Ստեփան փաշա Ասլանյան (1822-1901 թթ.)

Ուսանել է Կ. Պոլսի Բերա թաղի Սուրբ Էջմիածին, այնուհետև՝ Սկյուտարի ճեմարանում: Մասնագիտական կրթությունը ստացել է Կ.Պոլսի Կայսերական զինվորական բժշկական բարձրագույն վարժարանում: 1846 թ. սուլթան Աբդուլ Մեջիդի (1839-1861 թթ.) ներկայությամբ հանձնվել են Կայսերական զինվորական բժշկական բարձրագույն վարժարանի շրջանավարտների վկայականները: Նրանցից լավագույնը՝ Ստեփան Ասլանյանը, և մի քանի նորավարտ բժիշկներ սուլթանի հրամանով ուղարկվել են Վիեննա՝ իրենց մասնագիտական ուսումը կատարելագործելու: Վիեննայի համալսարանի բժշկագիտության ֆակուլտետի շրջանավարտ Ստեփան Ասլանյանը Կ. Պոլիս վերադառնալուց անմիջապես հետո կարգվում է որպես բժշկապետ Պեյլերպեյի հիվանդանոցում, որտեղ բուժվում էին հնդախտով վարակված թուրք զինվորները, մինչդեռ ինքը վիրաբույժ էր, ոչ համաճարակաբան:

Պետական հատուկ կարգադրությամբ վարակիչ հիվանդությունների բուժումը վերապահված էր հայ բժիշկներին:

1878 թ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, երբ ռուսական բանակը հասել էր Ադրիանապոլիս, մեծ եպարքոս Սավֆեր փաշան գնում է այնտեղ՝ նախնական դաշնագրություն կնքելու: Ստեփան փաշա Ասլանյանը՝ որպես բժիշկ-թիկնապահ, ուղեկցել է մեծ եպարքոսին: Ներսես պատրիարք Վարժապետյանի և Սերովբե Վիչենյանի խնդրանքով աշխատել է ռուսական տերության ուշադրությունը հրավիրել հայ ազգի վրա և ջանացել Սան-Ստեփանոյի պայմանագրի մեջ ներառել 16-րդ հոդվածը, ըստ որի Օսմանյան կայսրության հայկական գավառների բարեկարգության հարցը դրվում էր Ռուսաստանի վրա:

Ստեփան փաշա Ասլանյանն գործուն մասնակցություն է ունենում XIX դարի երկրորդ կեսին արևմտահայության հանրային կյանքին: Նա արքունիքում և պաշտոնական բարձր շրջանակներում վայելած իր վստահությունն ու հեղինակությունը գործադրել է ի շահ ազգային խնդիրների բարվոք լուծման: Թեև Ստեփան փաշա Ասլանյանը ազգային սահմանադրության հեղինակներից չէ, սակայն լուռ և ծածուկ աջակցել է խմբագրական հանձնաժողովին: Ընտրվել է ազգային երեսփոխան, եղել Ազգային ընդհանուր և Քաղաքական ժողովների ատենապետ: Մինչև 1891 թ. անդամակցել է նաև այդ ժողովներին և ունեցել արդյունավետ գործունեություն:

Ստեփան Ասլանյանը 21 տարի դասավանդել է Կայսերական զինվորական բժշկական բարձրագույն վարժարանում, որի ամենափայլուն դասախոսներից էր՝ իր բացառիկ դասախոսություններով, մասնագիտական խորը իմացությամբ ու հմտությամբ: 1870 թ. բարձրացվել է միրիլիվայի աստիճանի, արժանացել փաշայության տիտղոսին և փոխադրվել Ռազմական նախարարություն, նշանակվել տեղի բժշկապետ և Զինվորական կենտրոնական մեծ ժողովի առողջապահական բաժնի անդամ: Արժանացել է Օսմանիեի և Մեջիդիեի տարբեր աստիճանների շքանշանների և օտար երկրների կառավարությունների պատվանշանների:

Սակայն հետագայում Ստեփան փաշա Ասլանյանը ամբաստանվել է թուրքերի կողմից որպես օսմանյան գահի դավաճան և շնորհազուրկ եղել: Հրաժարվելով զինվորական ասպարեզից՝ կամովին աքսորվել է Եգիպտոս, ապա Ֆրանսիա: Եգիպտոսում եղել է փոխարքայի ընտանեկան բժիշկը: Միայն Օսմանյան կայսրության արտաքին գործոց փոխնախարար Հարություն փաշա Տատյանի միջնորդության շնորհիվ է կարողացել վերադառնալ Կ. Պոլիս:

Անահիտ Աստոյան