Շնորհավոր մայրության տոնը

Սիրելի մայրեր, Մայրության տոնը թերևս ամենագեղեցիկ, ամենասրտամոտ, ամենահուզիչ, ամենասիրելի տոնն է…Որովհետև անչափելի է մայրական սիրո մեծությունը, ուժը, նվիրումը: Դժվար է բառերով գնահատել հայ մոր տքնանքն ու անձնվիրությունը, օջախի կրակը վառ պահելու, ընտանիքը սիրո շաղախով պնդելու, զավակներ դաստիարակելու հայ մոր ավուր սխրանքը…

Պատահական չէ, որ մենք Հայրենիքը համեմատում ենք Մոր հետ ու պատվում ենք Հայրենիքը Մայր Հայրենիք կոչելով:

Նախքան շնորհավորանքի ջերմ խոսքեր հնչեցնելը, ուզում եմ իմ անկեղծ ցավն ու խոնարհումը բերել այն մայրերին, որոնց որդիները զոհաբերվեցին Հայրենիքի ազատության սրբազան գործին ու հերոսացան: Հերոսներ ծնած հայ մայրեր, Ձեր որդիների հետ միասին նաև դուք հերոսացաք, որովհետև հերոս ծնողն ու դաստիարակողը կրկնակի հերոս է, որովհետև Դուք եք սովորեցրել նրանց սիրել Հայրենիքը, սիրել ժողովրդին, Դուք եք քաջությամբ ու տղամարդկային արժանապատվությամբ տոգորել նրանց հպարտ ու ըմբոստ սրտերը: Փառք ու պատիվ Ձեզ: Ես մայր եմ ու սրտով եմ զգում, թե որքան մեծ ու դաժան է Ձեր կորուստը, ու մխիթարանքի բառեր չեմ գտնում….Շարունակեք ապրել, իբրև Սիրո, Արիության, Պատվի, Ուժի, Հպարտության մունետիկ և ընդունեք մեր սրտի անսահման երախտագիտությունն ու սերը:

Մայրության տոնին բազմաթիվ հայ մայրերի սրտեր Հայրենիքի սահմանին է՝ Հայրենիքը պաշտպանող իրենց զինվոր որդիների կողքին: Համբերություն Ձեզ: Ես էլ Ձեզ հետ ամեն օր աղոթում եմ, որ Ձեր զավակաների գլխից մազ չպակսի, որ նրանք անփորձանք ծառայեն ու փառքով տուն վերադառնան: Ձեր սիրտն ու Ձեր տունը լցնեն իրենց ծիծաղով, ուրախությամբ, ընտանիք կազմեն, բալիկներ ունենան ու երջանկացնեն Ձեզ իրենց երջանկությամբ:

Սիրելի մայրեր, շնորհավոր Ձեր տոնը: Երջանիկ մայրություն եմ մաղթում բոլորիդ…Երիտասարդ մայրերին հորդորում եմ շատ բալիկներ ունենալ: Բոլոր դժվարությունները անցողիկ են, մնայունը խաղաղ հայրենիքն է, ամուր սիրով լի օջախը, ավանդապաշտ, առաքինի հայ ընտանիքը ու բարությամբ, ազնվությամբ, պատվախնդրությամբ ու քաջությամբ տոգորված մեր զավակաները, որոնք ավելի բարեկեցիկ, հպարտ, արդար Հայաստան են կառուցելու բոլորիս համար:

Շնորհավոր մայրության տոնը:

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյան