Դու այսօր է՞լ ես վաղը գալու…

Արցախյան պատերազմի առաջին օրերին, երբ վիրավոր զինվորի կյանքը փրկելը նույնքան ծանր պայքար էր, որքան ազերիներին դիմակայելը, իսկ բանակի ռազմաբժշկական ծառայություն դեռ չէր կազմավորվել, բազմաթիվ բժիշկներ, բուժքույրեր, գթության քույրեր մեկնեցին Արցախ՝ փրկելու մարտի դաշտում վիրավորված ազատամարտիկներին:

Կարո Հեբոյանը նորակազմ բանակի առաջին հայ զինվորական բժիշկներից էր: Նա Արցախյան պատերազմի տարիներին բազմիցս գործուղվել է Ստեփանակերտ, տեղում բարդ վիրահատություններ կատարել և զգացել է վիրավոր զինվորի կյանքը փրկելու բերկրանքն ու հաղթանակը: Սակայն զինադադարից հետո նույնպես գործուղումները դեպի Արցախ շարունակվել են: Պատմում են, որ Կարո Հեբոյանը՝ որպես հմուտ նյարդավիրաբույժ, առաջինն էր մեկնում, եթե վիրավորի կամ հիվանդի վիճակը ծանր էր…

2000 թ. հունվարի 19-ին Սերգեյ Հարությունյանը, Կարո Հեբոյանը, Տիգրան Հովեսյանը հերթական առաջադրանքն են ստանում: Անտեսելով սաստիկ քամին, ձյունը, մառախուղը, հստակ գիտակցելով, որ վտանգում են սեփական կյանքը՝ ուղղաթիռով Երևանից շտապում են դեպի Ստեփանակերտ՝ փրկելու ծանր վիրավորի կյանքը: Թռիչքից րոպեներ անց կապը ուղղաթիռի հետ ընդհատվում է: Որոնողական աշխատանքները սկսվում են անհապաղ: Միայն հաջորդ օրն է հնարավոր լինում գտնել կործանված ուղղաթիռի բեկորները, զոհված բժիշկներին և օդաչուներին…

Անցել են տարիներ, և այսօր Արմինե Ամյանը՝ Կարո Հեբոյանի կինը, անկեղծորեն խոստովանում է.

-Երևի չհավատաք… կամ չպատկերացնեք, բայց Եռաբլուր գնալ չեմ կարողանում… երբ գնում եմ այնտեղ, կարծես ընդունում եմ, որ նա չկա… Իսկ ես մտածում եմ, որ նա ապրում է, պարզապես հիմա տանը չէ… Նա այնքան գեղեցիկ մտավ իմ կյանք, և մինչև այսօր էլ իմ բոլոր հիշողությունները նրա մասին նույնքան գեղեցիկ են ու թանկ…

1989 թ. գարունն էր, մեր ամառանոցի հարևանությամբ մի գեղեցիկ շինություն կար՝ մեծ հողատարածքով: Նոր մարդիկ եկան, գնեցին այդ ամառանոցը, մենք ծանոթացանք… Մեր նոր հարևանների որդին վիրաբույժ էր և աշխատում էր Մոսկվայում՝ Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտում: Մորեղբայրս այդ ժամանակ բուժվում էր Բուրդենկոյի անվան ինստիտուտում, և պարզվեց, որ հենց նրանց որդին է իմ մորեղբոր բժիշկը: Երբ նրանց որդին գալիս է Մոսկվայից, նրան պատմում են… նաև իմ մասին… և մի օր, երբ մեր ամառանոցի պարտեզում էի, նկատեցի, որ հարևան ամառանոցից՝ մի թփի ետևից, ինչ-որ մեկը, ջանալով աննկատ մնալ, ինձ է նայում… Ես անմիջապես կռահեցի. նրանց որդին էր… Այդ երեկո նրանք մեր տուն եկան՝ «հետաքրքրվելու՝ ինչպես է մորեղբորս առողջությունը»… Օրեր անց Կարոն դարձյալ մեկնեց Մոսկվա, բայց ութ ամիս ամեն ուրբաթ գալիս էր Երևան և ամեն կիրակի վերադառնում այնտեղ… Երբ նա գալիս էր, ես հասկանում էի, որ ուզում եմ տեսնել նրան… Երբ նա գնում էր, չէի հասկանում՝ ինչ էր կատարվում ինձ հետ. առաջին անգամ որևէ երիտասարդի հաջողվել էր այդքան «մոտենալ» ինձ և իմ սրտում իր հանդեպ հետաքրքրություն առաջացնել…

