Իմ երջանկությունը իմ 13 երեխաներն են

Անժելա Մելքոնյան․

-Երբ Մարտիկի հետ ամուսնանալու որոշում էի կայացնում, երբեք հաշվի չառա նրա սոցիալական վիճակը, չհարցրի՝ փող ունի՞, չունի՞, տունը մե՞ծ է, փո՞քր է… Ինձ համար կարևորն այն էր, որ Մարտիկը խոսքի տեր, պատասխանատու ու աշխատող մարդ էր և պաշտում էր մորը։ Էսքանը ինձ հերիք էր, որ կյանքս կապեմ նրա հետ։ Մարդիկ հաճախ զարմանում են, թե ոնց եմ 18 տարի ապրել մեկ սենյակում ու 11 երեխա ունեցել… Ասեմ գաղտնիքը… Սեր ու համերաշխություն է եղել իմ ընտանիքում։ Մեկս մյուսին զիջել ենք, ամեն մեկս մեր կողմ չենք ձգել, հարմարվել ենք, այնպես ենք արել, որ մյուսի համար լավ լինի։ Իմ երեխաները բոլորն էլ խելոք են, լսող, աշխատասեր, հնազանդ, կազմակերպված, բարի… Բաղդասարս 19 տարեկան է, զինվոր է, Բավականս՝ 18, Շուշանս՝ 16, Դանիելս՝ 14։ Այս չորսն արդեն ինքնուրույն մարդիկ են, մեր թիկունքն են, մեր օգնականը։ Սաթենիկս 12 տարեկան է, Մարիամս՝ 11, Նազելիս՝ 10։ Սրանք էլ այնքան խելոք են ու կազմակերպված, որ մի բան էլ փոքրիկներին են խնամում։ Սառաս 7 տարեկան է, Արմինես՝ 6, Էսթերս՝ 5, Սամուելս՝ 3, Մելինես՝ 2… Իսկ Աննաս մի քանի օրեկան է…Այնքան սիրուն են իմ երեխաները։ Նայեք նկարները, լույսի կտոր են։…

Փառք Տիրոջը, երեխաներս առողջ են, ամուր, պինդ, խելացի… Երբ ուրիշները տրտնջում են, թե երկու-երեք երեխա դժվարությամբ ենք պահում (մրսում են, հիվանդանում են), ես փառք եմ տալիս Աստծուն… Եկեք-տեսեք՝ ոնց եմ պահում երեխաներիս՝ բոլորը կոկիկ, մաքուր։ 13 երեխա մի տան մեջ, մեկը բարձր ձայնով չի խոսում։ Տատիկին պաշտում են։ Սկեսուրս հիվանդացել էր, որոշ ժամանակ անկողնուց չէր կարողանում բարձրանալ, երեխաներս մրցում էին, թե ով է խնամելու տատիկին։ Անհամեստ չհնչի, ինչ տեսել, այն էլ սովորել են։ Ես էլ, ամուսինս էլ ծնողապաշտ ենք։ Ես ամեն ինչ արել եմ, որ երեխաներս մարդասեր լինեն։ Ամեն ինչ մարդասիրությունից է սկսվում։ Բոլոր սերերի հիմքը մարդասիրությունն է։ Երբ տղայիս բանակ էի ճանապարհում, ասացի՝ Բաղդասար ջան, մորից-հարազատներից կտրված երեխեք են, հաշվիր՝ քո եղբայրներն են, եղբայր եղիր բանակային ընկերոջդ համար, օգնիր ինչով կարող ես։ Մեկ էլ ասացի՝ հնազանդ եղիր սպաների խոսքին։ Սպան զինվորի վատը չի ուզի։ Մոր համար կա՞ ավելի մեծ երջանկություն, երբ զորամասի խոհարարը (Ալիսան) զանգում է ու ասում՝ դու էս ի՞նչ լավ որդի ունես… Երբ հրամանատարը ամուսնուս ասում է՝ Բաղդասարի նման խելացի, աշխատասեր ու ազնիվ զինվորներ մեզ շատ են պետք… Ավագ լեյտենանտ Վարազդատ Կիրակոսյանը ասում է՝ արդեն 8 տարի բանակում եմ, քեզ նման զինվոր չեմ տեսել, Բաղդասար ջան…

…Ինչպե՞ս են մարդիկ իրենց երեխաներին մանկատուն տանում… կամ ինչպե՞ս են ընդհատում հղիությունը։ Մի բան ասեմ՝ գրեք էլի, շատ եմ խնդրում… Մանկատունը դեռ ոչինչ, բայց… հղիություն ընդհատելը մանկասպանություն է… Այդ չծնված երեխան մի քանի ամիս հետո նայելու էր քեզ իր աչուկներով, ժպտալու էր, մեծանալու էր… Եթե չեք ուզում պահել ձեր երեխային, տվեք ինձ, ես կպահեմ։ Շատ լավ կպահեմ։ Եկեք-տեսեք՝ իմ երեխաները կուշտ են, մաքուր, երջանիկ… Ապրիլի 7-ի՝ Մայրության տոնի առթիվ Աստված ինձ երկու մեծ նվեր արեց՝ ծնվեց 13-րդ երեխաս ու Զինվոր որդուս հրամանատարը արձակուրդ տվեց, որ գա տեսնի իր 10-րդ քույրիկին:…Ոնց եմ ուրախացել…երջանկությանս չափուսահման չկա…Տղայիս զորամասի հրամանատարը նվերներ էր ուղարկել նորածին փոքրիկիս համար: Այնքան հուզված եմ այդ ուշադրությունից…Չգիտեմ՝ ինչպես հայտնեմ երախտագիտությունս….

 

Գայանե Պողոսյան