` Չարենցավանում: Արշալույսը պայմանագրային զինծառայող է: Երկվորյակ տղաներիցս Անդրանիկը ՌԴ-ում է, Արամը` պայմանագրային զինծառայող: Ամրամը վերջերս է վերադարձել ՌԴ-ից, այժմ աշխատանք է փնտրում: Ալվարդը ամուսնացել է Իջևանում: Անժելան ինձ մոտ է: Կրտսեր որդիս` Աշոտը, 11-րդ, իսկ կրտսեր աղջիկս` Անուշը, 8-րդ դասարանում են սովորում: Աշոտը մյուս տարի ծառայության կգնա: Ես շատ հանգիստ եմ, քանի որ տղաս հոգեպես պատրաստ է ծառայությանը: Նույնիսկ ասում է` երանի Արցախում ծառայեմ: Ամուր տղա է, վստահ եմ` որտեղ էլ լինի, լավ է ծառայելու»:

 

Տիկին Անահիտի երջանկության բանաձևը չափազանց պարզ է ու սպասելի…

 

«Կատարյալ երջանիկ եմ այն ժամանակ, երբ բոլոր երեխաներս տանն են: Այդպես հազվադեպ է լինում: Տղաներս հեռու են, աղջիկներս` ամուսնացած: Մի քանի օր առաջ Իջևանում ամուսնացած աղջիկս եկել էր գյուղ, մյուս 7 երեխաներս էլ էին այստեղ: Խոսում էին Չարեցնավանում ամուսնացած քրոջ հետ, ասում էին` եթե դու էլ գայիր, գոնե իննս այստեղ կլինեինք (երեք զավակներս ՌԴ-ում են): Կարոտում եմ երեխաներիս… Վերջին անգամ 2010 թվականի վարդավառին ենք բոլորս միասին եղել»:

 

Զրույցի վերջում 12 զավակների մայր տիկին Անահիտը հյուսիսարևելյան սահմանից իր խոսքն է ուղղում կանանց. մաղթանքների կենտրոնում խաղաղությունն է.

 

«Շնորհավորում եմ բոլոր կանանց` գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Առաջին հերթին խաղաղություն եմ մաղթում: Թող բոլորիս զավակներն առողջ լինեն, մեր թիկունքին կանգնած, մենք էլ հպարտանանք մեր երեխաներով»:

***

Արդեն պետք է գնամ: Տիկին Անահիտի, Անժելայի և Ռոզայի հետ այգում մանուշակներ ենք փնտրում: Մոշի թփերի տակ հատուկենտ մանուշակներ են երևում: Բոլորն իրենց փնջերն ինձ են տալիս… այս գարնան առաջին մանուշակներս…

 

Հասմիկ Գյոզալյան