Պատերազմի ժամանակ մի քիչ էլ բժիշկ էի…

Մինչև Արցախյան շարժման սկսվելը Վերա Սողոմոնյանը ամուսնու՝ Էդվարդի և 4 զավակների հետ ապրում էր Բաքվում: Ամուսինը Ռուսաստանում էր, երբ Բաքվում սկսվեցին հայերի դեմ բռնությունները, Վերան ճարահատ վերցրեց երեխաներին և վերադարձավ հայրական տուն՝ Խաչեն գյուղ: Էդվարդը վերադարձավ, հասավ ընտանիքին, բայց որոշեց գնալ Բաքու, որպեսզի իր տարիների, իր քրտնաջան աշխատանքի վաստակը փրկի, սակայն կորցրեց նաև կյանքը՝ ադրբեջանցիները նրա մեքենայի մեջ բենզին էին լցրել և այրել նրան…

-Երեխաներին թողեցի մորս խնամքին և գնացի միանալու կռվողներին, ուզում էի ամուսնուս վրեժը լուծել,- պատմում է Վերան,- կռվող տղերքն ինձ անընդհատ ասում էին՝ Վերա, գնա տուն, էրեխեքիդ տե՛ր կանգնիր: Ես ըմբոստանում էի՝ գնամ տանը նստեմ, սպասեմ՝ թշնամին գա հասնի իմ դռանը: Նշանառու էի, լավ էի կրակում (ավարտել եմ Բաքվի միլիցիայի բարձրագույն դպրոցը):

… Դաժան մարտեր էին, հիշում եմ՝ ազատամարտիկներից մեկը՝ Համոն, ոտքից վիրավորվեց: Տղերքն ասում էին՝ Վերա, գնա, Համոյի կախ ընկած ոտքը կապիր: Խառնվել էի իրար, բողոքում էի՝ ես սնայպեր եմ, ես հո բժիշկ չեմ… Տղերքն էլ իրենցն էին պնդում՝ դու կին ես, գնա՛, օգնի՛ր:

Մի կերպ, չիմացածս բժշկական գիտելիքներով,վախվորած փորձեցի օգնել, ձեռքերս լարվածությունից դողում էին: Հետո այնպես վարպետացա, որ արագ կարողանում էի արյունահոսությունը դադարեցնել, ոտք անդամահատել… էնպես, որ ուզածդ բժիշկը կնախանձեր… Երբ տեսնում ես, որ մարտական ընկերդ, քեզ եղբոր պես հարազատ դարձած ընկերդ արնաքամ է լինում, կյանքը մազից է կախված, պարզվում է՝ կարող ես անել այն անկարելին, անհնարը… միայն թե փրկվի, միայն թե ապրի…

Հպարտությամբ եմ հիշում, որ պատերազմի ժամանակ նշանառու լինելուց բացի նաև մի քիչ էլ բժիշկ եմ եղել…

Ալիս Ալավերդյան

  • ver