Կարո Հեբոյանը, 1986 թ. ավարտելով Երևանի պետական բժշկական ինստիտուտը, մեկնում է Մոսկվա և ուսումը շարունակում Մոսկվայի Ն. Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժական ինստիտուտում, 1989 թ. ավարտում է կլինիկական օրդինատուրան, 1992 թ.՝ ասպիրանտուրան: Պաշտպանելով թեկնածուական ատենախոսությունը՝ 1992 թ. արժանանում է բժշկական գիտությունների թեկնածուի, իսկ 1994 թ.՝ դոցենտի կոչման: 1992-1993 թթ. աշխատել է Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտում, 1993-1995 թթ.՝ Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության գիտական կենտրոնում որպես նյարդավիրաբույժ:

Երբ կարդում էի Կարո Հեբոյանի կենսագրությունը, ինձ զարմացրեց այն, որ նա իր ատենախոսությունները պաշտպանել է Արցախյան պատերազմի տարիներին, այն տարիներին, երբ ինքն էլ՝ որպես բժիշկ, բազմիցս մեկնել է Արցախ…

-Կարոն արմատներով սասունցի էր՝ վճռական ու նպատակասլաց, և եթե ինչ-որ բան էր որոշում, ոչինչ չէր կարող խանգարել նրան: Երբ 1992 թ. ավարտեց Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժական ինստիտուտի ասպիրանտուրան, նրան առաջարկեցին իրենց մոտ շարունակել աշխատանքը, բայց նա մերժեց. Արցախյան պատերազի տարիներն էին, և ինքը չէր կարող անմասն մնալ հայրենիքի ազատագրության պայքարից:

Հիշում եմ, գալիս, տանից տանում էին նրան: Այնպիսի ոգևորությամբ էր գնում… Երբևէ չեմ փորձել կանգնեցնել նրան կամ խնդրել, որ պատերազմական գոտիներ չմեկնի.: Նա պիտի գնար, և ես հավատում էի, որ նրան ոչինչ չի լինի…

Մի անգամ Արցախից վիրավոր տեղափոխելիս Կարոն օդաչուից պահանջում է, որ ուղղաթիռը Միքայելյանի անվան հիվանդանոցի բակում իջեցնի, որովհետև վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր էր, և յուրաքանչյուր, նույնիսկ աննշան տեղաշարժ կարող էր ճակատագրական լինել նրա համար… Օդաչուն հասկանում է, ենթարկվում, և դրա պատճառով մեծ աղմուկ բարձրացավ, Կարոն նկատողություն ստացավ… Սակայն Կարոյի համար գլխավորը այն էր, որ հնարավոր եղավ ոչ միայն փրկել վիրավորի կյանքը, այլև առողջությունը վերականգնել. նրա ողնաշարն էր վնասված, և մեծ էր հավանականությունը, որ վիրավորը հաշմանդամ կդառնար… Այդ մարդը հիմա էլ ողջ է, ապրում է առողջ, անցավ և հիշում է այն բժշկին, որ իր կյանքը, իր առողջությունը փրկելու համար ստիպված էր «օրինազանց դառնալ»…

1995 թ. Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության գիտական կենտրոնից Կարո Հեբոյանը տեղափոխվում է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ գիտակցելով, որ նոր կազմավորվող զինվորական հոսպիտալում դեռևս չլուծված բազմաթիվ խնդիրներ կան, և ինքը կարող է իր գիտելիքներով, փորձառությամբ օգտակար լինել: 1995-2000 թթ. ղեկավարում է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդավիրաբուժության բաժանմունքը՝ էականորեն բարձրացնելով բաժանմունքում ցուցաբերվող բուժծառայության որակը:

