Մայրը

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: Նա նկատել է դիվերսանտներին, զգուշացրել մեր զինվորներին եւ դիմադրություն ցույց տվել: Վիրավորված լինելով՝ նա չի ընկրկել, ինչը հայկական ուժերին հնարավորություն է տվել արագ կազմակերպվել եւ հետ շպրտել թշնամուն՝ պատճառելով կորուստներ:Դիրքում կանգնած, ինը հոգուց բաղկացած սովորական ստորաբաժանումը հետ է մղել Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման երկու խմբերի` շուրջ 30 հոգու:

Նախագահ Բակո Սահակյանի հրամանով Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով:

2014 թ. Արմեն Հովհաննիսյանը արժանացել է Տարվա մարդ կոչմանը:

 

…Ես սուրճը թափում եմ թղթերիս վրա։ Իմ առջև նստած սևազգեստ, բարետես կինը օգնում է մաքրել սեղանը։ Արմեն Հովհաննիսյանի մայրն է՝ տիկին Մարինեն։ Բոլորովին վերջերս նրա միակ որդին հայրենիքը պաշտպանելիս, ընկերների կյանքը փրկելով, զոհվել է, բայց չի լքել մարտական դիրքը։ Ես բազմաթիվ մեկը մյուսից խելոք հարցեր եմ պատրաստել՝ որպես մուտք, որպես սկիզբ… Բայց հիմա դրանք այնքան անպատեհ ու անիմաստ են թվում։ Լռությունը ձգվում է… ու հանկարծ ես լսում եմ կնոջ ձայնը։ Ժպտո՞ւմ է, թե ինձ թվաց…

-Արմենս այնքան սիրուն, փարթամ երեխա էր, որ ծնվեց… բոլորը ասում էին՝ առանձնահատուկ տղա է, տարբեր հիվանդասենյակներից գալիս էին, որ տեսնեն տղայիս… Երեք քույրերից հետո Արմենիս ծնունդը, իրոք, երջանկացրեց բոլորիս։ Հայրը ցնծում էր, պապիկը, տատիկը… այնքան երկար էինք սպասել Արմենին։ 18 տարեկանում մահացած հորեղբոր անունն էինք դրել։ Գուցե դա էր պատճառը, որ պապն ու տատը, հայրը անսահման էին սիրում Արմենիս…

-Հավանաբար երես եք տվել։ Ասում են՝ հայ մայրերը որդիապաշտ են։

-Շատ ենք սիրել, բայց երես չենք տվել։ Ես էլ, ամուսինս էլ խիստ ենք եղել երեխաների հանդեպ, չենք հանդուրժել որևէ վատ արարք, միշտ հետևել ենք, ուղղել, խրատել, ոչինչ աչքաթող չենք արել։ Եթե, իրոք, սիրում ես զավակիդ, պիտի երես տալով չփչացնես նրան, այլ այնպես անես, որ լավ մարդ մեծանա…

-Լավ մա՞րդ… Հայրենասեր, սխրագործ ասեք։

-Չէ, ես անկեղծ կլինեմ, մտքովս չի անցել սխրագործ մեծացնել։ Հայրենասիրության մասին էլ չեմ մտածել։ Ցանկացել եմ, որ որդիս արժանապատիվ, գթասիրտ, պատասխանատու մարդ դառնա… կանգնի թույլի կողքին, օգնի կարիքավորին, ձեռք մեկնի ընկածին, ազնիվ լինի, իր կարծիքն ունենա… Երբեք չեմ թողել, որ պաղպաղակի թուղթը նետի փողոց, ճնշի թույլին, աչքաթող անի դասերը, վիրավորի մեծերին…

-Գուցե, հենց այդպես է սկսվում իսկական հայրենասիրությունը… Իսկական հերոսը։

– Իմ տղան սովորական տղա էր իր հասակակիցների նման։ Արմենիս սիրում էին և՛ դպրոցում, և՛ շրջապատում։ Շատ ընկերներ ուներ, շատ-շատ։ Զորակոչվելուց առաջ նշիկները վիրահատեցինք։ Հիվանդասենյակի դուռը չէր փակվում, ընկերները մեկը մյուսի հետևից գալիս-գնում էին։ Իմ տղան իր վրա պատասխանատվություն վերցնող տեսակ էր, վճիռներ կայացնող, համախմբող… Ավարտական դասարանում էր, երբ ստիպված էինք փոխել մեր բնակարանը և տեղափոխվել Ավան։ Արմենս, բնականաբար, պիտի փոխեր դպրոցը։ Ասաց՝ չեմ ուզում թողնել ընկերներիս… Ու մի խանութում ընդունվեց աշխատանքի, որ Ավանից Նորքի զանգվածի դպրոց հասնելու ուղեվարձը մեզնից չվերցնի…

Գիտեք, հիմա ես երկու մարդ եմ դարձել, մեկը ես եմ, որ ապրում եմ իմ ահռելի ցավի մեջ, մյուսը նա է, ով խոսում է ձեզ հետ… Ով գնում է ստանալու իր որդու «Արիության մեդալը», «Հայրենիքին մատուցած ծառայության համար» մեդալը… Ով քայլում է, ժպտում է, պատմում է։ Ձեզ հետ սուրճ է խմում…

-Չկա մի բան, որ կմխիթարեր Ձեզ, կսփոփեր… մի քիչ…

-…

-Չկա՞…

-Թերևս այն միտքը, որ տղայիս տարիքի ութ տղաներ այսօր ապրում են, շնչում, երազում, վայելում կյանքը՝ տղայիս ընդհատված կյանքի շնորհիվ… Նրանց մայրերը չեն զգում այն կսկիծը, որ իմ սրտի մեջ է։ Գիտեք՝ ինչն ինձ կմխիթարի, որ նույն գնդակը, նույն բեկորները դիպչեն իմ սրտին, ու ես զգամ, թե ինչ է զգացել որդիս վերջին պահին… Ինչպիսի ցավ է ապրել։ Աշխարհում ամեն ինչ կտայի, որ զգայի դա… Ասում են՝ «մամ ջան» է կանչել վերջին պահին։

-Արդյոք որևէ բանով կնժարե՞ս մարդկային կյանքը… Կներեք, մի՛ պատասխանեք…

-Արմենս նժարել է սեփական կյանքը… Ու մյուս նժարը, որի վրա մարտական ընկերների կյանքն էր, իջել է… հաղթել։

…Տղաս սիրում էր քանդակել։ Վերջին շրջանում անընդհատ խաչեր է քանդակել, խաչեր, խաչեր… Ինչո՞ւ…

-Չգիտեմ…

-Ասում են՝ երազում էր, որ դիրքերի մատուռը շուտ սարքեին, որպեսզի խաչ քանդակեր մատուռի համար։ Ամուսինս կատարեց տղայիս երազանքը՝ խաչքար դրեց դիրքերում և զորամասում։ …Ջոկի հրամանատար էր։ Ընկերները պատմում են, որ հավասար կիսում էր ուտելիքը, ծխախոտը, ու ինքը վերջինն էր վերցնում իր բաժինը։ Տանն էլ էր այդպես։ Ինը տարի ամուսնուս քույրը իր երկու տղաներով ապրեց մեզ հետ միասին։ Վեց երեխա կար մի տան մեջ, բայց մենք վեցին էլ հավասար աչքով էինք նայում, սովորեցնում էինք զիջել իրար, սիրել, հանդուրժել… Արմենս շատ կապված էր հորաքրոջ տղայի՝ Արսենի հետ։ Երբ Արսենին բանակ տարան, քուն ու դադար չուներ, ասում էր՝ Արսենի համար դժվար կլինի, շատ զգայուն է, շատ խոցելի է… Նրանք հասակակիցներ էին, բայց Արմենը ասես Արսենի մեծ եղբայրը լիներ։

-Հրամանատարը պատմել է` երբ մի անգամ բարձր ջերմության պատճառով Արմենին իջեցրել է դիրքերից, հաջորդ օրը Արմենը խնդրել է իրեն նորից դիրքեր տանել, ասել է՝ էլ չեմ դիմանում, սահմանը ձգում է։

