Երազում եմ այն օրը, որ սպայի համազգեստ կհագնեմ, ուսադիրներով, աստղերով

Ազգային բանակի զինվոր Բաղդասար Մելքոնյանը խրախուսական արձակուրդ է ստացել և եկել է, տուն, որովհետև նրանց ընտանիքում ծնվել է 13-րդ երեխան՝ Բաղդասարի քույրիկը:


– Ես դպրոցում գերազանցիկ եմ եղել։ Բայց բուհ չդիմեցի, մտածեցի գնամ բանակ, զինվորական պարտքս կատարեմ, հետո հանգիստ խղճով շարունակեմ կյանքս… Համ էլ վստահ էի, որ բանակից հետո ավելի ճիշտ կկողմնորոշվեմ մասնագիտություն ընտրելիս։ Արդեն որոշված է՝ զինվորական եմ դառնալու։ Անկեղծ ասած, զինծառայությունից առաջ էլ էի հետաքրքրվում ռազմարվեստի պատմությամբ, ռազմական գործիչներով։ Անգիր գիտեմ բոլորի կենսագրությունը, բազմաթիվ գրքեր եմ կարդացել մեծ զորականների մասին, հռչակավոր ճակատամարտերի մասին։ Զինծառայության 3 ամիսները բավական էին, որ հասկանամ, թե որ ասպարեզում կկարողանամ լավագույնս դրսևորել ինձ։ Շատ եմ սիրում բանակային կյանքը, զինվորական գործը։ Երբ ես սպա դառնամ, շատ լավ եմ վերաբերվելու իմ զինվորներին, շատ եմ սիրելու, եղբոր, ընկերոջ նման միշտ կանգնելու եմ նրանց թիկունքին, օգնելու եմ։ Սպաների գործը շատ դժվար է, բայց և՝ շատ շնորհակալ։ Զինվորը երբեք չի մոռանում լավ սպային, որը դժվար պահին կողքին է եղել, գոտեպնդել է։ Ինչո՞ւ եմ ասում՝ սպաների գործը դժվար է, որովհետև պիտի կարողանաս լեզու գտնել տարբեր ընտանիքներից եկած, տարբեր դաստիարակություն ստացած, տարբեր բնավորությամբ զինվորների հետ։ Գիտեք, զինվոր կա, որ սպայի բարյացակամությունը թուլություն է կարծում ու փորձում է չենթարկվել։ Զինվոր կա՝ միայն ուժն է հասկանում, մինչև ուժ ցույց չտաս, չի ենթարկվի։ Սպան պիտի կարողանա գլուխ հանել…

Ես լավ զինվոր եմ։ Լավ զինվոր լինելը դժվար չէ։ Պիտի հրամանները կատարես ժամանակին և ճիշտ։ Պետք է հարգալից լինես ընկերներիդ հանդեպ։ Եվ պիտի զորամասը քո տունը համարես, սրտացավ լինես։ Երբ ես վերակարգի էի ճաշարանում, մինչև ուշ երեկո և վաղ առավոտյան այնպես մաքրեցի իմ հատվածը, որ պարզապես մաքրությունից փայլում էր։ Հրամանատարից բարեխիղճ ծառայության համար խրախուսանք ստացա։ Երակների լայնացում ունեի, հրամանատարներս անընդհատ ասում են՝ ծանր գործ մի՛ արա, ծանր գործ մի՛ արա։ Ուզում էի վիրահատվեմ, առողջանամ, որ կարգին ծառայեմ։ ՊՆ կենտրոնական հոսպիտալում երկու անգամ վիրահատվեցի: Հիմա ինձ շատ լավ եմ զգում:Երբ բժիշկներն իմացան, որ իմ ծնողները 12 երեխա ունեն, նրանց սերն ու հոգատարությունը կրկնապատկվեց…Ես այնպիսի ջերմությամբ էի շրջապատված, ասես հարազատ օջախում լինեի….չգիտեմ, ինչպես հայտնեմ երախտագիտությունս ինձ վիրահատած բժիշկներին՝ պարոն Լաբոյանին և պարոն Սարգսյանին ու հոսպիտալի ամբողջ բուժանձնակազմին…Ինձ բոլորը հարազատի պես սիրում էին….

Շատ ուրախ ու հպարտ էի, որ անցյալ տարի մասնակցեցի պաշտպանության նախարարությունում կազմակերպված միջոցառմանը։ Պարոն Սեյրան Օհանյանին մոտիկից տեսա, նա սեղմեց ձեռքս, ձեռքը դրեց ուսիս։

Երազում եմ այն օրը, որ սպայի համազգեստ կհագնեմ, ուսադիրներով, աստղերով… Հետո, երբ տուն և աշխատանք ունենամ, կամուսնանամ մի լավ աղջկա հետ, որը խելացի է, լաչառ չէ ու սիրում է աշխատել։ Շատ երեխաներ եմ ունենալու, մեծ ընտանիք ու երբեք չեմ հեռանալու իմ հայրենիքից։ Շատ երջանիկ եմ, որ ապրիլի 7-ին մայրիկիս կողքին եմ ու կարող եմ անձամբ շնորհավորել նրան: Որ եկել եմ տուն ու տեսել նորածին քույրիկիս, որին շատ էի ուզում տեսնել:Ու դրա համար շնորհակալ եմ հրամանատարներիս: Եվ ուզում եմ շնորհավորել բոլոր հայ մայրերին տոնի առթիվ, նրանց երջանիկ մայրություն ցանկանալ ու խաղաղ հայրենիք…

 

 

Գայանե Պողոսյան