-Հոսպիտալին, իր հիվանդներին նվիրվել էր անմնացորդ: Մի սովորություն ուներ, եթե գալիս էր տուն ու ձեռքից ժամացույցը չէր հանում, հասկանում էի, որ գնալու է… Ավելորդ հարցեր չէի տալիս… Հաճախ զանգում էր հերթապահ բժշկին…կամ իրեն էին զանգում… ու ստացվում էր այնպես, որ նույնիսկ տանը նա «հոսպիտալում էր»՝ իր հիվանդների հետ: Նույնիսկ բուժելուց, հոսպիտալից դուրս գրելուց հետո նրանց հետ կապը պահպանում էր… Երբ գնում էր մարզերում ապրող իր հիվանդներին տեսության, ես և երեխաները ուղեկցում էինք նրան, որ գոնե մեքենայի մեջ նրա կողքին լինենք, դա «միասին լինելու մեր գողացած ժամանակն» էր… Իմ և դուստրերի ներկայությունը ուժ, ուրախություն էր տալիս նրան: Իսկ մենք գոհանում էինք նրա ներկայությամբ…

Երեխաները գրեթե չէին տեսնում հորը, երեկոյան 8-ին նրանց քնեցնում էի, որ գիշերը ժամը 1-ին, 2-ին, երբ Կարոն գար, արթնացնեի… Իսկ առավոտյան, երբ նրան դարձյալ աշխատանքի էինք ճանապարհում, մեր փոքրիկ դուստրը՝ Քրիստինեն, հարցնում էր՝ պապա, դու այսօ՞ր էլ ես վաղը գալու… Նրա կապվածությունը հոր հետ հիվանդագին էր, մենք որդի չունեինք, և Կարոն նրան որդու տեղ էր սիրում, երբ տեղ էր գնում, Քրիստինեին իր հետ տանում էր… և ժամեր անց տղայի խաղալիքներ առած՝ երջանիկ, ինքնագոհ գալիս էին տուն…

Տիկին Արմինեն ժպտում է՝ կարծես վերապրելով անցած տարիների ջերմ, գունեղ հուշերը… ու նայում պատուհանից դուրս. մարտի վերջին ձյունն էր տեղում՝ առատ, սառը, ու թաց փողոցներին նստում:

-Այն օրն էլ սաստիկ ձյուն էր գալից, քամի էր, ցուրտ: Շատ ուշ եկավ հոսպիտալից: Ուրախացավ, որ քնած չէի, ու մենք երկար զրուցեցինք… Այսօր էլ բառ առ բառ հիշում եմ մեր խոսակցությունը: Նա հարցրեց՝ ինչ կանես, եթե ես չլինեմ: Չգիտեի՝ ինչ պատասխանեմ, չէի հասկանում՝ ինչու է հարցնում… Ապա շարունակեց՝ ես չգիտեմ՝ ինչ կլինի, բայց ես հանգիստ կթողնեմ աղջիկներին քեզ հետ, որովհետև դու միշտ մենակ ես եղել ու գիտես՝ ինչ է նրանց պետք, դու ամեն ինչ կանես, ես գիտեմ… Կարոն երբեք չէր խոսում իր զգացմունքների մասին, բայց ես զգում էի, որ նա գնահատում է իմ նվիրումը երեխաների, իր հանդեպ, իմ լռությունը իր բացակայությունների հարցում… իսկ այսօր խոստովանում է, բայց ես ոչինչ պատասխանել չեմ կարողանում…

Առավոտյան հագավ զինվորական համազգեստը, հրաժեշտ տվեց բոլորիս ու դուրս եկավ տանից: Երբ մի քանի աստիճան իջավ, շրջվեց, նայեց ինձ, համազգեստի տաք գլխարկով ծածկեց գլուխը ու ասաց՝ չվախենաս, եթե ես չլինեմ…

Դրսում քամին ոռնում էր, բուք էր, անտանելի ցուրտ, ու եթե այդպիսի եղանակ էր Երևանում, պատկերացնո՞ւմ եք՝ Վայքում ինչ է կատարվել… Մինչև թռիչքը զանգեց… Իսկ թռիչքը նրանց համար վերջինն էր լինելու… վերջին թռիչքը՝ դեպի անմահություն…