-Գիտեմ, ասում էր՝ իսկական ծառայությունը դիրքերում է։ Գիտեք, մեկ ամիս պառկել է հոսպիտալում ու մեզ չի ասել, որ չանհանգստանանք։ Արմենս փոխվել էր, շատ կտրուկ էր դարձել։ Հիշում եմ մեր վերջին հանդիպումը… Մեզ ավտոբուսով տարան զորամաս։ Քաղաքի ծայրին մի փոքրիկ տարածք կար, ամեն մեկս մեր որդուն առանք, նստեցինք գետնին, փալասի վրա, որ մեր երեխան մի կտոր բան ուտի, սրտներս հովանա… Հանկարծ 60-ին մոտ մի մարդ եկավ ու հավաքվածներից փող ուզեց՝ գետնին նստելու համար… Արմենիս չէինք կարողանում զսպել։ Ասում էր՝ դու սահման պահող զինվորի ծնողներից ո՞նց ես փող ուզում։ Ասում էր՝ ամեն ինչ սեփականաշնորհել եք, բա դիրքերն ինչո՞ւ չեք սեփականաշնորհում… Եկեք, դիրք պահեք… Գոռում էր։ Երբ հրաժեշտ էինք տալիս իրար, չէր գնում, ասում էր՝ առաջ դո՛ւք գնացեք։ Երբ հեռվից տեսա՝ կանգնած նայում է, իջա մեքենայից, հետ եկա, ամուր գրկեցի տղայիս…

-Սիրած աղջիկ ունե՞ր…

-Բլոկնոտի մեջ մի քանի տեղ գրել էր՝ Արմեն-Ռուզան։ Հիմա մի աղջիկ է հաճախ գնում Եռաբլուր՝ Ռուզան է անունը։ Փոքր-մոքր, սիրունիկ աղջիկ է։ Երևի տղայիս սիրած աղջիկն է եղել։ Տատիկին կատակով ասում էր՝ դո՛ւ ես ինձ համար աղջիկ ընտրելու, մի անգամ ընտրել ես, հաջող է դուրս եկել (ինձ նկատի ուներ, սկեսուրս է ինձ հավանել)։ Ես պիտի շարունակեմ ապրել։ Պիտի հավաքեմ ընտանիքս։ Տղամարդիկ ավելի փխրուն են, պիտի կարողանամ ամուսնուս օգնել… Աղջիկներս… Գիտեք, նրանք երբեք իրենց եղբորը անունով չեն կանչել, «ապեր» են ասել… Ես պիտի պահպանեմ ընտանիքս։ Արցախում մի կնոջ տեսա. երեք որդի էր կորցրել պատերազմում…

-Նա ձեզ ո՞ւժ տվեց…

-Իմ որդին է ինձ ուժ տալիս հիմա։ Նա իմ սրտի մեջ է, իմ երակներում։ Որդիները չեն կարող լքել մայրերին։ Ես պիտի Արմենին արժանի մայր լինեմ։ Գիտեք, հիմա մեռնելը շատ հեշտ է ինձ համար, ապրելն է դժվար… Ես գիտեմ հանուն ինչի ապրել։

-Հանուն ինչի՞…

-Որ որդի կորցրած բոլոր մայրերը սովորեն ինձնից… և ապրեն։ Որ որդուս հիշատակը վառ պահելով՝ սրբացնեմ այն մի քանի մետր հողը, որի համար զոհվեց տղաս։ Այդ հողը թանկ էր տղայիս համար՝ կյանքից թանկ… Ինձնից թանկ էր։ Ու պիտի թանկ լինի նաև ինձ համար։

…Դա՞ է հայրենիքը, այդ հո՞ղը… Ի՞նչ գերբնական ուժ ունի իր մեջ։

-Ես չեմ զգացել, թե ինչպես է թշնամին գալիս վրադ՝ ստիպելով ընտրություն անել կյանքիդ ու հողիդ միջև։ Ես էլ Ձեզ նման… չգիտեմ։

…Հիմա ես պիտի ասեմ՝ շնորհավորում եմ Մայրության տոնի առթիվ, հերոս մայր, խորին խոնարհում ձեզ ու ձեր հերոս զավակին… Ես անգիր եմ արել այս տեքստը, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում արտասանել։ Բառերը համրացել են կոկորդիս մեջ։ Կինը ոտքի է կանգնում… Նա անցնում է լուսավոր ու շքեղ սրճարանի առատ սեղանների արանքով, որոնց շուրջը երիտասարդ տղաներ ու աղջիկներ են նստած՝ ժպտուն ու անհոգ։

 

Գայանե Պողոսյան

  • mayr