Հայի հայրենասիրությունը սահման պահելն է ու սահման պահող ծնելը

Մարտիկ և Անժելա Մելքոնյանների ընտանիքում ծնվեց նրանց 13-րդ երեխան: Ընտանիքի ավագ որդին՝ ազգային բանակի օրինակելի զինվոր Բաղդասար Մելքոնյանը, խրախուսական արձակուրդ ստացավ և մեկնեց տուն՝ նորածին քույրիկին տեսնելու….

Մարտիկ Մելքոնյան.

-Ավագ եղբայրս զոհվեց Արցախյան պատերազմում։ Ու էդ օրը ես որոշեցի, որ շատ երեխաներ եմ ունենալու։ Ես ուխտ կապեցի Աստծու հետ, որ զոհված եղբորս փոխարեն (մեկի փոխարեն) տասնյակ որդիներ ու թոռներ եմ ունենալու։ Հայի հայրենասիրությունը սահման պահելն է ու սահման պահող ծնելը, ես ուրիշ հայրենասիրություն չգիտեմ։ Կնոջս՝ Անժելայի հետ ընկերոջս միջոցով եմ ծանոթացել։ Ասեց՝ մի լավ աղջիկ կա, ուսումնարանում դերձակություն է սովորում։ Ասեց՝ խելոք, նամուսով աղջիկ է, ձեռքի շնորհքով, տնարար, հնազանդ։ Հիվանդ մայր ունի, տան ամբողջ հոգսն իր ու քրոջ վրա է։ Ես էլ հենց այդպիսի աղջիկ էի ուզում։ Գնացի ուսումնարան, տեսա։ Դուրս շատ եկավ։ Համ էլ շատ սիրուն էր՝ սպիտակ, կապույտ աչքերով, փոքր-մոքր։ Ծնողները համաձայն չէին, ասում էին՝ մեր աղջիկը քաղաքում է մեծացել, չի կարող հարմարվել գյուղի կյանքին (դե, ես Արարատի Այգեվան գյուղից եմ), չի կարող կով կթել, հող մշակել… Ես էլ փախցրի, ավելի ճիշտ՝ իրար հետ փախանք… Ու համատեղ կյանքի հենց առաջին օրվանից հասկացա, որ ճիշտ ընտրություն եմ արել՝ տեսնելով կնոջս սերն ու հարգանքը մորս հանդեպ, աշխատասիրությունը, նվիրվածությունը… Իմ 11 երեխաները ծնվել են մեր մեկ սենյականոց բնակարանում։ Մի մեծ սենյակ էր՝ ամբողջովին լցված մահճակալներով… ջերմությամբ, սիրով, երեխաների աղմուկով, ուրախությամբ, քաղցրությամբ… 14 հոգի մեկ սենյակում։ Մեր տանը երբեք վեճ չի եղել, անհաշտություն չի եղել…

Աստծու օրհնությունը միշտ առատորեն թափվել է ընտանիքիս վրա։ Աստված պահպանել է երեխաներիս, հեռու է պահել հիվանդություններից, փորձանքներից։ Մի օր լրագրողը ինձ հարցրեց. «Ի՞նչ ես զգացել, երբ երեխաներդ սոված մտել են անկողին, սիրտդ չի՞ ցավել»… Իմ երեխաները երբեք սոված անկողին չեն մտել։ Ես երբեք որևէ մեկից հացի փող չեմ խնդրել, վիզ չեմ ծռել։ Ես ու կինս առավոտից իրիկուն աշխատել ենք։ Երեխաներս՝ նույնպես։ Նրանք սովորել են մեզանից, մեծերը խնամում են փոքրերին, դասերից հետո գնում են դաշտ, աշխատում են, որ թեթևացնեն ընտանիքի հոգսը։ Պետությունը օգնեց, շինանյութի փող տվեց, որ մեր տունը մեծացնենք՝ մի քանի սենյակ ավելացնենք։ Մենք ամբողջ ընտանիքով մեր ձեռքերով կառուցեցինք մեր տունը։ Նույնիսկ ամենափոքրիկները դույլերով ու բաժակներով ջուր ու հող էին կրում… Գիտեք՝ մի ուրիշ քաղցրություն է, երբ տունդ կառուցում ես ամբողջ ընտանիքով, սեփական մատներով։ Սա արդեն սովորական տուն չի, ոնց ասեմ, քո երեխան է… Հիմա դու ինձ ասա՝ այս տունդ (որ դեռ պատերը սվաղած են, հատակն էլ ցեմենտբետոն է) փոխիր արտասահմանյան դղյակի հետ, չեմ փոխի։