Այդ օրը ինձ ոչինչ չասացին, բայց տարօրինակ, անբացատրելի իրադարձություններ հաջորդում էին իրար… Կարոյի մտերիմ ընկերները գալիս էին, գնում, և ոչ մեկը չէր կարողանում ասել ճշմարտությունը… Հարությունը ասաց, որ միացնեմ հեռուստացույցը, զարմացա, բայց միացրի: Լուրերի թողարկումն էր, ցույց էին տալիս նրանց նկարները…ես չէի լսում…. ես համոզված էի, որ Կարոյին ոչինչ չի եղել, որ նա տուն է վերադառնալու… Անբացատրելի հավատ ունեի, որ դժբախտությունը շրջանցելու է ինձ… բայց… այլ էր իրականությունը…

Եվ ես խոստացա չհանձնվել, խոստացա նրան, որ մեր աղջիկները օրինակ պիտի լինեն հասակակիցների համար իրենց մարդկային արժանիքներով, առաքինություններով…Դա էր իմ հարգանքի տուրքը Կարոյին, հանուն ինչի ես շարունակեցի ապրել…

Արմինե Ամյանը շարունակում է հետբուհական կրթությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բժշկակենսաբանական միջազգային ուսումնական կենտրոնում և երեք տարի այնտեղ սովորելով՝ ավարտում է ասպիրանտուրան, ապա նշանակվում նույն ուսումնական կենտրոնում որպես գիտքարտուղար: Աշխատանքին զուգահեռ 2006 թ. պաշտպանում է թեկնածուական թեզը՝ ստանալով կենսաբանական գիտությունների թեկնածուի կոչում: 2007-ին տեղափոխվում է Ագրոբիոտեխնոլոգիայի գիտական կենտրոն և աշխատում որպես ավագ գիտաշխատող: 2008 թվականից աշխատում է ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության ՀՀ և արտասահմանյան երկրների ուսումնական հաստատություններում կադրերի պատրաստման բաժնում:

-Երբ վթարը եղավ, Արևիկը ինը տարեկան էր, նա ամեն ինչ հասկացավ և լուռ ու մունջ փակվեց իր ներսում՝ նոր բացվող ծաղկի նման, իսկ Քրիստինեն չորս տարեկան էր, ամբողջ օրը լալիս էր ու պահանջում, որ հորը կանչենք… Նրանք այսօր էլ շատ տարբեր են. Արևիկը հարեհաս բնավորություն ունի, բայց արթուն բանականությամբ է օժտված: Քրիստինեն քայլող զգացմունք է՝ հոր նման, բոլորին անմիջապես հավատում է ու նվիրվում:

Երբ 2004 թ. հայրս հանկարծամահ եղավ, մայրս Մոսկվայից տեղափոխվեց Երևան, և մենք միասին ենք ապրում մինչև այսօր, միասին հաղթահարում ենք բոլոր դժվարությունները, միասին ուրախանում մեր հաջողություններով: Աղջիկներս ուսման մեջ գերազանց առաջադիմություն ունեցան: Արևիկը հոգեբանությունն ընտրեց. նա ավարտել է Երևանի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը: Ներկայումս սովորում է ասպիրանտուրայում և արդեն ունի իր փոքրիկ ընտանիքը: Քրիստինեն ուսանող է, սովորում է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետում, հրաշալի նկարում է և համարձակ ծրագրեր ունի: Ես նայում եմ նրանց, և խիղճս հանգիստ է. ամեն ինչ արել եմ նրանց համար, և Կարոն գոհ կլիներ, եթե տեսներ նրանց…

Ձայնը դողաց, շրջվեց դեպի պատուհանը և րոպեներ անց շարունակեց.

-Վերջերս Քրիստինեն առողջական թեթև խնդիր ուներ, և ես նրան հոսպիտալ տարա: Ընդունարանում բուժքույրը բացեց անձնագիրը, կարդաց՝ Հեբոյան Քրիստինե Կարոյի… Չեմ կարող բացատրել՝ ինչ կատարվեց նրա հետ… ինչ կատարվեց հետո… Մեզ շրջապատեցին Կարոյի ընկերները, իսկ ես արցունքներից շաղված աչքերով նայում էի նրանց ու կարծես Կարոյին էի փնտրում նրանց մեջ…

Երբ դուրս եկանք հոսպիտալից, Քրիստինեն ազատություն տվեց արցունքներին…

Էդիտա Մելքոնյան