Սերն է հողդ հայրենիք դարձնում, տունդ հայրենիք դարձնում։ Հայրենիքն ի՞նչ է… Հայրենիքը դու ես, որ զինվորական լրագրող ես, մեզ սիրալիր ընդունել ես, սուրճ ես հյուրասիրել, անընդհատ ասում ես՝ շոկոլադ վերցրեք, ուրախանում ես մեր ուրախությամբ, ուզում ես մեզ համար մի լավ բան անել… Հայրենիքը էն մարդիկ են, որ լսում են մեր մասին, իրենց սրտից բխած՝ օգնում են… Հայրենիքը զինվոր տղայիս՝ Բաղդասարիս հրամանատարներն են…

…Տղայիս երդման արարողությանը մասնակցելու համար մեքենայով գնում էինք զորամաս։ Սիսիանում մեքենան փչացավ։ Զանգեցի տղայիս, ասացի՝ բալե՛ս, երդման արարողությանը չենք կարող մասնակցել, էսպես-էսպես… Մնացել ենք Սիսիանում։ Տղա երեխաներս՝ 2 տարեկան Սամուելս և 13 տարեկան Դանիելս, մեզ հետ էին, ասինք՝ թող գան տեսնեն զորամասը, սպաներին, վաղը իրենք էլ են ծառայելու… Դանիելս մեքենաների հետ սեր ունի, դասերից հետո աշխատում է ավտոնորոգման արհեստանոցում։ Ասաց՝ պապա՛, դու հեռու մնա, ես մի բան կանեմ-կսարքեմ։ Երեխան մտել էր ավտոյի տակ, ես էլ կանգնած նայում էի, մեկ էլ մի սպիտակ ջիպ կանգնեց կողքներս։ Միջից երկու զինվորական իջան… Ու զինվոր տղաս՝ Բաղդասարը։ Պարզվեց՝ նկատել են, որ Բաղդասարս զորամասում է, մյուսների նման ծնողների հետ չի, հարցրել են՝ ի՞նչ է պատահել։ Բաղդասարս պատմել է, որ մեքենան փչացել է, ծնողները մնացել են Սիսիանում… Հրամանատարները իրենց մեքենայով երեխայիս բերել են մեզ մոտ։

…Հուզվում եմ պատմելիս… Ես ուզում եմ, որ նշեք այդ երկու սպաների անունները։ Ավագ լեյտենանտ Արմեն Ալեքսանյան և ավագ լեյտենանտ Մուշեղ Մարգարյան… Նրանք են իմ հայրենիքը։ Նրանք ու նրանց նմաններն են ինձ կապում իմ հողին, նրանք են իմ երկիրը հայրենիք դարձնում։ Նրանք են ինձ գոտեպնդում։ Նրանց հետ ես ինձ ուժեղ եմ զգում։ Ինչքան խնդրեցինք, չմասնակցեցին հյուրասիրությանը, ասացին՝ շատ գործ ունենք, շտապ ենք… ու գնացին։ Երբ տղայիս հարցրի՝ հը, ո՞նց է բանակում։ Պատասխանեց՝ շատ լավ է, պա՛պ… Ասացի՝ որ ասեիր՝ վատ է, մեկ է, չէի հավատալու, որովհետև այս երկու սպաներին տեսնելով՝ ես արդեն պատկերացում եմ կազմում ամբողջ զորամասի մասին…

Հիմա ծնվել է 13- րդ երեխաս, որդուս խրախուսական արձակուրդ են տվել, որ գա, տեսնի նորածին քրոջը: Այսօր 16 հոգով Սեղան ենք նստել՝ 13 երեխաներս, ես մայրս ու կինս….Ես երջանիկ տղամարդ եմ։ Ամեն օր փառք եմ տալիս Աստծուն, որ լավ ընտանիք ունեմ… Որ կարողանում եմ խնամել մորս, որ կինս ու երեխաներս սիրով են շրջապատել նրան… Որ կարողանում եմ խնամել երեխաներիս… Որ երեխաներս ազնիվ են, բարի, աշխատասեր, պարկեշտ… պիտանի մարդիկ են։ Որ աշխարհ եմ եկել ու բեռ չեմ դարձել աշխարհի վրա…

 

 

Գայանե Պողոսյան